Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, հաղորդում է Կրեմլը՝ շեշտելով՝ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։
«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար», – ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում։
Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։
Հիշեցնենք՝ դեռևս ամսվա սկզբին Վլադիմիր Պուտինի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում է նախապատրաստվում Մոսկվայում։ Ռուսական և հայկական մամուլը՝ հղվելով անանուն աղբյուրներին, գրում էր, թե հանդիպմանը երկու փաստաթուղթ է ստորագրվելու․ փաստաթղթերից մեկը վերաբերելու է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ինչի անհրաժեշտությունը ռուսական կողմը (վերջին շրջանում՝ նաև Հայաստանն ու Ադրբեջանը) շեշտում է սահմանային ամեն էսկալացիայից հետո, մյուսը՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։
Հայաստանի վարչապետը, սակայն, հայտարարել էր, թե եռակողմ հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Ավելի ուշ սեփական հայտարարությունները խմբագրել էր նաև Պուտինի խոսնակը, որը նոյեմբերի 18-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին մասշտաբային միջադեպից հետո, ակնարկել էր, թե ամսվա սկզբին նախատեսված հանդիպումը չէր կայացել կողմերից մեկի անհամաձայնության պատճառով։
Սահմանային վերջին միջադեպից հետո Հայաստանի վարչապետը տեղեկացրել էր, թե Ռուսաստանի ՊՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ հերթական առաջարկն է արել։
Սոչիում նախատեսված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևը ևս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։