Աստվածաբան, շիա քարոզիչ, «Ադրբեջանի հոգևոր գործիչների» միության անդամ Սարդար Բաբաևին Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանք են առաջադրել․ Բաքվի դատարանը հաստատել է նրան 4 ամսով կալանավորելու միջնորդությունը։
Բաբաևը և նրա 4 համախոները ձերբակալվել են հոկտեմբերի 19-ին։ Ադրբեջանում նրանք պրոիրանական հոգևոր գործիչներ են համարվում։ 5-ն էլ շիա իսլամի դավանորդներ են, կրթություն են ստացել Ւրանի Իսլամական Հանրապետությունում։
Սարդար Բաբաևին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Ադրբեջանի ուժային գերատեսչություններն առ այսօր որևէ պարզբանում չեն հրապարակել։ Ինչի՞ վրա է հիմնվում նման ծանր մեղադրանքը՝ հայտնի չէ։
Հայտնի չէ նաև՝ ինչ է մեղսագրվուն նույն օրը ձերբակալված ևս 4 շիա հոգևորականներին։ Հաղորդվում է միայն, որ նրանց բնակարաններում իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նրանց պատկանող համակարգիչներն ու հեռախոսները։
Բաբաևի նկատմամբ առաջին քրեական գործը հարուցվել էր դեռ 2017 թվականին․ այն ժամանակ նա կալանավորվել և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ «կրոնական արարողության կարգը խախտելու» մեղադրանքով։ Տեղական իրավապաշտպաններ գործընթացն քաղաքական հետապնդում էին որակել։ Սարդար Բաբաևի անունն ընդգրկված էր ադրբեջանցի քաղբանտարկյալների ցանկում։
Բաքվի և Թեհրանի միջև վերջին լարվածության ֆոնին շաբաթներ առաջ Ադրբեջանի ՆԳՆ որոշմամբ փակվել է նաև մայրաքաղաքում շիա հոգևորականների կրոնական կենտրոնը համարվող Հուսեյնիա մզկիթը, նաև՝ այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն սա հիմնավորել էր համաճարակային իրավիճակի վատթարացմամբ: