Հունվարի 15-ին Նեպալում ավիավթարի հետևանքով, նախնական տվյալներով, բոլոր ուղևորներն ու անձնակազմը մահացել են։ Վերջին 30 տարվա մեջ սա Նեպալի ամենախոշոր վթարն էր․ տեղի Yeti Airlines կազմակերպությանը պատկանող ինքնաթիռում գտնվում էր 72 մարդ, որոնցից 4-ը ինքնաթիռի անձնակազմն էին։ Փրկարարներին հաջողվել է գտնել նրանցից 68-ի մարմինները, ևս 4 հոգու դեռևս շարունակում են փնտրել։
Նեպալի վարչապետը այսօր համազգային սգի օր է հայտարարել։ Կառավարությունը դեպքի պատճառների հետաքննության համար կոմիտե է ստեղծել։
Նախնական տվյալներով՝ ուղևորներից 53-ը Նեպալի քաղաքացիներ էին, 5-ը՝ հնդիկներ, 4-ը՝ ռուսաստանցիներ և 2-ը՝ կորեացիներ։ Մյուս ուղևորները Իռլանդիայի, Ավստրալիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի քաղաքացիներ էին։
Ավիավթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Պաշտոնական տվյալներով ինքնաթիռը 27 րոպեանոց թռիչք էր կատարում երկրի տարածքում՝ մայրաքաղաք Կատմանդուից քաղաք Պոկհարա։
Yeti Airlines-ի ներկայացուցչի խոսքերով, օդանավակայանին մոտենալիս, վթարված ինքնաթիռի օդաչուն, որևէ դժվարությունների կամ տեխնիկական անսարքությունների մասին չի նշել, սակայն վայրէջքի թույլտություն է խնդրել ոչ այն հարթակում, որն իրեն էին հատկացրել։
Օդանավակայանի դիսպետչերը համաձայնեցրել է այս որոշումը և երկու հարթակներն էլ պատրաստի աշխատանքային վիճակում են գտնվել, ասել է ներկայացուցիչը։ Նրա տվյալներով վթարի ժամանակ եղանակային պայմանների հետ կապված խնդիր չի եղել․ տեսանելիությունը լավ է եղել և քամին թույլ է եղել։
Associated Press News գործակալության կողմից ստուգված տեսանյութերում երևում է՝ ինչպես է վայրէջքի հարթակին մոտենալիս ինքնաթիռը կտրուկ ձախ թեքվում և պայթում։
Ինքնաթիռն ընկել է Պոկհարայի նորակառույց օդանավակայանի մոտակայքում․ վերջինս սկսել է թռիչքներ ընդունել ընդամենը կես ամիս առաջ՝ հունվարի 1-ից։
«Օդաչուն ամեն ինչ արել է, [վայրէջքի ժամանակ] շենքերը չվնասելու համար։ Սետի գետ շուրջ մի փոքր ազատ տարածություն կա և ինքնաթիռը հենց այնտեղ է ընկել», – BBC-ի հետ զրույցում նշել է օդանավակայանի մոտ ապրող բնակիչներից մեկը։
Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ ուղևորներից կամ ինքնաթիռի անձնակազմից որևէ մեկին ողջ գտնելու շանսերը զրոյական են։ Փրկարարների աշխատանքներն այժմ ավելի շատ ուղղված են վթարի պատճառը հայտնաբերելուն։
Անցյալում Նեպալի իշխանություններն արդեն մեղադրվել են նոր ինքնաթիռներ գնելու համար անբավարար ներդրումների և ավիափոխադրումների արդյունաբերության վատ կարգավորման մեջ։ 2022 թվականի մայիսին երկրի հյուսիսում վթարվել էր Tara Air ավիակազմակերության ինքնաթիռը, զոհվել էր 22 մարդ։
Նեպալում նաև շատ են անհարմար տեղակայված թռիչք-վայրէջքի հարթակները, որոնք շրջապատված են ձնապատ լեռներով․ նման հարթակի վրա վայրէջք կատարելը դժվար է անգամ փարձառու օդաչուի համար։ Բացի այդ, լեռնային շրջաններում եղանակը կարող է կտրուկ փոխվել, ստեղծելով հավելյալ վտանգներ։