Ինձ համար իմ ներքինը չի փոխվել, ես չեմ կարող համարել, որ իմ մեջ ինձ համար ինչ-որ բան ա փոխվել։ Զուտ իմ տպավորությունն էն ա, որ ես ուղղակի մեծացել եմ ու դարձել նենց, ոնց պիտի լինեի։
Հիմնականում տրանսսեքսուալ մարդիկ դիսֆորիա են ունենում՝ մարմնի հետ կապված․ նայում ես քեզ հայելու մեջ ու հասկանում, որ էն չես, ինչը այնտեղ տեսնում ես, էն չի, ինչը քո մեջ ա։ Քո մարմինը ոնց որ օտար լինի քո համար։
Ինչ-որ չափով ես ինձ տրանսսեքսուալ եմ համարում, որովհետև կատարել եմ էտ փոփոխությունները՝ վիրահատությունները, հորմոնային թերապիաները և այլն, բայց նաև ինչ-որ առումով՝ չէ։
***
Օրինակ, տատիկս պատմում էր՝ երբ նոր էի սկսել խոսել, ինձ հարցնում էին «ի՞նչ ես ուզում դառնալ», ասում էի «պետք ա մեծանամ, դառնամ զինվոր»։ Ինձ պատասխանում էին․ «Զինվոր տղաներն են դառնում»։ Ես ասում էի․ «Բայց ես տղա եմ, ես սենց թե նենց տղա եմ լինելու, երբ մեծանամ»։
Տատս ասում էր՝ զարմանում էինք, որ տենց բան էիր ասում։
Ես բազմաթիվ ծանոթներ ունեմ, ասում են՝ կոնկրետ տարիքում, օրինակ, սեռահասունացումից հետո, փոփոխություն անելու հետ կապված գիտակցված որոշում էին կայացրել։ Ինձ համար գիտակցված որոշում չէր եղել․ փոքրուց անգիտակից, բայց տենց գիտեի՝ ես տղա եմ ու վերջ։ Ինձ համար դա քննարկման առարկա չէր։
Խնդիրները հետո են սկսվում։
Այ արդեն մանկապարտեզից հետո՝ դպրոցում, տարբերություն են, չէ՞, դնում․ տղաները մի կողմ, աղջիկները մի կողմ, աղջիկներն իրար հետ էին խաղում, տղաները իրար հետ էին խաղում, խաղալիքներ, խոսակցություններ․․․ Այդտեղից դու արդեն զգում ես, որ քեզ դնում են ուրիշ մարդու տեղ, ու դու ընդհանրապես չես կարող արտահայտվել, բացատրել, ոչ տերմիններ գիտես, ոչ էլ։
Երեխաները շատ զգայուն են։ Բակի երեխաներն ինձ տղավարի էին դիմում՝ որպես իրանց ընկեր։ Միգուցե, իմ պահվածքից էր։ Ենթադրենք, եթե կնոջ անունով ներկայանայի, իմանում էլ էին, որ աղջիկ եմ, մեկ ա՝ վերաբերմունքը նենց էր, ոնց որ ավելի շուտ տղաների կողմն էի։
Փոքր ժամանակ ես իրանց հետ ֆուտբոլ եմ խաղում, կոպիտ ասած, ես իրանց ախպերն եմ, ընկերն եմ։ Իրենք չեն մտածում՝ բայց աղջիկ ա, խի՞ ա ֆուտբոլ խաղում մեր հետ։
Երբ ավելի են մեծանում, սկսում են ինչ-որ բաներ հասկանալ, «էս մարդու հետ մի բան էն չի»․․․ Մանավանդ սեռահասունացման տարիքում էտ տարբերակումները սկսվում են։ Էտ ժամանակ դու սկսում ես ինքդ քո մեջ փակվել, ինչ-որ բաներից նեղվել, հասկանում ես, որ մարդիկ հուշտ են լինում, չեն ուզում հետդ շփվել, թեկուզ քո հին ընկերները, որոնց հետ դու խաղացել, մեծացել ես։ Որովհետև փոքր ժամանակ էտ կարծրատիպերը չունեին, իսկ հետո մեկը կողմից եկել, ասել ա՝ «էս աղջի՞կ ա, թե՞ տղա», «աղջիկ ա, բա խի՞ ա իրան սենց պահում», «բա էս տղեն խի՞ ա սենց ղզիկի նման խոսում»․․․ Ու պահի տակ դու զգում ես, որ քո հետ էլ չեն ուզում շփվել, հեռու են իրանց պահում։
Իհարկե, կան մարդիկ, որ ոնց կային, տենց էլ մնացել են, սովորել են քեզ, բայց մեծ մասը քիչ-քիչ մաղվում ա։ Նաև չհասկացվածության պահ ա․ չեն էլ կարող գալ, քեզ ուղիղ հարցնել․ «Իսկ դու ո՞վ ես, ինչի՞ ա քո մոտ սենց, ինչի՞ աղջկա նման չես»։ Ու էտ հարցերը մնում են օդում։
Սկսում ես ինքդ մտածել՝ լավ, ի՞նչն ա պատճառը, որ ես ուրիշների նման չեմ։ Արդեն հասկանում ես, որ նույնիսկ քո մեջ կան էտ կարծրատիպերը։ Դու տարբերվում ես, բայց մտածում՝ ինչի՞ պիտի սենց լինի։
Անգամ եթե դու ոչ մեկի հետ չշփվես, ինքդ քո հետ մենակ մնաս, դա՛ էլ քո համար նորմալ չի, որովհետև դու քեզ հայելու մեջ ես տեսնում, լողանալուց ես մարմինդ տեսնում ու զգում, որ դա էն չի, ինչ պիտի լիներ։
Տնեցիք մանկուց քիչ-քիչ սովորել են, քանի որ իմ մոտ դա շատ շուտ էր արտահայտվել։ Երևի, մտածում էին՝ լուրջ չի, կմեծանա՝ կանցնի, կամ՝ երեխա ա՝ բան ա, ասում ա։
Բացարձակ չեն ստիպել ինչ-որ շոր հագնեմ, բախտս բերել ա էտ հարցում։ Իմ շատ ընկերներ բարդ ու տրավմատիկ մանկություն են ունեցել, անգամ մինչև ծեծ, ջարդ, ստիպել նրանց, տանը փակել․․․ ընդհուպ մինչև հիմա։
Ինքնասպանության դեպքերը շատ են, էս վերջերս էլի եղան։ Մենակ իմ ծանոթներից երեք հոգի Կիևյան կամրջից իրենց գցել են, որովհետև չեն կարողացել համակերպվել ծնողների, ավելի շատ՝ միջավայրի հետ, հետո էտ ֆոնի վրա սկսել են խմել կամ թմրանյութեր օգտագործել։ Սենց ասած, հանձնվել են։
Նրանցից մեկը տրանս աղջիկ էր, բավականին երկար ժամանակ շփվում էինք։ Գնաց ուրիշ երկիր ու այնտեղ էլ չհամակերպվեց։
Հետո ինքը Հայաստան վերադարձավ, իսկ հաջորդ օրը կամրջից նետվեց։ Եկավ, տնեցիքին տեսավ ու տենց բան արեց․․․
Իմ տնեցիք, նախ, ավտորիտար չեն եղել, միշտ ինչ-որ չափով ազատություն ինձ տալիս էին։ Պլյուս՝ հասկանում էին, որ եթե մարդը էս ինչ բանը տենց կատեգորիկ չի ուզում, ինչի՞ ստիպենք։
***
– Հիմա կուզեի՞ր բանակ գնալ։
– Հիմա չէ, հիմա չեմ կարծում։ Հասուն տարիքում հասկացա, որ այդքան էլ լավ բան չի։ Հիմա ավելի շատ դեպի պացիֆիզմ եմ գնում, ինձ համար կարևոր ա նաև ուրիշներին վնաս չպատճառելը։ Միլիտարիզացիան իմ համար լավ բան չի։
Իրականում, եթե նորմալ պայմաններ լինեին, ես կուզեի ծառայություն անցնել, բայց ես չեմ ուզի գնալ պատերազմ՝ մարդ սպանելու։ Էտ մսաղացը չեմ ուզենա։
Փոքր ժամանակ կինոներ էի նայում՝ ուրիշ երկրներում զինվորները սիրուն ֆորմաներով էին, սենց նայում էի, մտածում՝ վայ, ես էլ եմ ուզում, հավես ա։ Բայց հետո մեծանում, հասկանում ես, որ տենց չի։
***
Հորմոնալ թերապիան հեշտ բան չի, որովհետև մենք մասնագիտացած բժիշկներ չունենք։ Դրանով էնդոկրինոլոգներ պիտի զբաղվեն։ Կան բժիշկներ, բայց նրանք մասնագիտացած չեն հենց անցում կատարել ցանկացող մարդկանց համար։ Հա, կարող ա շաքարից են հասկանում, զոբից, բանից, բայց էս դեպքում հատուկ պատրաստություն ա պետք, որ իմանան՝ ոնց ճիշտ վարեն։
Նախ, ուզում էի փաստաթղթերս փոխել, գնացի զագս, ասացին՝ հոգեբույժից եզրակացություն բեր, որ դու հոգեպես առողջ ես, և բեր էտ դիագնոզը, էն ժամանակ կար՝ F64.0 տրանսսեքսուալիզմ, որովհետև տրանսսեքսուալիզմը դեռ դուրս չէր եկել հիվանդությունների ցանկից։ Հիմա դուրս ա եկել ու համարվում ա «այլ իրավիճակներ», ոնց որ հղիությունն ա։
Ում դիմում էի, ասում էին՝ մենք չգիտենք, էտ ո՞րն ա․․․ Ասում էի՝ բացեք, նայեք, ես ձեզ ասում եմ, որ կետն ա։ «Դե, – ասում ա, – մենք չգիտենք, չենք աշխատել նման մարդկանց հետ» և այլն, և այլն։
Բայց հետո ստացա․ ԱՄՆ-ից եկած մի բժիշկի գտա, ով հոգեբանական կենտրոններից մեկում պրակտիկայի էր, ու ստացա։
Ինքը ինձ հետ զրուցեց, պատմությունը գրեց, վերլուծություն և այլն ու ախտրոշում տվեց։ Էն ժամանակ դիագնոզը կոչվում էր միջուկային տրանսսեքսուալիզմ, դա նշանակում ա, որ ծայրահեղական ձևն ա, դու չես կարող չփոխվել։ Ու կար ոչ ядерный (ոչ միջուկային), իրենց դեպքում անցումը չէր խրախուսվում։
Ու դիագնոզով հանդերձ գնացի զագս, այնտեղից՝ նախարարություն, նախարարությունից հրամանը տվեցին, որ գոնե կարողանամ անվանափոխություն անել։
Անձնագրում սեռը փոխված չի, gender marker-ը մինչև հիմա չեն փոխում, բայց ասեմ՝ էտ տառը չեն էլ նկատում։ Անունս փոխված ա, հա, սաղ օքեյ ա, մենակ էտ տառը չեն ուզում փոխել։ Բայց հիմա մենք դատարանում գործ ունենք ու եթե ստացվի, սա նախադեպ կլինի․ առաջին գործը, երբ մենք կստիպենք, որ փոխեն․․․
Հիմա արդեն անվանափոխությունն առանց որևէ դիագնոզի անում են։ Հենց հիմա կարող ես գնալ, անունդ Ծաղիկ կամ Աթոռ դնել։
Սեռը փոխում են մենակ մի դեպքում, երբ դու տեղեկանք ես ներկայացնում, որ ամբողջական վիրահատությունն արել ես՝ և՛ վերևը, և՛ ներքևը։
Այստեղ մի հատ «բայց» կա․ մեզ մոտ օրենքով «սեռափոխություն» հասկացողություն չկա։ Ու հարց ա ծագում․ եթե օրենքը նման բան չի ենթադրում, ես քեզ ո՞նց թուղթ բերեմ, որ վիրահատվել եմ: Ու մարդիկ ի՞նչ սկսեցին անել․ Ռուսաստանից բժիշկ էր գալիս, այստեղ վիրահատում, բայց տեղեկանքում գրում, որ վիրահատությունը Ռուսաստանում էր արել։
– Ռուսաստանում, փաստորեն, անո՞ւմ են։
– Արդեն չէ։
Բժիշկը հայ էր, ի միջի այլոց։ Շուտ-շուտ էր գնում-գալիս։ Էն ժամանակ իբր Ռուսաստանում տրված թուղթը ստեղ անցնում էր։ Հիմա ո՞նց ա, չգիտեմ։
Վիրահատությունը վախենալու էր թվում։ Դե, ցանկացած վիրահատություն էլ վախենալու ա։ Ես երկուսն եմ արել, երրորդը չեմ արել, որովհետև մեզ մոտ, նախ, չեն անում․․․ տրանս կանանց դեպքում անում են, տղամարդկանց դեպքում մի քիչ բարդ ա։ Դրա համար ես էտ վերջինը դեռ չեմ արել։ Ու շատ մեծ ֆինանսների հետ ա կապված, արվում ա 3-4 փուլով ու դեռ այդքան լավ տեխնոլոգիաներ չկան, որ 100-տոկոսանոց արդյունք տա։
Օրինակ, տրանս կանանց դեպքում նենց են անում, որ ինչ-որ բաներ գոնե զգան, չեմ ասում՝ լիարժեք, բայց ինչ-որ բաներ զգում են։ Տղամարդկանց դեպքում դեռ չկա՝ աշխարհում չկա։ Անում են, բայց ձևական վիրահատություն ա ստացվում ու շատ պրոբլեմատիկ, շա՛տ, որովհետև միշտ բարդություններ ա տալիս․ միզածորանը վերականգնելը շատ դժվար բան ա, իրան ոնց որ ռեկոնստրուկցիա պետք ա անեն, շատ անգամ նեկրոզներ ա տալիս, քո մաշկը դա չի ընդունում․․․ Շատ դժվար ա ու շատ փուլերով ա․ մինչև էտ ամեն ինչով անցնես, ոնց որ ինվալիդ դառնաս։
– Ինձ թվում ա, կարող ա ես սխալ եմ նկատել, բայց ոնց որ տրանս տղամարդկանց դեպքում ավելի հեշտ է․․․
– Հա, հաստատ։ Տրանս տղամարդկանց դեպքում սոցիալիզացիան էլ է ավելի հեշտ։ Տրանս կանանց ավելի շատ են խտրականացնում, «ո՞նց կարա տղեն կին դառնա»։ Նրանց չի ներվում, որ տղամարդկությունը թողել, հավասարվել են կնոջը։
– Какой-нибудь կնոջը․․․
– Հա, լրիվ․․․ Ու նրանց մեջ շատ քչերն են կարողանում արտաքին տեսքն այնպիսին դարձնել, որ աչքի չընկնեն։ Տրանս տղամարդկանց դեպքում այդքան խնդիրներ չկան։ Քեզանից չեն իմանա, եթե չասես։ Ես ասել եմ՝ չեն հավատացել։ Բայց տրանս աղջիկների դեպքում դժվար ա, ասենք, ձայնի պահը, որոշ բաներ կան, որ կասկածի առիթ են տալիս։
***
Իմ շատ ընկերուհիներ՝ տրանս կանայք, սեքս-աշխատանքով են զբաղվում, նրանց հաճախորդների մեծ մասը դուրսը շատ հոմոֆոբ ձևացողներից են․․․ բայց գիշերները վազում են էդտեղ ու նենց բաներ անում, որ դժվար է պատկերացնել։ Տրանս տղամարդկանց մոտ էլ են գնում, բայց տրանս կանանց․․․ չասեմ։ Ինչպիսի՛ բաներ են պատմում, ինչ ֆանտազիաներ․․․
– Քո կարծիքով, էտ մարդկանց հոմոֆոբիան, տրանսֆոբիան վախի՞ց ա, ինքնապաշտպանակա՞ն բան ա։
– Բա ի՞նչ ա։ Մտածում են՝ եթե ես չքֆրտեմ, կիմանան, որ ես էլ եմ տենց, պիտի քֆրտեմ, որ մտածեն՝ տենց չեմ։
– Բայց չե՞ն հասկանում, որ դրանով իրենք իրենց բացահայտում են։
– Հիմա շատ հոմոֆոբներ արդեն էտ պահն էլ են սովորել, գիտեն էտ լատենտ լինելու պահը․․․ Հետաքրքիրը էն ա, որ ես չէի պատկերացնում, թե մեր ազգը ինչ սեռաքաղց ա։
Դե, մենք շատ պահպանողական ենք ձևանում, չէ՞, բայց․․․ ոչ մի եվրոպացու մտքով չի անցնի էն, ինչը անցնում ա տրանսի մոտ եկած կլիենտի մտքով։ Ու նենց մարդիկ՝ գողական աշխարհի ներկայացուցիչներ, նստած-հելած, տատուները վրան խփած, անգամ էտ մարդիկ գալիս, ասում են՝ սաղ կյանք երազել եմ կանացի շորեր հագնեմ ու չոքեմ քո դեմը, ստրկություն անեմ։
Այ տենց մարդիկ են հետո գնում, հարձակվում տրանսերի վրա։
***
– Հ/Կ-ները, քո կարծիքով, օգնո՞ւմ են ինքնության խնդրի առաջ կանգնած մարդկանց, թեթևացնո՞ւմ են խնդիրները։
– Կարող եմ ասել հա, որովհետև կարելի է համեմատություն անել․ իմ սեռահասունացման շրջանում էտ հ/կ-ները դեռ չկային ու նույնիսկ ինֆորմացիա չկար։ Հիմիկվա երեխաների համար էտ առումով շատ ավելի հեշտ ա․ մեկը մյուսի միջոցով գտնում, գալիս են, իրենք մենակ չեն, լիքը բաներ են իմանում, որոնց մասին մենք չգիտեինք ու չէինք կարող պատկերացնել անգամ․․․
– Ես իմ անձնական փորձից ասեմ․․․ Ես լեսբի եմ։ Դե, քեզանից մեծ եմ, ու էն ժամանակ միասեռականության մասին շատ բան չգիտեինք, հ/կ-ներ չկային, բայց ընկերական միաջավայրում խոսակցություններ մեկ ա լինում էին։ Մտածում եմ, որ դա ավելի անմիջական էր, երևի, քան երբ միջնորդավորված ա՝ հ/կ-ների միջոցով։
– Այստեղ էլ ա անմիջական դառնում․ երբ մարդիկ մեկ-երկու անգամ գալիս, իրար տեսնում են, դասընթացի են մասնակցում, արդեն վսյո, գնա՛ց․․․ Հ/Կ-ները, ամեն դեպքում, շատ են օգնում երեխաներին կրթելու տեսանկյունից։ Երևի, դա սոցիալիզացիայի հարցն էլ ա լուծում։
Օրինակ, մարզերում էնքան մարդիկ կան, որ շատ կտրված են, անկեղծ, մարզերի վիճակը ահավոր ա։ Կարող ա Ինտերնետից, բանից, ինչ-որ կերպ համար գտնեն, զանգեն, հարցնեն, փորձեն ինֆորմացիա ստանալ, դա է՛լ ա նրանց համար մեծ բան։
***
– Ժող եմ սովորել։ Անկապ էլի։ Չեմ ավարտել․ էն ժամանակ խնդիրներ ունեի՝ և՛ հոգեբանական, և՛ խառը։ Մասնագիտությամբ՝ ֆինանսիստ, չեմ աշխատել։
Մարդ կա՝ ծնվում ա, ասում՝ ես պիտի բժիշկ դառնամ, ես բժիշկ եմ, ես նկարիչ եմ․․․ Ինձ թվում ա՝ էտ մարդիկ երջանիկ մարդիկ են։ Օրինակ, ես երբեք չեմ իմացել, թե ինչ եմ ուզում դառնալ։
Տատս մասնագիտությամբ մանկաբույժ էր։ Լեչկոմիսիայում էր աշխատում։ Ուզում էր՝ մամաս էլ բժիշկ դառնար։ Բայց մամաս շատ հուզական, տպավորվող էր, միշտ ասում էր, որ չի կարող հիվանդների հետ աշխատել, «իմ վրա էտ կազդի»։
Բայց տատս կարողանում էր։
Բավականին ուժեղ կին էր։ Թիֆլիսից էր։ Տատիկիս մոր ընտանիքը կոտորածներից փախավ՝ Ղարսից։ Տատիկիս մայրը իր առաջին երեխային գնացքում էր ունեցել՝ փախնելուց։ Երեխան հենց գնացքում էլ մահացավ։ Արդեն Թիֆլիսում ունեցավ տատիկիս ու տատիկիս քրոջը։ Տատս 1932 թիվ էր ։ Քույրը մնաց Թիֆլիսում, իսկ տատս եկավ Երևան՝ Բժշկականում սովորելու։ Ամուսնացավ ու տենց էլ մնաց։
Տատիկիս քույրն էլ արդեն չկա։
Իմիջիայլոց, էն կողմը շատ շուտ էր ամուսնանում՝ իրենց ցեղը տենց էր․ 16-17 տարեկանում արդեն բոլորն էրեխեք ունեին։ Մերոնք՝ չէ։
Մամաս գենետիկ ա։ Հիմա մասնագիտությամբ չի աշխատում։
Պապս էլ Երևանի քաղաքապետ էր։ Էն ժամանակ կոչվում էր չգիտեմ ինչի քարտուղար։
Պապան մեզ հետ էր մինչև 6-7 տարեկանս, հետո բաժանվել են, ուրիշ ընտանիք ունեցավ։ Էլ չէինք շփվում։ Կապը կտրվել էր, էն որ գնաս, գտնես՝ ի՞նչ ասես։ Մի ախպեր ունեմ, բայց չէ, շփում չենք ունեցել։
***
Ամուսնության ինտիտո՞ւտ։ Ճիշտն ասած, մեկ ա ինձ համար։ Զուտ ինչ-որ բաների առումով հարմար ա՝ ժառանգության հարցեր, տեխնիկական հարցեր, հիվանդանոցներում թղթեր ստորագրել ա, տեսակցություն ա․․․ Եթե այ էս հարցերը լուծվեն, անիմաստ կդառնա, որովհետև եթե մարդիկ ուզում են միասին լինել, ի՞նչ կապ ունի՝ ամուսնացած են, ամուսնացած չեն։
զրուցեցին Ալլա Մանվելյանն ու Լուսինե Թալալյանը