Home / Բանակ / Իրաքում ներխուժել են նախագահական նստավայր․ կան զոհեր

Իրաքում ներխուժել են նախագահական նստավայր․ կան զոհեր

Շիա իմամ Մուքթադա ալ-Սադրի կողմնակիցները ներխուժել են Իրաքի նախագահական նստավայր, կան զոհեր։ Իրանն այսօր փակել է Իրաքի հետ սահմանը և դադարեցրել չվերթները։ Քուվեյթը կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրաքից։

Միլիոնավոր հետևորդներ ունեցող շիա իմամ Մուքթադա ալ-Սադրը, ամենաճանաչված դեմքերից Իրաքի քաղաքական դաշտում, հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։ Դրանից հետո նրա հարյուրավոր հետևորդները ներխուժել են  նախագահական նստավայր ու Բաղդադի «Կանաչ գոտի», որտեղ տեղակայված են կառավարական շենքերն ու դիվանագիտական ներկայացուցչությունները։ 

Ուժայինները կրակել ու արցունքաբեր գազ են կիրառել, քաղաք են մտցվել կանոնավոր զորքեր և հայտարարվել է պարետային ժամ։ 

Բախումների արդյունքում զոհվել են առնվազն 25 հոգի, ևս 380-ը՝ վիրավորվել։ 

Թուրքական Անադոլու լրատվականի տվյալներով՝ Սադրի կողմնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը։ Երկու օր առաջ Սադրը կոչ էր արել բոլորին, ովքեր ներգրավված են Իրաքի քաղաքականության մեջ 2013 թվականից հետո, երբ ԱՄՆ-ն ներխուժեց երկիր, վայր դնել իրենց մանդատները, այդ թվում՝ Սադրի դաշինքը։ 

Իրաքի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուստաֆա ալ-Կազիմին արտակարգ հանդիպում է անկացրել Միացյալ օպերատիվ ռազմական հրամանատարության ներկայացուցիչների հետ և հրամայել հետաքննել ցուցարարների սպանությունները, քանի որ, ըստ նրա, «զինվորներին արգելվել է կրակել ցուցարարների վրա»։ 

Իրանն այսօր փակել է Իրաքի հետ սահմանը և դադարեցրել չվերթները։ Քուվեյթը կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրաքից։

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Բաղդադի փողոցներում Սադրիստները կրակել էին մեկ այլ շիական, բայց պրո-իրանական «Համակարգող կառույց» խմբավորման մասնակիցների վրա։ 

Իրաքում 10 ամիս առաջ խորհրդարանական ընտրություններ էին․ ձայների հարաբերական մեծամասնությամբ հաղթել էր «Սադրիստների շարժումը»՝ Մուքթադա ալ Սադրի գլխավորությամբ, պրո-իրանական կուսակցությունը պարտվել էր։ Սադրը, սակայն, չկարողացավ գալ իշխանության․ շիաների և քրդերի խմբավորումները համաձայնության չեկան։ Արդյունքում՝ մինչ օրս Իրաքում չկա լիարժեք կառավարություն։ 

Կռիվներ շիաների միջև

Մուքթադա ալ-Սադրի դաշինքը հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հավաքեց ձայների մեծամասնությունը, այնուամենայնիվ, դա չհերիքեց կառավարությունում մեծամասնություն դառնալու համար։ Սադրի կողմնակիցները չկարողացան կառավարություն ձևավորել՝ առանց Իրանի կողմից աջակցվող հակառակորդների՝ «Համակարգող կառույց» դաշինքի մասնակցության։

Սադրի դաշինքը հրաժարվեց բանակցություններ վարել իրանամետ մրցակցի հետ, ինչի արդյունքում երկիրը կանգնեց քաղաքական փակուղու առաջ։

Իրաքի մահմեդական բնակչության մեծամասնությունը բաժանված է երկու խմբի՝ շիաներ ու սուննիներ։ Սադդամ Հուսեյնի օրոք՝ շիաները ենթարկվում էին հալածանքների։ ԱՄՆ-ի Իրաք ներխուժումը փոխեց քաղաքական իրավիճակը։

Այժմ շիաները կռվում են միմյանց դեմ։ 

Չկարողանալով ձևավորել կառավարություն՝ Սադրի դաշինքի պատգամավորները լքեցին խորհրդարանը ու պահանջեցին ցրել այն։ 

Հուլիսի վերջին Սադրի կողմնակիցները ցույցեր էին անում «Համակարգող կառույցի» առաջարկած վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի նշանակման դեմ։ Նրանք ներխուժել էին խորհրդարանի շենք, դիմացը ճամբար կառուցել ու նստացույց կազմակերպել։ 

Ո՞վ է Մուքթադա ալ-Սադրը

Իր հրաժարականի մասին հայտարարությունը Սադրը հրապարակել է Թվիթերում, որում մասնավորապես ասվում է, – «Ես որոշել եմ չխառնվել քաղաքական գործերի մեջ, իսկ հիմա հայտարարում եմ վերջնական թոշակի անցնելու ու բոլոր [սադրիստական] հաստատությունների փակվելու մասին»։ 

48-ամյա Սադրը վերջին երկու տասնամյակների ընթացքում գերիշխող դեմք է եղել Իրաքի հասարակական և քաղաքական կյանքում: 2003 թվականին՝ Սադդամ Հուսեյնի իշխանությունից հեռացումից հետո, Սադրը հայտնի դարձավ իր հակաամերիկյան քարոզներով ու հարցազրույցներով։

Նրա «Մահդի» աշխարհազորը ամենաուժեղներից էր ԱՄՆ-ի կառավարական զորքերի դեմ պայքարում։

2004 թվականին հրամայվեց ձերբակալել Սադրին՝ քաղաքական մրցակցի սպանության համար։

«Մահդիի բանակի» մարտիկները մեղադրվում էին 2006-2007 թվականների համայնքային ջարդերի ժամանակ հարյուրավոր սուննիների առևանգման, խոշտանգումների և սպանության մեջ: Ինքը՝ Սադրը, այդ ժամանակ թաքնվում էր Իրանում։

2008 թվականին «Մահդիի բանակը» կռվել է նաև Իրաքի այն ժամանակվա վարչպետ Նուր ալ Մալիքի կանոնավոր բանակի դեմ։ Զինյալները մեծ մասը ձերբակալվեց, ինչից հետո Սադրի կազմակերպությունը ցրվեց և զորքերը զինաթափվեցին։ 

Ավելի ուշ Սադրը հաշտության պայմանագիր կնքեց վարչապետի հետ և 2010 թվականին օգնեց նրան վերընտրվել, իսկ Սադրի դաշինքը մի քանի մանդատ ստացավ նոր կառավարությունում։ 

Սադրը վերանվանեց իր բանակը «Խաղաղության բրիգադներ»․ այժմ այն Իրաքի զինված ուժերի ամենախոշոր զորամիավորումներից մեկն է։

Չնայած, որ «Մեհդիի բանակը» այն ժամանակ կապեր ուներ Իրանի հետ, այժմ Մուքթադա ալ-Սադրը ներկայանում է որպես ազգայնական, ով ցանկանում է վերջ դնել ԱՄՆ-ի ու Իրանի ազդեցությանը Իրաքի ներքին գործերում։