Home / Հայաստան / Դանակահարությունը քննվում է, ճամփեքը՝ սարքվում. Երևանը վերահաստատում է խաղաղության օրակարգը

Դանակահարությունը քննվում է, ճամփեքը՝ սարքվում. Երևանը վերահաստատում է խաղաղության օրակարգը

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական կողմից փակված՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածներին, առաջարկել «համատեղ քննել» ադրբեջանցի սահմանապահի դանակահարության ենթադրյալ դեպքը և խոստացել արագացնել այլընտրանքնային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները․ կառավարությունը 7․6 միլիարդ դրամ է հատկացրել՝ միջպետական ուղիների հիմնանորոգման համար․․․

«Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի», – հայտարարել է Փաշինյանը՝ շեշտելով՝ քաղաքական առումով իր համար միանշանակ է, որ «այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար»։

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածներին ստեղծված իրադրությունը նախորդ օրը նույն հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանք է․ ըստ Բաքվի, օգոստոսի 25-ին երկու հայ զինծառայողներ հարձակվել են ադրբեջանցի սահմանապահի վրա և դանակահարել նրան։

«Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ։ ․․․Եթե ադրբեջանական կողմը ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի։ Մենք պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ», – հայտարարել է Փաշինյանը։

Նշենք, որ քիչ առաջ Հայաստանի ԱԱԾ-ն հաղորդել է, որ ադրբեջանական կողմը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ որոշակի տեղեկություններ է փոխանցել, որոնք հիման վրա ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն այժմ օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում։

Ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհներին՝ նման իրադրության ստեղծմանը, ըստ Փաշինյանի, անկանխատեսելի չէր․«Մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածնքերի ձևավորման ուղղությամբ և շարունակելու ենք աշխատել»։

Դիմելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին և տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին, Փաշինյանը նշել է՝ Գորիս-Կապան մայրուղու՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած հատվածներին այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհի, նաև՝ մինչհամայնքային և հանրապետական նշանակության մյուս նախանշված ճանապարհների հիմնանորոգմումը պետք է մինչև տարեվերջ ավարտվի։

Կառավարությունն այսօրվա նիստին 7․6 միլիարդ դրամ է հատկացվել՝ հայ-իրանական և հայ-վրացական միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար։ Հիմնանորոգման ենթակա ավտոճանապարհների երկարությունը 51.1 կմ է, որից 37,3 կմ-ն՝ միջպետական, 13,8 կմ-ն հանրապետական նշանակության։

Խոսքը
— Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ98+000-կմ101+400,
— Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ196+000-կմ202+200,
— Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ130+400-կմ135+200,
— Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ154+000-կմ176+900, Հ-45,
— /Մ-2/-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի կմ14+590-կմ25+900,
— Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 կմ68+300-կմ70+800 հատվածների մասին է։

Ելույթի վերջում Փաշինյանը հպանցիկ կեպով խոսել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։

«Վերադառնալով տարաշածրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», – հայտարարել է վարչապետը։

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը`Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, նշել էր, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր նաև, որ Թուրքիան՝ Երևանի և Բաքվի միջև խնդիրների վերացմանը զուգահեռ, պատրաստ է դիտարկել նաև Հայաստանի հետ սահմանը վերաբացելու հեռանկարը։