Home / Բանակ / Հայաստանը փորձում է ճեղքել զենքի մատակարարման բլոկադան Փարիզում

Հայաստանը փորձում է ճեղքել զենքի մատակարարման բլոկադան Փարիզում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում է, որտեղ ֆրանսիական կողմի հետ պատրաստվում է այսօր ռազմական մատակարարումների պայմանագիր ստորագրել:

Երեկոյան պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել, «ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։

Հայկական կողմը գործարքի մանրամասները դեռ չի գաղտնազերծել։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը, սակայն, նախօրեին հայտնել էր՝ պայմանագրով նախատեսվում է ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերում, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը։

Թե կոնկրետ ինչ ծավալների ու տեսակի մատակարարումների մասին է խոսքը, ինչ ժամկետներում ու ինչ ճանապարհով դրանք պետք է Հայաստան տեղափոխվեն, կողմերը չեն հստակեցնում։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունն էլ այսօր X սոցիալական ցանցում գրառմամբ հաստատում է, որ նախարարներ Սեբաստիեն Լըքորնյուն և Սուրեն Պապիկյանը հանդիպում են՝ պաշտոնապես ձևակերպելու սպառազինության ձեռքբերումը, որը Հայաստանին «թույլ կտա պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել սահմանների պաշտպանությունը»:

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ այսօր Ազգային ժողովում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։

Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չպարզաբանեց՝ արդյոք խոսքը միայն հակաօդային պաշտպանության համակարգերի՞ մասին է, թե՞ Փարիզն այլ զինատեսակներ ևս պատրաստվում է մատակարարել Երևանին։

«Ամսի 30-ին Ազգային ժողովում սկսվում է բյուջետային քննարկումները, և որպես կանոն՝ առաջինը քննարկվելու է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին վերաբերող հատվածը: Եվ էնտեղ բոլորդ հնարավորություն կունենաք թույլատրելիի սահմաններում ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի որոշակի, չեմ ասում՝ ամբողջությամբ, բայց բացված փակագծերով պատասխաներ, որը կվերաբերի թե՛ սպառազինությանը, թե՛ նրա կառուցվածքին», – ասել է Քոչարյանը:

Արդյո՞ք Ֆրանսիայից նախատեսվող ռազմական մատակարարումները նշանակում են, որ Հայաստանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը։

«44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք բոլոր հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլև այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր սահմաններից սկսած մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց լուծումները», – ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը:

Բաքուն խիստ քննադատել էր Փարիզի այս մտադրությունը, նաև այս պատրվակով էր Ադրբեջանի նախագահ Ալիևը չեղարկել իր մասնակցությունը Գրանադայի բանակցություններին:

կոնտեքստ

44-օրյա պատերազմից և հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո հայաստանյան պաշտոնայները ակնարկում էին՝ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում, Մոսկվան չի մատակարարում Հայաստանի պատվիրած զենքերը։ Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը, խոսելով սպառազինության ձեռք բերման մասին, հայտարարել էր. «[Ադրբեջանը] փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում դաշնակից երկրների կողմից»։

Նույնը Փաշինյանը կրկնել էր նաև La Repubblica-ի հետ հարցազրույցում․ «Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի և ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Այսինքն՝ այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ինքնին ռազմավարական սխալ է: Եվ մենք պոստ ֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը»։

Ամիսներ շարունակ մամուլում (հիմնականում հնդկական) տեղեկություններ են շրջանառվում ռազմամթերքի մատակարարման՝ հայ-հնդկական պայմանագրերի մասին։ Անգլիալեզու The Economic Times-ը նախորդ տարվա սեպտեմբերի վերջին գրել էր, որ Հայաստանը և Հնդկաստանը զենքերի մատակարարման մասին մի շարք պայմանագրեր են կնքել, ընդհանուր արժեքը՝ մոտ 245 միլիոն դոլար, որը ներառում է չորս Pinaka համակարգեր և պաշտպանական սարքեր։ Պատվերը, ըստ հնդկական մեդիայի, ներառում է նաև կառավարվող հրթիռներ։ Հոկտեմբերին հնդկական The Print-ը գրել էր, որ Հայաստանը հետաքրքրվում է նաև «Ակաշ» հրթիռային համակարգերով։ Նախորդ տարվա նոյեմբերին, ըստ մեկ այլ վարկածի, Հայաստանը պատվիրել էր ընդհանուր մոտ 160 միլիոն դոլարի (75-100 հատ) 155 մմ տրամաչափով ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ)։ Հայաստանի պաշտոնական գերատեսչությունները այս տեղեկությունները ոչ հաստատել էին, ոչ էլ հերքել, հաղորդվել էր միայն արտգործնախարարի, պաշտպանության նախարարի և փոխնախարարի՝ Հնդկաստան այցերի մասին։

թարմացում

հոկտեմբերի 24 — Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնել է Հայաստանի հետ ստորագրված ռազմական համագործակցության մասին փաստաթղթերը։ Ըստ նրա, Փարիզը Երևանին կմատակարարի ոչ միայն GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ու փոքր հեռահարության Mistral հրթիռներ, այլև առաջիկայում կուսումնասիրի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը՝ խնդիրները վերհանելու համար։ Ֆրանսիական կողմը նաև աջակցելու է հայկական բանակի վերափոխմանը, ուժեղացնելու է Հայաստանի ցամաքային-օդային պաշտպանությունը՝ պատրաստելով օպերատիվ ուսուցման ջոկատներ, հատկապես լեռնային մարտի և բարձր ճշգրտության հրաձգության ուղղություններով: