Home / Բնապահպանություն / Ամուլսարը ծախեցին․ թշնամուց 4 կիլոմետր հեռավորության վրա

Ամուլսարը ծախեցին․ թշնամուց 4 կիլոմետր հեռավորության վրա

«Սարսափելին էն ա, որ փաստաթուղթը ստորագրվում ա, բայց հանրությունը դրա մասին տեղյակ չի, վերջին րոպեին ա իմանում»:

«Լիդիան Արմենիա» հանքարդյունահանող ընկերության հետ այսօր 250 միլիոն դոլարանոց նոր փաթեթ է ստորագրվել, որով Հայաստանի կառավարության՝ ընկերության բաժնետոմսերի 12․5 տոկոսի դիմաց, թույլատրել է վերսկսել Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։ Հանքի շահագործումն արդեն ավելի քան 4 տարի է՝ փաստացի կասեցված է։ Աշխատանքները խափանվել են ազդակիր համայնքների բնակիչների և բնապահպանների երկարամյա դիմադրության շնորհիվ։ Այն մասին, որ կառավարությունը արտոնում է հանքի շահագործման աշխատանքը, հանրությունը իմացել է հանքարդյունահանող ընկերության հետ նոր պայմանագրի ստորագրումից հաշված ժամեր առաջ։

Մինչ Քերոբյանը «Լիդիանի» և ԵԶԲ-ի հետ նոր հուշագիր էր ստորագրում, Կառավարության դիմաց հավաքված մի քանի քաղաքացիները հիշեցնում էին՝ Ջերմուկի և հարակից այլ համայնքների բնակիչները տարիներով պայքարել են այս հանքի դեմ։ Դրա գործարկումը բնապահպանական և սոցիալական աղետի է հանգեցնելու․․․

Ավելի ուշ Կառավարությունից հաղորդեցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, Հայաստանի Կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը Ամուլսարի հանքը շահագործելու մասին հուշագիր են ստորագրել։

Հուշագրով կողմերը խոստացել են մոտ 250 միլիոն դոլարի (150 միլիոնը՝ պայմանագրի շրջանակներում, 100-ը՝ պայմանագրից դուրս) ներդրումներ ներգրավել, որոնք ծախսվելու են Ամուլսարի հանքավայրի վերագործարկման (այդ թվում՝ շինաշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու) վրա։

Ամրագրվել է, որ Հայաստանի Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի մոտ 12,5%-ը։ Բաժնետոմսերի դիմաց Կառավարությունը գումար չի վճարելու, փոխարենը՝ ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավաստիացրել է, թե «Լիդիան»-ը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ է ապահովելու։ Ըստ նրա, Ամուլսարի շահագործումից Հայաստանի ՀՆԱ-ն աճելու է մոտ 1%-ով, և «մենք հնարավորություն չունենք հրաժարվելու նման հնարավորություններից»։

Ազդակիր համայնքները, ըստ նրա, ամեն տարի ստանալու են 7 միլիարդ դրամի աջակցություն ընկերության կողմից։

Ամուլսարի ոսկու հանքը գտնվում է «Ջերմուկ» առողջարանային քաղաքի մոտ․ հանքի վնասակար ազդեցությունը հաստատվել է թե՛ անկախ, թե՛ կառավարության պատվիրած փորձաքննություններով։ Ջերմուկցիները տարիներ շարունակ ահազանգում են՝ եթե հանքը սկսի աշխատել, այն ոչ միայն իրենց առողջությանն է էական վնաս հասցնելու, այլև ոչնչացնելու է առողջարանական Ջերմուկի տնտեսական հնարավորությունները՝ հազարավոր մարդկանց զրկելով աշխատանքից։