Home / Հայաստան / Ռուսաստանյան թոփ-մենեջերների կասկածելի մահերը շարունակվում են

Ռուսաստանյան թոփ-մենեջերների կասկածելի մահերը շարունակվում են

Մոսկվայում հայտնաբերվել է ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովի դին։ Շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Վերջին 5 ամիսների ընթացքում հաղորդվել է ռուսական խոշոր նավթագազային ընկերությունների թոփ-մենեջերների մահվան առնվազն 5 դեպքի մասին․ 4-ը ներկայացվում են որպես ինքնասպանություն, մեկը՝ որպես «շամանական ծեսի» հետևանք։

«Ռավիլ Մագանովն ընկել է [Մոսկվայի] Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից, մահը վրա է հասել ստացած վնասվածքների հետևանքով», – առավոտյան հաղորդել է Ինտերֆաքսի աղբյուրը։

Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով, 67-ամյա Մագանովը ստացիոնար բուժում էր ստանում վեցերորդ հարկի բաժանմունքներից մեկում։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, ավելի վաղ նրա մոտ նաև դեպրեսիա էր ախտորոշվել:

«Կոմերսանտի» հետ զրույցում Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ դիտարկում են ինքնասպանության վարկածը։ Նախաքննություն է ընթանում, քրեական գործի հարուցման մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել։

«Լուկօյլի» տարածած հայտարարությունում նշվում է, որ Ռավիլ Մագանովը հեռացել է կյանքից «ծանր հիվանդությունից հետո»։

1993 թվականից ի վեր Մագանովն աշխատում էր «Լուկօյլում»։ 1994-ից զբաղեցնում էր ընկերության առաջին փոխտնօրենի պաշտոնը։ 2020-ին դարձավ «Լուկօյլի» տնօրենների խորհրդի նախագահ։ Նրա եղբայրը՝ Նաիլ Մագանովը, «Տատնեֆտ»-ի գլխավոր տնօրենն է։

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո «Լուկօյլը»՝ մի շարք այլ ռուսական նավթագազային ընկերությունների հետ միասին, հայտնվեց Բրիտանիայի պատժամիջոցների ներքո։ Ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովը հեռացավ «Լուկօյլ»-ից՝ թողնելով իր բոլոր պաշտոնները։ Պաշտոնը լքեց նաև փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը՝ ընկերության առանցքային դեմքերից մեկը։

Մարտի սկզբին «Լուկօյլի» տնօրենների խորհուրդը հայտարարություն տարածեծ, որով կոչ էր անում դադարեցնել Ուկարիանում ընթացող զինված հակամարտությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ընկերությունը «իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում շարունակվող ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և ցավակցում է բոլոր նրանց, ում առնչվել է այդ ողբերգությունը»։

Ընտանեկան սպանություններ, ինքնասպանություններ, շամանական ծեսեր

Հուլիսին Լենինգրադի մարզի էլիտար քոթեջային ավաններից մեկում հայտնաբերել էին «Գազպրոմի» կապալառու «Աստրա-Շիպինգ» ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Վորոնովի դին։ Ռուսական մամուլը գրում էր, որ նա ինքնասպան է եղել։

Մայիսին հաղորդվել էր «Լուկօյլի» նախկին թոփ-մենեջեր Ալեքսանդր Սուբոտինի մահվան մասին։ Լրատվամիջոցները գրում էին, թե մահվանից առաջ նա «շամանական ծես էր անցում» Միտիշյաներում։

Ապրիլին Իսպանիայում հայտնաբերվել էին ռուսական «Նովատեկ» գազային ընկերության նախկին թոփ-մենեջեր, մեծահարուստ Սերգեյ Պրոտոսենյայի, նրա կնոջ և 18-ամյա դստեր դիերը։ Ըստ ամենաշրջանառվող վարկածի, թոփ-մենեջերը սպանել է կնոջն ու դստերը, ինչից հետո անձնասպան է եղել։

Դրանից մի քանի օր առաջ էլ Մոսկվայում գտել էին «Գազպրոմբանկի» նախկին փոխտնօրեն Վլադիսլավ Ավաևի, նրա հղի կնոջ և 13-ամյա դստեր մարմինները։ Շրջանառվող վարկածը նույնն էր՝ տղամարդը սպանել է ընտանիքի անդամներին և ինքնասպան եղել։