Նոյեմբերի 1-ին Իսրայելում Քնեսեթի (խորհրդարանի) արտահերթ ընտրություններ էին՝ վերջին երեք ու կես տարում արդեն հինգերորդ անգամ։ Իշխանության վերադարձավ աջական «Լիկուդ» կուսակցությունը՝ 73-ամյա Բենյամին «Բիբի» Նեթանյահուի ղեկավարությամբ։ Կոռուպցիայի մեղադրանքով հետաքննության մեջ գտնվող Իսրայելի նախկին վարչապետ Նեթանյահուն՝ հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ ունեցած համակրանքով։
Նեթանյահուի բազմաթիվ հակառակորդներ մեղադրում են նրան ավտորիտարիզմի և պետությունը հավերժ աջական ու կրոնական դարձնելու անթաքույց ցանկության մեջ: Որքանո՞վ կփոխեն այս ընտրությունները Իսրայելի արտաքին և ներքին քաղաքականությունը:
Իսրայելում նախընտրական քարոզարշավը ուղեկցվում էր ծանր տնտեսական ճգնաժամով, կոռուպցիոն սկանդալներով, նոր հակամարտություններով՝ պաղեստինյան տարածքներում, դիսկուրսներով՝ կրոնի և իշխանության հարաբերությունների մասին և, իհարկե, փոփոխություններով՝ ամբողջ համաշխարհային քաղաքականության մեջ՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, որում Ռուսաստանին ակտիվորեն օգնում է Իրանը՝ Իսրայելի գլխավոր թշնամին։
Իսրայելում ընտրական պատնեշը շատ ցածր է՝ 3,25% ձայն, այսինքն՝ 4 մանդատ 120 տեղանոց Քնեսեթում։ Այդ իսկ պատճառով՝ Իսրայելի խորհրդարանում մշտապես ներկայացված է եղել առնվազն 10 կուսակցություն։ Երկար տարիներ ընտրություններում ոչ մի կուսակցություն չէր կարողանում ստանալ ավելի քան 60 մանդատ՝ մեծամասնություն Քնեսեթում, և դրա պատճառով կառավարությունները կազմավորվում էին կոալիցիաների հիման վրա։
Բայց այժմ, Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, վերջին տվյալներով, ստացել է առնվազն 65 մանդատ։ Նեթանյահուն վերադառնում է Իսրայելի կառավարության ղեկավարի աթոռին, չնայած որ կոռուպցիայի գործով մեղադրյալի կարգավիճակում է։ Նա մինչ այս ղեկավարել է Իսրայելի կառավարությունը երկու ժամկետ՝ 1996-ից 1999 թվականներին և 2009-ից 2021 թվականներին՝ այդպիսով զբաղեցնելով այդ պաշտոնը երկրի պատմության մեջ ամենաերկարը՝ 15 տարի 3 ամիս։
Նեթանյահուն հայտնի է նաև նրանով, որ իր երկրորդ վարչապետության ժամանակ գրեթե 20 անգամ մեկնել է Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ, ըստ նրա, «գերազանց աշխատանքային հարաբերություններ» է ունեցել, և նույնիսկ գնացել է «Անմահ գնդի» երթերին։
Վլադիմիր Պուտինն ու Բենյամին Նեթանյահուն «Անմահ գնդի» երթին. Մոսկվա, 9 մայիսի, 2018թ
Իսրայելում ևս մեկ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ հունիսին՝ ութ տարբեր կուսակցություններից կազմված նախկին իշխող կոալիցիայի (որի մեջ ներառված են ուլտրաաջերը և ուլտրաձախերը, կենտրոնամետները, կրոնական կուսակցությունները և արաբական միավորումները) փլուզման պատճառով, որոնք ժամանակին միավորվել էին՝ Նեթանյահուին հակադրվելու համար: Հունիսի 30-ին Քնեսեթը հայտարարեց ինքնալուծարման մասին։
Ինչպես գրում է BBC-ն՝ ներկայիս կառավարության ռուս-ուկրաինական պատերազմի հարցում չեզոքություն պահպանելու քաղաքականությունը, որը շատ իսրայելցիներ ողջամիտ են համարում հանուն անվտանգության և հնարավորության գործելու՝ առանց Կրեմլի «աչքի» Մերձավոր Արևելքի վրա, այժմ կորցրել է իր նշանակությունը… Վերջին շաբաթների ընթացքում շատ բան է փոխվել։ Իրանը, որին Իսրայելը համարում է իր գլխավոր սպառնալիքը, դարձել է Ռուսաստանի ռազմական մատակարարը, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը մեկնել է Սիրիա՝ բանակցելու Բաշար ալ-Ասադի հետ, որի հետևում նույնպես կանգնած են Մոսկվան և Թեհրանը։
Ինչ է այժմ սպասվում Իսրայելում և ինչ պետք է սպասի ամբողջ աշխարհը Իսրայելի նոր կառավարությունից՝ «Радио Свобода»-ի հետ հարցազրույցում քննարկում է իսրայելցի քաղաքագետ ու լրագրող, «Детали» հրատարակության գլխավոր խմբագիր Էմիլ Շլեյմովիչը։
Է․ Շ․ — «Լիկուդը» և Նեթանյահուի ամբողջ դաշինքն արդեն ստացել են 65 մանդատ։ Այսինքն՝ նախկին անկայուն դիմակայությունը՝ 61 մանդատը մրցակիցների 58-ի դիմաց, այլևս չկա։ «Լիկուդը» հաղթում է նաև այն պատճառով, որ իր հակառակորդների ձախ-լիբերալ դաշինքից՝ «Եշ Աթիդ» կուսակցության գլխավորությամբ, շատ հին մի կուսակցություն, որը կոչվում է «ՄԵՐԵՑ», չի անցել ընտրական պատնեշը: Սա բացահայտ ձախական կուսակցություն է, որը փոխկապակացված է արաբական քաղաքական ուժերի հետ, սատարում է նրանց «տարածքների օկուպացիայի դեմ պայքարը» և այլն։ Նա չմտավ Քնեսեթ, և դա մեծապես թուլացրեց ձախ ճամբարը:
Իսկ Նեթանյահուի ղեկավարությամբ աջական կրոնական դաշինքը շատ մոնոլիտ է, այն ներառում է կրոնական սիոնիստներ, ինչպես նաև՝ տարբեր կրոնական ուլտրաուղղափառներ երկու կուսակցություններից, որոնցից մեկը ավելի շատ գրավում է սեֆարդ հրեաներին, իսկ մյուսը՝ աշքենազիներին: Սա նշանակում է, որ Բենյամին Նեթանյահուի համար բաց է կոալիցիա ստեղծելու, ընդ որում՝ կայուն, նոր կառավարություն ստեղծելու ճանապարհը, և միանգամայն հնարավոր է, որ մենք չորս տարով ազատվենք «հերթական արտահերթ» ընտրություններից։
<․․․>
Կրոնը շատ դեպքերում ընդդիմության համախմբման հիմք է դառնում։ Սա դեռևս չի վերաբերում Իսրայելին, բայց Մերձավոր Արևելքի ավտորիտար բռնապետություններում իշխանությունները շատ կոշտ միջոցներ են կիրառում դժգոհներին ճնշելու համար, և այդպիսով ընդդիմությունն այնտեղ լրացուցիչ ժողովրդականություն է ձեռք բերում։ Եվ ինչ-որ պահի այդ կաթսան պայթում է։ Իսրայելում դա տեղի չի ունենում, բայց, այնուամենայնիվ, մեր ուղղափառ ժողովուրդը դժգոհ է: Նրանց թվում է, որ Իսրայելը, որը հրեական և դեմոկրատական պետություն է, ավելի դեմոկրատական է, քան հրեական՝ համաձայն Հալախայի և Թորայի։ Եվ այս ճնշումը նրանց կողմից միշտ կա։
<․․․>
Անկասկած, Բենյամին Նեթանյահուն սկսել է վերածվել «իսրայելական Պուտինի» դեռևս նրա դեմ հետաքննություն սկսելուց առաջ, ինչն ի վերջո հանգեցրեց նրան, որ այժմ մեղադրանքները քննվում են դատարանում։ Իհարկե, նա անում է ամեն բան՝ իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար։ Եվ իհարկե, նա պատրաստ է վճարել, ասենք՝ պետական փողերով, որպեսզի իր համար այս գոյատևումն ապահովի ինչ-որ նոր կոալիցիայի ղեկավարի պաշտոնում։
<․․․>
Ընդհանրապես, «Պուտին դառնալու» նրա ցանկությունը դրսևորվում է ոչ միայն իր դատական գործերով։ Ընդհանուր առմամբ, այս ընտրությունների ամենավառ արդյունքներից մեկն այն է, որ Իսրայելում հաղթել են պոպուլիստները: Իսրայելը դարձել է այն երկրներից, որոնք ընկել են համաշխարհային տենդենցի տակ, երբ պոպուլիստական գաղափարախոսությունը գերակայում է ժողովրդավարական ինստիտուտներին։ Փիլիսոփա Յան-Վերներ Մյուլլերը ժամանակին ճշգրիտ սահմանել է պոպուլիզմի հիմնական հատկանիշներն ու սկզբունքները, որոնցից մեկն էլ «հակապլուրալիզմն» է։ Եվ դա լիովին համապատասխանում է Բենյամին Նեթանյահուի բոլոր գովազդային արշավներին, որոնք անցկացվում են «Կամ մենք, կամ նրանք» կարգախոսոի տակ։ Բոլոր նրանք, ովքեր «մենք» չեն, ընկալվում են որպես թշնամիներ, որոնց պետք է տրորել, որոնք վնասում են պետությանը։ Իսկ «պետությունը ես եմ՝ Բենյամին Նեթանյահուն»։
<․․․>
Радио Свобода․— Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կարելի է ակնկալել Նեթանյահուի գլխավորած գրասենյակից։ Թե՛ ռուս-ուկրաինական հակամարտության, թե՛ առանձին՝ Մոսկվայի, Թեհրանի, Դամասկոսի և մնացածի առնչությամբ։ Նա իր բոլոր ելույթներում միշտ ընդգծում էր արտաքին անվտանգության ապահովման կարևորությունը, բայց ի՞նչ կա այս ամենի հետևում։ Պուտինի հետ նրա ընկերության մասին մոռանալ հեշտ չէ։
Է․ Շ․ — <․․․> Կլինի այնպես, ինչպես ցանկանում է Պուտինը։ Եթե նա ուզում է հերթական անգամ «կոծկել» Նեթանյահուին, որպեսզի բոլորը տեսնեն, որ նա իր ենթականերից է, ապա Պուտինը դա կանի։ Ռուսական շահերը մոտ ապագայում, անկասկած, կդիտարկվեն Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ։ Սպասել, որ Իսրայելը կփոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների խստացման ուղղությամբ, առնվազն այս պահին, պետք չէ։
Միգուցե ԱՄՆ-ն, որը մինչ այժմ, որքան գիտեմ, ոչ մի ճնշում չի գործադրել Իսրայելի վրա՝ իր դիրքորոշումը փոխելու համար, երբ Նեթանյահուն գա իշխանության, կուժեղացնի իր ճնշումը։ Բայց դրա վրա էլ առանձնապես հույս չկա։ Նեթանյահուի մնացած արտաքին քաղաքականությունը, եթե հիշենք, միշտ հիմնված է եղել «ով ուժեղ է՝ ճիշտ է» սկզբունքի վրա։ Ուստի նրա «բարեկամական շփումների» թվում էր, օրինակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, չնայած նրա հակասեմական հռետորաբանությանը։ Ընդհանրապես, մեր արտաքին քաղաքականությունը այժմ առհասարակ առաջնահերթ թեմա չէ։ Առաջնահերթ թեման անվտանգային իրավիճակն է, որը վերջին շրջանում փաստացի շատ է վատթարացել՝ չնայած ահաբեկիչների դեմ իսրայելական բանակի ակտիվ գործողություններին։ Մենք ունենք ահաբեկչությունների հսկայական քանակ, դրանք գրեթե ամեն օր են տեղի ունենում։ Իսկ տնտեսական վիճակը գնալով վատանում է։ Այս բոլոր միտումները, որոնք, ինչպես միշտ, բոլոր պատմական ժամանակներում սնում են ֆաշիզմն ու պոպուլիզմը, կաճեն։ Բայց սա արտաքին քաղաքականություն չէ։ Արտաքին քաղաքականության մեջ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա է։