Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաքում հայտնաբերել են 2 հայ կանանց դիերը։ Տարեց քույրերը, ամենայն հավանականությամբ, սովամահ են եղել հունիսի առաջին օրերին։
«Զուարթ եւ Արփի Եկաւեաններ, որոնք կը բնակէին մայրաքաղաք Խարթումի թիւ 51 փողոցը գտնուող իրենց յարկաբաժնին մէջ, մահացած են ուտելիք եւ ջուր չունենալու, այլ խօսքով՝ սովի պատճառով։
Անոնց ուտելիք մատակարարող անձը վերջին շաբթուան ընթացքին շրջանին մէջ տեղի ունեցած մարտերուն պատճառով չէ կրցած հասնիլ օգնութեան եւ տարածուած է անոնց մահուան բօթը», – ավելի վաղ գրել էր «Արեւելք» կայքը։
Մինչ այդ քույրերին առաջարկել են լքել քաղաքը, բայց «անոնք մերժած էին բոլոր խորհուրդները և բնակարանը կորսնցնելու վախը ունենալով՝ փորձած էին դիմանալ»։
Հայաստանի արտգործնախարարության տվյալներով՝ տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, կրտսերը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ մայրաքաղաքից և մնացել է նրան խնամելու։
2023-ի ապրիլից Սուդանում լայնածավալ քաղաքացիական պատերազմ է։ 2021-ի ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանությունը զավթած խունտայի ներսում պառակտում է տեղի ունեցել։ Մի կողմից Սուդանի փաստացի նախագահ, գեներալ, մեծահարուստ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանն է, որին ենթարկվում է կանոնավոր բանակը, մյուս կողմից՝ նրա նախկին տեղակալ, գեներալ, մեծահարուստ Մոհամեդ Համդան Դաղալոն, որը ղեկավարում է «Արագ աջակցության ուժեր» (RSF) զինված խմբավորումը՝ հայտնի Ջարֆուրում ջարդերով, Յեմենի և Լիբիայի պատերազմներին իր մասնակցությամբ, 2019-ին խաղաղ ցուցարարների զանգվածային սպանությամբ։ Երկրում իրական սով է՝ սննդի, ջրի դեֆիցիտ, քայքայված ենթակառուցվածներ և մասսայական թալան։
տե՛ս Սուդանի բանակայինները պատերազմում են իշխանության համար․ մանրամասները
Հայաստանի արտգործնախարարության տվյալներով, Սուդանում մոտ երկու տասնյակ հայեր էին ապրում։ Ռազմական գործողությունների վերաբռնկումից հետո նրանցից 8-ը Եգիպտոսում Հայաստանի դեսպանության օգնությամբ լքել է երկիրը, մոտ 10-12 հոգի դեռ այնտեղ է մնում։