Վլադիմիր Պուտինը ռազմական դրություն է հայտարարել Ուկրաինայի՝ վերջերս Ռուսաստանին բռնակցված շրջաններում, և հատուկ դրություններ՝ Ռուսաստանի հատկապես սահմանամերձ մարզերում։
Ուկրաինական բանակի հակահարձակումը շարունակվում է, այժմ՝ արդեն նաև Խերսոնում։ Խերսոնի օկուպացիոն (ռուսական) վարչակազմը էվակուացվում է Դնեպրի ձախ ափ՝ տարհանելով իր հետ նաև բնակչությանը։ Խոսվում է ռուսական զորքերի շրջափակման վտանգի մասին։
Ուկրաինայում ռուսական զորքերի նորանշանակ հրամանատարն ավելի վաղ հայտարարել էր, որ Խերսոնի հարցում չեն բացառվում «բարդ որոշումները»․ ոմանք սա մեկնաբանում են որպես Խերսոնից և առհասարակ՝ Դնեպրի աջ ափից նահանջի նախապատրաստություն, ոմանք՝ որպես աջ ափը մինչև վերջ պահելու հանձնառություն։
Ռազմական դրություն և «այլ միջոցներ»
Ռուսաստանին բռնակցված Ուկրաինայի 4 շրջաններում «ռազմական դրություն» է հայտարարվում, նախօրեին տեղեկացրել է Վլադիմիր Պուտինը։ Որոշումը միաձայն հաստատվել է ռուսական Անվտանգության խորհուրդի կողմից։
«Ռազմական դրությունը» գործելու է մասամբ օկուպացված և հոկտեմբերին Ռուսաստանին բռնակցված Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում։ Վլադիմիր Պուտինի տրամաբանությամբ՝ ռազմական դրությունն այստեղ գործում էր նաև պատերազմի նախորդ 8 ամիսների ընթացքում, անեքսիայից հետո այն զուտ վերահաստատվում է՝ համաձայն արդեն ռուսական օրենսդրության։
Նախագահի հրամանագիրը, սակայն, միայն Ուկրաինայի բռնակցված շրջաններին չի վերաբերում։ Ռուսաստանի բոլոր ռեգիոնների ղեկավարները այսուհետ հավելյալ լիազորություններ են ստանում․ ռազմական դրության մասին հրամանագրի երրորդ կետում նշվում է, որ «անհրաժեշտության դեպքում» Ռուսաստանում «կարող են կիրառվել «Ռազմական դրության մասին» օրենքով սահմանված այլ միջոցներ»։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը՝ այդքան էլ պարզ չէ։
Պուտինի ևս մեկ հրամանագրով 2014-ին բռնակցված Ղրիմում, Կրասնոդարի ողջ երկրամասում, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի և Ռոստովի մարզերում հայտարարվում է «արձագանքման միջին աստիճան», որը տեղական իշխանություններին թույլ է տալիս «տնտեսական մոբիլիզացիոն», «տարածքային պաշտպանության» և մի շարք այլ «միջոցառումներ» իրականացնել։ Հարավային և Կենտրոնական դաշնային օկրուգների մյուս շրջաններում (Մոսկվան ներառյալ) «բարձր պատրաստության աստիճան» է հայտարարվել, որը նախատեսում է «տարածքային պաշտպանության միջոցառումներ», հատուկ ռեժիմ՝ տրասպորտի, կապի, էներգետիկայի օբյեկտների համար, և «հասարակական կարգի պաշտպանության» խստացում։
(Միջպետական) սահմանները փակելու պլաններ չկան՝ РИА Новости-ին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նման հեռանկարի մասին տեղյակ չէ նաև Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Եվգենի Իվանովը։ Միևնույն ժամանակ՝ գուբերնատորները այսուհետ կարող են սահմանափակել տրանսպորտային միջոցների ներքին տեղաշարժը, հավելյալ ստուգումներ իրականացնել, անհրաժեշտության դեպքում՝ մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանել կամ տարհանման որոշում կայացնել։ Սա հատկապես վերաբերելի է այն շրջաններին, որոնցում «արձագանքման միջին աստիճան» է հայտարարվել։
Չինովնիկները լքում են Խերսոնը
Պուտինի ելույթից մի քանի ժամ առաջ Խերսոնի օկուպացիոն (ռուսական) վարչակազմը հայտարարել է չինովնիկների և բնակչության տարհանման մասին։ Ուկրաինական բանակի հակահարձակումը շարունակվում է․ պատերազմի 238-րդ օրը արյունալի ճակատամարտ է սկսվել արդեն նաև Խերսոնում։
«Մոտավորապես, մենք հաշվել ենք, 50-60 հազար [մարդու] նախատեսում ենք տեղափոխել ձախ ափ, ցանկացողները հետագայում կարող են գնալ Ռուսաստանի այլ ռեգիոններ», – հայտարարել է Խերսոնի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։
Տեղահանվածները կտեղավորվեն ժամանակավոր ճամբարներում։ Քաղաքացիական բնակչության մուտքը Խերսոն՝ Դնեպրի աջ ափ, կարգելվի։
BBC-ի տվյալներով, դեռևս հոկտեմբերի սկզբին ուկրաինական ստորաբաժանումները ճեղքել են Դնեպրի աջ ափի՝ ռուսական բնագիծը, և առաջ են շարժվում դեպի Բերիսլավ և Կախովսկի ՀԷԿ։ Ռուսական զորքերի շրջափակման վտանգը դարձել է ռեալ։
Խերսոնի շրջանի բնակիչներին տեղական նոր իշխանությունները խորհուրդ էին տալիս լքել տարածքը դեռևս հոկտեմբերի 13-ին։ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը նրանց խոստանում էր ապահովել բնակարանով և այլն։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում խորհուրդները վերաճել են ակտիվ գործողությունների։
Չորեքշաբթի առավոտից բնակիչներին շտապ էվակուացման մասին սմս-ներ են ուղարկում, իրազեկում են նաև տնետուն գնալով։ Օկուպացիոն վարչակազմը խոստանում է բնակիչներին տեղափոխել լաստանավերով և նավակներով, թույլատրվել է վերցնել առավելագույնը 50 կգ բեռ։
«Агентство» գործակալության փոխանցմամբ, Խերսոնը լքելն, այնուամենայնիվ, այդքան էլ հեշտ չէ․ լաստանավերի մոտ հսկայական հերթեր են գոյացել, կամուրջները ռմբակոծված են, վճարովի տեղափոխումները չեն գործում։
Ուկրաինայի զինուժը Խերսոնը ռմբակոծելու մտադրություն չունի՝ օկուպացիոն վարչակազմի հայտարարությունները մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը․ «Քաղաքների վրա հարձակվում են միայն ռուսաստանցի զինվորականները»։
https://twitter.com/BBCWillVernon/status/1582662427694567424
«Բարդ լուծումներ»
Տարհանման նախաշեմին Խերսոնում իրադրության մասին խոսել է նաև Ուկրաինայում ռուսական զորքերի նորանշանակ հրամանատար Սերգեյ Սուրովիկինը («Գեներալ Արմագեդոն»)։
Խերսոնի բնակիչների համար բարդ իրադրություն է ստեղծվել, Անտոնովսկի կամուրջը և Կախովսկի ՀէԿ-ի ամբարտակը խոցվել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, կամրջով երթևեկությունը դադարեցվել է, սննդի մատակարարումները խիստ բարդացվել են, խնդիրներ կան նաև ջրի և էլեկտրաէներգիայի հետ՝ հայտարարել է Սուրովիկինը։
«Ամեն դեպքում, մենք ելնելու ենք խաղաղ բնակիչների և մեր զինծառայողների կյանքերը պահպանելու անհրաժեշտությունից։ Գործելու ենք գիտակից, հարմարադեպ, չբացառելով նաև բարդ լուծումները», – ասել է գեներալը։
Ուկրաինական հակահարձակման ֆոնին ռուսական կողմը շարունակում է Ուկրաինայի խոշոր քաղաքների հոծախումբ հրթիռակոծությունները․ թիրախում հատկապես էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներն են։