Home / Եկեղեցի / Անհատների մակարդակում նկատվող Թուրքիայի հայերի անվիճելի լավատեսությունը

Անհատների մակարդակում նկատվող Թուրքիայի հայերի անվիճելի լավատեսությունը

Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո հուլիսի 11-ին Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հատկապես երկու երկների ղեկավարների միջև ուղիղ կապի «հաստատումը» ողջունել են Թուրքիայի հայ համանքի հասատությունները, հայկական հիմնադրամների միությունն ու Պոլսո Հայոց պատրիարքը։ «Ակօսի» գլխավոր խմբագիրը հույս է հայտնել, որ Անկարան կփարատի Երևանի մտավախությունները․․․

Անվիճելի լավատեսությունը համայնքն ամբողջովին կիսում է

Անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունը հայ համայնքն ամբողջովին կիսում է նաև վարչական և ինստուտուցիոնալ մակարդակում՝ հայտարարել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը․

«Մեր տասնյակ հնագույն հիմնադրամները, որոնք գործում են որպես Թուրքիայի Հանրապետության հաստատություններ, և նրանց կից մեր բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի կողմից ցուցադրվող օրինակելի առաջնորդությանը։ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձևավորել, իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձևավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը… Միջազգային ասպարեզում շատ կարևոր դերակատար Թուրքիայի՝ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»։

Թուրքիայի հայկական հիմնադրամների միության այս հայտարարությունը հրապարակվել է Anadolu պետական լրատվականի կայքում։ Հայտարարությունից բացի՝ Anadolu-ն հրապարակել է նաև միության ղեկավար Պետրոս Շիրինօղլուի մեկնաբանությունը։ Շիրինօղլուն թուրքական կառավարության համար «ընդունելի» հայ հասարակական գործիչներից մեկն է․ Էրդողանը նրա հետ երբեմն հանդիպումներ է ունենում․․․ Հայկական հիմնադրամների միությունը ղեկավարելուց բացի՝ Շիրինօղլուի նախագահում է նաև Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդը։

Տոնական նվեր մեր աշխարհի համար

Ավելի վաղ երկու երկների ղեկավարների միջև ուղիղ կապի հաստատումը ողջունել էր նաև Պոլսո Հայոց պատրիարքը։

«Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցը եղավ խաղաղության վերաբերյալ մեր հույսերը ծաղկեցնող տոնական նվեր մեր աշխարհի համար, որ վրդոված է պատերազմի լուրերով:

Աղոթող եմ, որ հաղթեն դիվանագիտական խաղաղարար միջոցները և ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը: Մաղթում եմ, որ այս հեռախոսազրույցը պատճառ դառնա, որպեսզի բարեկամական նոր էջ բացվի հազարամյա հայ-թուրքական հարաբերությունների մեջ», – թվիթերյան իր էջում գրել էր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Թուրքիան պետք է փարատի հայկական կողմի մտավախությունները

Երբ Թուրքիան կոշտ և շովինիստական ​​քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, ամենաշատ տուժում են հենց Թուրքիայի հայերն՝ «Էրմենիհաբերի» հետ զրույցում ասել է «Ակօս» թերքի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը։

Սա է պատճառը, որ Թուրքիայի հայ համայնքը մշտապես ողջունել է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը, որը կօգնի նվազեցնել լարվածությունը։

«Թուրքիան և Հայաստանը պետք է երկխոսության մեջ լինեն՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունեն։ Եվ ինչ խնդիրներ էլ ունենան, ցամաքային սահմանը պետք է բաց լինի, երկու երկրների միջև տնտեսական-առևտրային հարաբերությունները պետք է շարունակվեն:

Օրինակ՝ Թուրքիան և Հունաստանը նույնպես շատ հաճախ են խնդիրներ ունենում, բայց դիվանագիտական ​​շփումները երբեք չեն ընդհատվում, սահմանը երբեք չի փակվում։ Թուրքիա՛ն էր, որ փակեց Հայաստանի հետ սահմանը։ Իհարկե, մենք դա գիտենք։

Բայց ժամանակն է բացել սահմանը։ Ես նորմալ եմ համարում, որ այս գործընթացը դանդաղ է ընթանում: Հայկական կողմն ունի որոշակի մտավախություններ։ Թուրքիայի խնդիրն է փարատել այս մտավախությունները», – նշել է պոլսահայ լրագրողը։

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիան իր քայլերը համակարգում է Ադրբեջանի հետ։ Թուրք պաշտոնյաներն անընդհատ օրակարգում են պահում «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հայաստանին, իհարկե, անհանգստացնում է այս վերաբերմունքը։

«Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերություններն ամբողջությամբ կապել է Ադրբեջանի հետ։ Իրականում, ես դա այնքան էլ ճիշտ չեմ համարում: Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում գործընթացը մեծ հաշվով ավարտվեց Ադրբեջանի արգելափակման պատճառով․․․ Ոչ միայն կառավարությունը, այլեւ Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները Ադրբեջանին եղբայր երկիր են համարում․․․ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը բնութագրում է այս տրամաբանությունը։ Թուրքիայում ազգայնականությունը շատ ուժեղ է. Կառավարությունները (ով էլ լինի իշխանության ղեկին) չեն ցանկանում Հայաստանի նկատմամբ դրական քայլեր ձեռնարկել առանց Ադրբեջանի համաձայնության:

Իհարկե, կա նաև տնտեսական հարաբերությունների գործոնը Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Բնական գազի համաձայնագրերից բացի, 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիայի համար տնտեսական նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանում։ Փաստորեն, Թուրքիայի համար այս շարժառիթով է սկսվել կարգավորման գործընթացը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը ցանկանում է տնտեսապես կարևոր դերակատար լինել տարածաշրջանում։ Դրա համար որպես կարևոր նախապայման է ընկալում տրանսպորտային ուղիների բացումը։ Ռուսաստանը նույն կարծիքին է: Տրանսպորտային ուղիների բացումը կարևոր և օգտակար նշանակություն կունենա նաև Հայաստանի համար: Սակայն, ինչպես հենց նոր ասացի, Հայաստանի համար իրական մարտահրավերն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը այստեղ հանդես են գալիս որպես սերտ դաշնակիցներ: Իսկ Հայաստանն այս տարածաշրջանում այդքան սերտ դաշնակից չունի», – ամփոփել է Տանձիկյանը։