Ես խոստովանում եմ, որ պատերազմի կոնվեյերը չեմ կարողացել կանգնեցնել՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնյան «պատերազմական կոնվեյեր» է անվանում 2020 թվականին նախորդող ժամանակահատվածը։ 2019-ին, ըստ նրա, արդեն պարզ էր, որ գործում է հետևյալ սկզբունքը՝ «խաղաղությամբ տուր այն, ինչ ուզում եմ, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով»։
Ինքը փորձել է կանգնեցնել այդ գործընթացը, բայց ձախողել է։
44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի այսօրվա նիստի հրապարակային հատվածը մոտ 5 ժամ է տևել՝ Փաշինյանը պատասխանել է թիմակիցների հարցերին։ Վարչապետի հետ հանդիպումը ընդդիմությունը, ինչպես և հունիսի 20-ի նիստին, բոյկոտում էր։ 5-ժամյա հարցուպատասխանից հետո 44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի նիստը դեռ շարունակվել է։ Ուղիղ հեռարձակումը անջատվել է՝ հիմնավորմամբ, թե հրապարակվելու են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Փաշինյանին ոչ ոք չասեց՝ հող հանձնի
Ըստ վարչապետի, պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն կար, բայց միայն մեկ պայմանով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, եթե պայմանականորեն ասենք, հայկական տեսլականից հրաժարվելը»։
Կազանյան փաստթղթից հետո (հայկական կողմը համաձայնել է այն ստորագրել, ադրբեջանականը՝ կտրականապես մերժել) բանակցային իրավիճակը գնալով վատթարացել է և հանգել 2016-ի «անավարտ մնացած» քառօրյա էսկալացիային։
Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ասում են, որ կային Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներ՝ մեկ այլ հարցի պատասխանելով, ասել է Փաշինյանը․ «Շատ լավ, լուծեիք, հիմա ի՞նչ եք եկել բոլորին բացատրում, թե 1993 թվին ինչ պետք է լիներ, 1994 թվին ինչ պետք է լիներ, 2002 թվին ինչ պետք է լիներ, 2007-ին՝ ինչ, 2016-ին՝ ինչ, նույնիսկ 2018-ին՝ ինչ պետք է լիներ։ Թող լիներ, լուծեի՛ք»։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձել է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանն «այդ հարցի պատասխանը տվեց, ասաց՝ բոլոր տարբերակները կային, բայց լեգիտիմության խնդիր կար, իսկ Փաշինյանը լեգիտիմ իշխանություն ունեցող անձնավորություն էր, որը պետք է լուծեր այդ խնդիրը»։
Փաշինյանն արձագանքել է․ «Այս պարագայում իմ վարչապետ դառնալուց հետո ոչ թե սոցիալական ցանցերով գրեիք՝ հողերը տալիս է, Ղարաբաղը տալիս է, այլ գրեիք՝ լեգիտիմություն ունես, գնա տուր, Ղարաբաղն էլ տուր, տարածքներն էլ տուր, էն մեկը տուր, էս մեկը պահիր։ Գրեիք ու հրապարակեիք, զանգեիք, նամակ գրեիք։ Երբ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել 2018 թվին, հետագայում հարց հնչեց (պատերազմից հետո)՝ ինքն ի՞նչ է ասել, ես ասացի, որ ասել է՝ հողերը տուր։ Իրենք սկսեցին հերքել։ Հիմա հնարավորություն կունենայի ասելու, որ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել՝ տուր։ Բայց նույնիսկ դա իրենք հերքեցին, ես սուտ դուրս եկա»։
Մեկ այլ հարցի պատասխանելով՝ պաշտոնյան հայտարարել է, թե իր մտքով էլ է անցնել, որ 2018-ի հեղափոխության ժամանակ «իշխանությունն իրեն զիջեցին, որովհետև գիտեին՝ ինչ է լինելու»․ «Անցել է մտքովս, բայց դրա մասին ոչ մի տեղ ոչ մի անգամ բարձրաձայն չէի ասել։ Եթե խաղ կար, կարող եք վստահ լինել՝ ես այդ խաղի մասնակիցը չեմ»:
Բանակայինները խաբում էին
Խոսելով 2018-2020 թվականներին բանակի մարտունակության մասին՝ Փաշինյանը ասել է, թե բանակային իշխանությունները հավաստիացրել են իրեն, որ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում հեշտ չի լինելու, բայց Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։
«Մի կողմից՝ [հակառակորդը և միջնորդները] մեզնից ակնկալում են անհամաչափ զիջումներ, մյուս կողմից՝ մեր բանակն ասում է՝ դժվար կլինի, բայց մենք խնդիրը կլուծենք: Եվ տեղի են ունենում Հուլիսյան մարտերը, որտեղ մեր բանակը մարտական պայմաններում ոչ մի զոհ չի տալիս․․․ Քաղաքական ղեկավարությունն ինչի՞ հիման վրա պիտի գա, ասի՝ ժողովուրդ ջան, մեկ է, մենք անհամաչափ զիջումների պիտի գնանք: Բա չե՞ն ասի՝ մի րոպե, բա էն հաղթանակը՞, բա մեր բանակի մարտունակությունը՞, զիջո՞ւմ եք տալի՞ս եք», – նշել է Փաշինյանը։
2020 թվականի սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ պատերազմից երկու օր առաջ, պատասխանատու մարմինները պատերազմի հավանականությունը ընդամենը 30 տոկոս են գնահատել․
«Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ ունեցած շփումներից։ Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել. որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է․․․ Ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ Հայաստանի զինված ուժերը կտրուկ գործղություններ չիրականացնեն, էսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար»։
Փաշինյանը հավելել է՝ այն ժամանակ և՛ս այդ գնահատականի հետ առանձնապես համաձայն չի եղել։
Սպառազինություն գնելու հարցում, ըստ նրա, գումարի խնդիր չի եղել։
Հարցին՝ բանակը որևէ սահմանափակում ունեցե՞լ է քաղաքական որոշման արդյունքում որևէ զինատեսակ չօգտագործելու համար, Փաշինյանը պատասխանել է՝ այդ մասին կխոսի դռնփակ նիստում, այնուամենայնիվ որոշ փակագծեր է բացել. – «Եղել են զինատեսակներ, որոց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել»։ Ճշտող հարցին՝ խոսքն «Իսկանդերի՞» մասին է, Փաշինյանը պատասխանել է․ «Կասեմ փակ հատվածում կխոսեմ»։
Փաշինյանը հիասթափված է ինքն իրենից և դասալիքներից
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրել է՝ ո՞րն է եղել զինված ուժերում ամենամեծ բացասական բացահայտումը։ Փաշինյանը պատասխանել է, թե իր համար շոկ էր տեսնել դասալքության կամ դրան նմանվող դեպքերի բավական մեծ ծավալը։
Հետագայում խոսել է նաև «բարձրաստիճան զինվորականների» մասին, որոնք բանակի շարքերում խուճապ էին տարածում։ Փաշինյանը որոշ օրինակներ է բերել՝ «դեպք ունենք, երբ Ադրբեջանը ռազմավարական բարձունք է գրավել, մեր զորքերը հետ են գրավել, և մեր հրամանատարի կողմից հրաման է տրվել՝ թողնե՛լ բարձունքը»։ Թե ինչու է նման հրաման հնչել՝ հայտնի չէ: Մեկ այլ քրեական գործով անցնող բարձրաստիճան սպան, ըստ նրա, խուճապ է տարածել և հետ քաշվելու հանձնարարական տվել, ասել՝ «գնացեք ասե՛ք՝ հողերը տված ա, անիմաստ բան եք անում, քաշվե՛ք, գնացե՛ք ստեղից»: Փաշինյանը մի քանի այլ օրինակներ էլ է հիշատակել, որոնք կոչված են հիմնավորելու, որ պատերազմում այսքան կորուստներ չունենալն ու այկերպ չպարտվելը ֆանտաստիկայի ժանրից չէր։
Կարելի է կարծել, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակ ուներ իշխանափոխություն կազմակերպել Հայաստանում՝ հավելել է վարչապետը․ «Ես անկեղծ ասում եմ, շատ երկար՝ մինչև պատերազմի ավարտը նույնիսկ, ես ինձ թույլ չեմ տվել մտքով այդպիսի բան անցկացնել: Բայց հետագայում ինչ-որ իրադարձություններ վերլուծելով՝ հետահայաց ես մեկ-մեկ սկսում եմ մտածել դրա մասին: Ընդ որում՝ այդ վարկածը ուժեղացել է նաև Սոթք-Խոզնավարի հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան, այսինքն՝ քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադրյալ կա, բայց բացատրություն չկա»։
Քոչարյանի հարցին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ զինված ուժերում կար ավելի քան 117 հազար անձնակազմ, ինչպե՞ս 117 հազարից չգտնվեց 5 հազար մարդ, որ կպահեր Շուշին, Փաշինյանը պատասխանել է՝ այդ դրվագով դատարանում արդեն գործ կա և խոստացավ շարունակությունը ներկայացնել դռնփակ նիստում․ «Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք, ես հարցրել եմ՝ ինչո՞ւ, և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով պատրաստ եմ հրապարակել»։
Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում՝ ավելի ուշ հայտարարել է վարչապետը․ «Քաղաքական, բարոյական, հոգեբանական, մարդկային մակարդակներում, բացարձակապես ամեն ինչի մեջ մեղավոր եմ համարում, հետո ասում եմ՝ լավ, դա դեկլարացիան է, տեքստը։ Երբ սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, սկսում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ..․ մեկ էլ ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»։
կովսակա՞ն, թե՞ Զանգելան
«Գալիս, ինձ ասում են՝ Կովսականը տվիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում ենք, տեսնում, որ Կովսական չէ, այլ Զանգելան (հեռուստաէկրանին այն դարձել է Կովսական, բանակցային գործընթացում մնացել է Զանգելան), որը պիտի վերադարձվեր, այդ թվում՝ Կազանի փաթեթում, բայց որի վերադարձը, Սերժ Սարգսյանի վկայությամբ, բավարար չի եղել այս խնդիրը լուծելու համար։ ․․․Մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել», – հավել է Փաշինյանը։