64 արցախցի է մահացել բռնի տեղահանման ընթացքում՝ ճանապարհին սննդի, դեղորայքի, բուժօգնության բացակայության պայմաններում, ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ազատության» հետ զրույցում պաշտոնյան տեղեկացրել է՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վերաբերյալ քրեական գործով քննությունը շարունակվում է, հրապարակվող տվյալները վերջնական չեն։
Սեպտեմբերի 19-ի մարտական գործողություններից հետո մինչև այժմ 30 զինծառայող և 12 քաղաքացիական անձ անհետ կորած է համարվում։ Ըստ նրա՝ մեկօրյա պատերազմում զոհերի թիվը գերազանցում է 200-ը, սպանվել է 9 քաղաքացիական անձ, նրանցից 3-ը՝ երեխաներ։ Վիրավորվել է 231 զինծառայող ու 80 խաղաղ բնակիչ։ Ադրբեջանցի զինվորականները 14 հոգու խոշտանգել են։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, ԼՂ պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել էր 220-ից ավել հաստատված զոհերի մասին։
Հոկտեմբերի 16-ին ԼՂ ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը տեղեկացրել էր՝ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով հաստատված 220 մահվան դեպք կա, նրանցից մոտ 150 -ը անճանաչելի են։ Կա նաև 50-ից ավելի անհետ կորած։ «Աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել են Երևանի Դատաբժշկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացում իրականացնելու համար»։
Հոկտեմբերի 1-ի տվյալներով, Հայաստանի տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների պատճառով, 114-ը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածներ․ «Մեծ թիվ են կազմում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները, որոնց մեջ կան նաև երեխաներ»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր՝ Արցախում պայթյունի ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 40 մարդու աճյուն է նույնականացվել, գործընթացը դեռ շարունակվում է։