Home / Բանակ / Հակառակորդը նենգ է և դավադիր․ Գեներալը՝ գերեվարման մասին (լրացված)

Հակառակորդը նենգ է և դավադիր․ Գեներալը՝ գերեվարման մասին (լրացված)

լրացում 16:34 – «Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային և իրենց ուժերի ետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։ Մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից մինչև ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, որ իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ ԶՈՒ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու»,- հայտարարել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը։ Ավելի վաղ նա նշել էր, որ «օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել սադրիչ, հարկադրական գործողություններ, իսկ մեր ԶՈՒ ստորաբաժանումները նույնպես, հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ»։

Եթե Ադրբեջանը Հայաստանի զինծառայողներին չվերադարձնի, «ապա մշակվում են համապատասխան պլաններ», մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Գիշերային իրավիճակը հատկապես իր լարվածության գագաթնակետին է հասել ժամը 5-ի դրությամբ։ Ինչու՞։ Որովհետև մենք, դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանացած, մխրճված ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5 կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար։ Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը իր թևահար դիրքով կարող է կասեցնել հակառակորդի գործողությունները։ Նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքներով հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր գործողությունը իրականացնող խումբը։ Ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի», – նշել է պաշտոնյան և հավելել։․

«Ինչու՞ մեր զինծառայողները զենք չեն կիրառել։ 16 օր հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմակաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, առանց ուժի կիրառման։ Երեկ մոտենալով մեր զինծառայողներին՝ (4 հոգի կատարում էին համապատասխան աշխատանքներ), զենք ուղղելով մեր զինծառայողների վրա հրամայել են հանձնվել, և մեր երկու զինծառայողները, որոնք գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին, բայց փաստորեն հակառակորդը, լինելով նենգ, դավադիր, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը, զինաթափել և գերեվարել են մեր 6 զինծառայողներին․․․Արդեն իսկ մեր սկզբի ժամկետը հատել է, մենք սկզբնական ժամանակահատվածում տվել էինք մեկ ժամ։ Մեկ ժամն անցնելուց անմիջապես հետո մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իրենք անցկացնում են խորհրդակցություն և քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր զինծառայողների վերադարձի պայմանը չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք ես այստեղ ներկայացնել չեմ կարող»։

Հիշեցնենք՝  այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, պնդելով, որ նրանք առանց սահմանը հատելու կատարում էին ինժեներական աշխատանանքեր։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։