«Մենք չե՛նք որոշել՝ պատերազմ լինի, թե չլինի։ Մենք չենք որոշել ոչ մի բան։ Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ՝ ո՛չ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ։ Որովհետև մենք երկիր ենք, ախոռ չենք՝ երկիր ենք, մենք քաղաքացի ենք՝ մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն՝ ոնց և ինչքան մեզ մորթեն, ոնց ու ինչքան ներեն», – արձագանքելով ապրիլի 13-ի իր ելույթին հաջորդած արձագանքներին, ասում է Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարանում ունեցած նրա եզրափակիչ խոսքի կրճատ սղագրությունը՝ ստորև․
— Մի քանի արձագանքների եմ ուզում անդրադառնալ երեկվա իմ ելույթից հետո։
Առաջինը պետք է անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև դա տվեց մի շատ ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան։
Երեկ այս դահլիճում ես ներկայացրեցի 1998-ից 2018 թվականներին տեղի ունեցող իրադարձությունների շղթան։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը այդ երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք, որ ինքը, նույնիսկ կարող եմ մեջբերել, «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել է, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»։ Կարծում եմ, որ այստեղ բանավեճն այդ թեմայով ավարտվում է։
Ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը։ Այս դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում՝ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի, ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու, այլ իշխանությունը զավթելու համար էր։
․․․20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ, և սա այսօր շատ կարևոր է արձանագրել։ Ամենևին պատահական չէ, որ 20 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը՝ վերադառնալով 18 թիվ, ասում է՝ ես այն ժամանակ, երկու անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար։ Հասկանո՞ւմ եք։
Նրանց համար ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն էր, ամեն ինչի։
[Տես՛ Հրայր Մանուկյանի
Քաղաքական համակարգ, որ տանում էր դեպի պատերազմ հոդվածը]
Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը։ Երբ որ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար։ Գնալու էր ընդուներ Ադրբեջանի անիրատեսական պահանջնե՞րը։ Նույն այս ամբիոնից ասել է, որ այլևս չենք կարող հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը․․․
․․․Երբ որ ես ասում եմ՝ այո, պատերազմը կարելի էր կանխել, ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած այդ անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում։ Ուշադիր նայեք իմ տեքստին՝ ինչի մասին է այն։
Վերադառնամ փուլային-փաթեթայինի տրամաբանությանը։ Ի՞նչ էր նշանակում փուլային տարբերակը դեռ 1997 թվականին։
[Փուլային-փաթեթային շփոթի մասին հանգամանորեն՝ Գայանե Այվազյանի հոդվածում]
Նախատեսվում էր, որ հարցը կբաժանվի մասերի՝ Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր և այլն։ Է 2018 թվականի փաթեթով էլ է այդպես, 2016-ի փաթեթով էլ․․․ Այնտեղ շատ հստակ գրված է՝ այ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում ենք, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ խաղաղության պայմանագրի մասով՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիմա կասեք՝ էս ինչ լավ բան է՝ «Լեռնային Ղարաբաղի» ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բայց ԼՂ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի էր առնվելու ԼՂ հայեր և ԼՂ ադրբեջանցիներ։ Եվ այդտեղ է, որ կարգավորման առաջարկով ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ և որևէ կարգավորում չէր լինելու՝ մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 96 թվականից սեղանի վրա էր։
Սերժ Սարգսյանը հանձնելու էր Շուշի՞ն։ Չէր հանձնելո՞ւ։ Պատերազմ էր սկսվելու։ Ու ոչ միայն Շուշին։ Եվ ոչ միայն Շուշիում։ Ղարաբաղի մի մասը հանձնելու էր՝ բացի տարածքներից [7 շրջաններից]․․․ այդ տարածքներից չեմ էլ խոսում։ Հեքիաթներ են պատմում, թե Լաչինի միջանցքը սենց պետք է լիներ, նենց պետք է լիներ։ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա։ Դա հետո պետք է քննարկվեր։ Ու էս փուլայինին հետո մի փուլ էլ է ավելացել։ Անվտանգության խորհրդի նիստո՛ւմ պետք է որոշվեր ԼՂ կարգավիճակը կամ ԼՂ ընթացիկ կարգավիճակը։
Պատերազմը ինչո՞ւ է տեղի ունեցել։ Մեզ այսօր ասում են՝ Ղարաբաղը հանձնում են, հանձնեցին, ուզում են հանձնել։ Եթե մենք Ղարաբաղն ուզենային հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, Ղարաբաղը դրանով հանձնած կլինեինք․․․
Մեզ ասում են՝ Շուշին հանձնել են։ Պատերազմը Շուշիի համար է եղել։ Ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը։ Կամ ասում են՝ կանխեիք պատերազմը։ Է մենք չէինք մտածո՞ւմ պատերազմը կանգնեցնելու, կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։
Հնարավոր չէր ուղղակի։ Ու ես մի քանի անգամ սա ասել եմ։ Ու մեր տղաները, որոնք ընկել են, փառք նրանց՝ կանգնել են այս իրավունքի համար, կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Որովհետև եթե այլ ճանապարհով գնային՝ Ղարաբաղը հանձնելու էինք։ Հերի՛ք է խաբենք իրար։ Հերիք է խաբենք․․․
Երեկվանից շատ է քննարկվում հարցը, թե՝ ի՞նչ ասեց, այդ ելույթն ի՞նչ էր նշանակում։ Ես էլ եմ մտածել։ Ու կներեք, որ ես ինքս իմ ելույթը պետք է գնահատեմ։ Բայց ես հստակ գնահատական ունեմ երեկվա իմ ելույթի վերաբերյալ։ Այո, այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի և Արցախի համար։ Նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի համար՝ պետականությունը պահպանելու։
Որովհետև էկզոտիկ մտքեր են հնչում, ոնց որ բան լինի․․․ որպես սպառնալիք է հնչում, թե եթե էս չլինի, էն չլինի, Ղարաբաղի ժողովրդին կհանենք Ղարաբաղից կամ դուրս կգա Ղարաբաղի ժողովուրդը։ Տպավորություն է, որ մարդիկ կան՝ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա Ղարաբաղից։ Ո՛չ։ Մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը դուրս չպիտի գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Մենք այդ տարածությունը բացել ենք և մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար։ Որովհետև էն 98-ից փաթեթա-փուլայինով մենք, հայությունն ընդհանրապես, զրկվել էինք տարածությունից։
Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք։
Ի վերջո՝ եկեք հասկանանք, թե այդ պատերազմը ինչո՞ւ է եղել։ Եվ ինչո՞ւ նախկինում չի եղել։ Մենք չե՛նք որոշել՝ պատերազմ լինի, թե չլինի։ Մենք չենք որոշել ոչ մի բան։ Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ՝ ո՛չ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ։ Որովհետև մենք երկիր ենք, ախոռ չեն՝ երկիր ենք, մենք քաղաքացի ենք՝ մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն՝ ոնց և ինչքան մեզ մորթեն, ոնց ու ինչքան մեզ ներեն։ Մենք պետություն ենք․․․ Մենք ունենք ինքնասիրություն և թույլ չենք տա մեր իրավունքը խլել մեզնից՝ մանիպուլացնելով, մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով․․․
Ես թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակում։ Այդքան ասում ենք՝ մեզ կոտորեցին, ցեղասպանության ենթարկեցին։ Լավ, չե՞նք հասկանալու դրա պատճառները։ Ինչքա՞ն կարելի է զոհվածների վրա խաղալ։ Ինչքա՞ն կարելի է խաղալ․․․
Մենք պետություն ենք, երկիր ենք, քաղաքացի ենք, հպարտ ժողովուրդ ենք, հազարամյա պատմություն ունենք, բայց այդ պատմությունը մե՛նք պետք է գրենք, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ գրեն այդ պատմությունը և մատուցեն մեզ։
Շատ ճիշտ գնահատական հնչեց՝ իսկ Ադրբեջանը ուզո՞ւմ է խաղաղությունը, Ադրբեջանի համար ինչքանո՞վ է ընդունելի այն, ինչ մենք ասում ենք։ Շատ ճիշտ մտահոգություններ է։ Բայց խոսքը ուրիշ բանի մասին է։ Երբ որ ես ասում եմ, որ մենք մեր առաջ տարածություն ենք բացել, ի՞նչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ՝ ի վերջո մենք պետք է օրակարգ բերենք հարցեր, պետք է լցնենք բովանդակությամբ տարածաշրջանային օրակարգը, հերի՛ք է մեզ անընդհատ մեզ օրակարգեր բերեն ու մատուցեն։
Ինչո՞ւ և ինչքա՞ն ենք մենք պահել հողեր։ Այնքան և որովհետև, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղե՛լ։ Ախր եկեք սա հասկանանք։ Լավ՝ ինչքա՞ն կարելի է։ Պիտի նայես, պիտի նայես ու էլի պիտի չտեսնես։ Այսքան նայել ենք, եկեք նաև տեսնենք։
Մենք հիմա չենք խոսում ուղղակի ինչ-որ ընթացիկի․․․ Մենք հիմա խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին։ ․․․
Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է։ Սա՛ ենք մենք ուզում։ Եվ այո՝ մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա, և այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք։ Այդ ագրեսիվությունը բազմաթիվ այլ տեղերում կա։
Ի՞նչ է պետք անել այդ ագրեսիվության հետ։ Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը։ Ուրիշ տարբերակ չկա՛։