Home / Ոստիկանություն / 17 զոհ Պերուի հակակառավարական ցույցերում

17 զոհ Պերուի հակակառավարական ցույցերում

Պերուում շաբաթներ շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին՝ հունվարի 9-ին նոր սրացումներ են տեղի ունեցել։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով նույն օրը 17 մարդ է մահացել, ևս 68-ը վիրավոր են։ Զոհվածներից երկուսը դեռահասներ են եղել։

Ցուցարարները իշխանություններից պահանջում են, որ Բոլուարտեն հրաժարական տա, երկրի խորհրդարանը լուծարվի, արտահերթ ընտրություններ անցկացվեն և սահմանադրական փոփոխություններ կատարվեն։ Բացի այդ, ցուցարարները պահանջում են ազատ արձակել նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյին։ Բոլուարտեն ցուցարարների պահանջներից համաձայնվել է միայն արտահերթ ընտրություններ անցկացելու հետ․ դեկտեմբերից պաշտոնավարող նախագահը հայտարարել էր, որ ընտրությունները 2026-ի փոխարեն կանցկացվեն 2024-ի ապրիլին։

Ըստ ցուցարարների՝ ուժայինները կրակ են բացել նրանց վրա, իսկ ըստ ուժայինների՝ ցուցարարները կրակել են ձեռքով պատրաստած զենքերից։ Միաժամանակ Պերուի վարչապետը ցույցերը բնութագրել է որպես «կազմակերպված հարձակում ոստիկանների վրա»։ Ընդհանուր առմամբ՝ ցույցերի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 39 հոգի։

Ցուցարարների և ուժայինների միջև բախումները տեղի են ունեցել Պունո շրջանի (հակակառավարական ցույցերի ամենաթեժ վայրերից մեկը) Խուլիակա քաղաքում՝ այն բանից հետո, երբ հունվարի 9-ին գործող նախագահ Դինա Բոլուարտեն հայտարարել է, որ ցուցարարների պահանջները բավարարել չի կարող և կոչ է արել ցուցարարներին մտորել դրանց շուրջ։

Ըստ իշխանությունների, հազարավոր ցուցարարներ գրավել են Խուլիակայի օդանավակայանը՝ մոտակա ոստիկանական բաժանմունքի հետ միասին։ Շուրջ 28 վիրավոր ոստիկաններ չեն կարողանում դուրս գալ օդանավակայանից։

Դեկտեմբերին՝ Պերուի առաջին կին նախագահ Դինա Բոլուարտեի իշխանության գալուց ի վեր երկրում հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել։ 

Դեկտեմբերի 7-ին Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյին երրորդ իմպիչմեթից հետո 18 ամսով կալանավորել են։ Կաստիլյոն մեղադրվում է ապստամբություն սկսելու մեջ․ իմպիչմենթից առաջ նա փորձել էր լուծարել երկրի խորհրդարանը։ Կաստիլյոն հերքում է մեղադրանքները։

2021 թվականի Պերուի նախագահական ընտրություններին հաղթել է արմատական ձախ Պեդրո Կաստիլյոն՝ ձայների 51,2%-ով։ Դրանից հետո Պերուի խորհրդարանը, որի մեծամասնությունը աջականներ են, երկու անգամ փորձել է անվստահություն հայտնել Կաստիլյոյին, սակայն իմպիչմենթը հաջողվել է միայն երրորդ անգամ։