Հատված պատմաբան Bushwacker-ի Twitch-ի ուղիղ եթերից, հարցուպատասխան․
Պատերազմին դեմ են բոլոր նորմալ մարդիկ՝ փսիխոպատներից բացի։ Նման բան չկա։ Խորը մոլորություն է դա։ Կարդացած, կրթված մարդկանց մեծ զանգված, որոնք իմ հետ հետաքրքրությունների հատում ունեն, ովքեր մեծացել են south park-ի ու futurama-ի վրա, ովքեր մեծացել են խաղալով նույն ստրատեգիաները, ինչ ես, ովքեր ունեն շատ նման մշակութային կոդեր, ոչ միայն պաշտպանում են այս պատերազմը, այլև կռվում են հիմա այնտեղ։ Եվ ես խոսում եմ շատ կոնկրետ մարդկանց մասին։ Բաց գրում են, որ Ուկրաինա հասկացությունը չպետք է գոյություն ունենա, ուկրաիներեն լեզուն հորինված լեզու է, և դրա գոյությունը սպառնալիք է ռուսական պետականության համար։ Խնդրեմ։ Եվ այդ մարդիկ նորմալ, կրթված մարդիկ են, փսիխոպատ չեն, և նրանք շատ են։ Դա հենց աշխարհընկալման տարբերությունն է։
Եթե մորդ սպանում են արկերով, որոնք ուղարկել են մարդիկ, ովքեր ասում են, որ ուզում են իրենց երեխաները Բուլգակովով, Պուշկինով ու Գոգոլով մեծանան, իհա՛րկե դա տանում է մշակույթի չեղարկման ու այլ ահավոր բաների։ Ավելին, ես հիմա տեսնում եմ, որ որպես ռեակցիա ուկրաինական հասարակությունում սարսափելի բաներ կառաջանան, մռայլ բաներ։ Ինչ-որ պահի կատակելու տեղ չի մնա։ Շատ լավ կարելի է վախեցնել սարսափելի նացիստներով, որոնք քնում են ու տեսնում` ինչպես են ռուս սպանում։ Դրանով կարելի է վախեցնել, քանի դեռ դա գոյություն չունի, քանի դեռ խաղալիք է։ Հիմիկվա պատերազմի պես պատերազմներից հետո նման մարդիկ սկսում են լրջով խոսել, ու արդեն ոչ թե երկաթուղիներ են պայթում կամ ճանապարհներ, այլ նաև գյուղեր, ավտոբուսներ և այլն։ Նույնը եղել է Չեչնիայում։ 94 թվականին գերի զինվորներին ազատ էին արձակում, 96-ին գերիների գլուխները կտրում էին։ Ի՞նչ է լինելու այս պատերազմում մի տարուց, ի՞նչ է լինելու երկու տարուց։ Սպանություններ, զոհեր, արյուն։ Գոգոլի, Պուշկինի ու ամեն ինչի չեղարկումը մանկական բլբլոց, պարզապես ծաղիկներ կթվան՝ համեմատ այն ամենի, ինչ սպասվում է։ Որովհետև սպանությունները շարունակվում են, և ատելության բորբոքումն իհարկե աճում է։
Քանի որ պատերազմն ունի պատճառներ մինչև սկսվելը։ Կարելի է դատողություններ անել. տնտեսությունը, աշխարհաքաղաքականությունը, անվտանգությունը, շմանվտանգությունը։ Բայց թռնում են առաջին ռումբերը, սպանում են առաջին ձերոնց` ընկերներին, համածառայակիցներին, կոլեգաներին։ Վե՛րջ։ Դրանից հետո բոլոր այն պատճառները, որ բացատրում էին պատերազմը, ավարտվում են, մնում անցյալում, և մենք ուղղակի վրեժ ենք լուծում։ Դա կրկնվում է միշտ, կրկնվում էր Առաջին համաշխարահայինի, Երկրորդ համաշխարհայինի, կրկնվում է բոլոր պատերազմների ժամանակ։ Հատկապես այն պատերազմների, որոնք սկսվում էին մի տեսակ չուզելով, դժկամորեն, մի տեսակ պայմանավորվածություններով։ Այդպիսի պատերազմներում մի քանի տարի անց ոչ մի պայմանավորվածություն էլ չի մնում. սպանդ, սպանություններ և այլն։ Այնպես որ մշակութային չեղարկումն անհեթեթություն է, և կարճ ժամանակ անց կմտածեք «վայ, ում է պետք, ինչքան ուզում եք չեղարկեք, մենակ գլուխներ մի կտրեք»։
Մենք խոսում ենք շատ լուրջ և անմարդկային երևույթների մասին, որոնք արդեն հանդիպում են ու էլի են լինելու։ Դրա համար էլ ես չեմ կարողանում պատմական եթերների* դուրս գալ ու ինչ-որ ձևով կպնել հիմիկվա թեմաներին։ Մյուս կողմից էլ ինչպես դուրս գամ պատմության թեմայով եթեր ու չնկատեմ սենյակում կանգնած փղին։ Նստած ենք, եթեր է, խոսում ենք չինացիների մասին, ու փիղ է կողքս նստած, կնճիթով խփում է խոսափողիս։ Ու ես ձևացնում եմ, իբր ոչինչ չի կատարվում։ Ինչպես առաջ էր։ «Ահա, պոետները, այս ինչ ժամանակաշրջանում, այս ինչ տեղում…»։ Չեմ հասկանում` ինչպես ստրիմ անել։
Ռուսներն ու ուկրաինացիները լրիվ տարբե՞ր ազգեր են։ Ապուշությո՛ւն։ Համաձայն չեմ։ Իհարկե պատերազմի ֆոնին հենց միտքը, որ մենք նման ենք, ֆու-ֆու-ֆու՝ երկու կողմից էլ դուրս կշպրտեն։ Բայց նախ մենք իրար կողք ենք ապրում։ Հետո` նույն լեզվական խմբին ենք պատկանում։ Ինձ համար այս ամենն ակնհայտ է, քանի որ ես հենց սահմանին եմ ապրել։ Մինչև Բելգորոդ ավտոբուսով 40 րոպեում էինք հասնում։ Դա լավ էր զգացվում։ Այնպես որ պետք չէ ինձ ասել, որ Խարկովի մարդիկ սկզբունքորեն տարբերվում էին Բելգորոդի մարդկանցից։ Այդպես չէ՛։ Տարբեր են քաղաքական մշակույթները։ Դա ճիշտ է։ Հատկապես վերջին երեսուն տարիներին` Խորհրդային Միության փլուզումից հետո, իրոք տարբեր պատկերացումներ են ձևավորվել` ինչն է նորմալ, ինչը ոչ։ Պետք է ապրել այդ երկրում, որ հասկանաս՝ ինչն է ընդունված, ինչը չէ։ Այո, քաղաքական մշակույթներն իրոք տարբեր են, դրանից էլ սկսվում են տարբերությունները։ Բայց մնացածը… Այն, որ Spotify-ի ուկրաինական չարտերում լիքն են ռուս ռեպերները, դա ձեզ ոչ մի բան չի ասո՞ւմ։ Որ գուցե ինչ-որ ուղերձներ կան, ինչ-որ կոդեր ընդհանուր։ Կարելի է այս ամենի վրա աչք փակել, ասել, որ նման բան չկա։ Բայց սա փաստ է։ Դա կարող է ձեզ դուր չգալ, բայց այդպես է։ Դա պատճառ չէ, որ ասենք «օօօ, ուրեմն եկեք մի կայսրություն լինենք»։ Ոչ։ Ինձ համար դա պատճառ չէ։ Բայց ակնհայտ բաները հերքելը տարօրինակ է։
Լեհաստանն այդպես էլ ապրում է արդեն 200 տարի՝ ռուսների ու ռուսական մշակույթի նկատմամբ նման վերաբերմունքով, բայց ոչ մի մետրո էլ այնտեղ չեն պայթեցնում… Ուշադրություն դարձրեք՝ ինչ էր կատարվում 200 տարի առաջ, ինչ էին անում ռուսների հետ հենց Վարշավայում։ Այն, որ լեհերը հիմա մետրոներ չեն պայթեցնում, դա ուրիշ է։ Լեհերն իրենց պատերազմում հաղթել են 20-ականներին։ Իսկ ռուսական կայսրությունում մետրո չկար։ Ուզում եմ հիշեցնել, որ երբ Ալեքսանդր Բ-ի նկատմամբ մահափորձ արվեց, նա իրոք շոկի մեջ էր։ Մի քանի անհաջող մահափորձ էր եղել մինև հաջողվածը։ Անհաջողի ժամանակ նա դուրս էր եկել կառքից, բռնել էին կրակողին, հարցրել էր «լե՞հ ես»։ Որովհետև բնական էր, որ ռուս կայսեր վրա լեհը կկրակեր։ Դա ընկալվում էր որպես ինքնին ենթադրվող բան։ Եվ երբ նա ասաց որ ռուս է, Ալեքսանդր Բ-ն ապշել էր։ Կարծեմ, նույնիսկ օրագրային գրառում կա այդ մասին կամ պատմել էր մեկին, չեմ հիշում։ Ասել էր, որ իր գլխում չի տեղավորվում, որ ռուսը կարող էր իր վրա կրակել։ Իսկ այ որ լեհը կկրակեր, դա թվում էր ինքնին ենթադրվող։ Այնպես որ պետք չէ ասել, որ սա մանիպուլյացիաներ են, ոչ։
Ինձ համար հեշտ է։ Ես եղբորս ու ծնողներիս չեմ կորցրել։ Բայց մարդիկ, ովքեր կորցրել են հարազատներին, այնպիսի բաներ են ասում ռուսների մասին, որ ես կամաչեմ կրկնել։ Առհասարակ նման բաները քրեորեն հետապնդելի են, բայց չես կարող ասել, որ չես հասկանում։ Սիրիայի մասին սթրիմում մենք խոսել ենք երկարատև պատերազմների հետևանքներից։ Կարգին երկրում` Աֆղանստանում, երկարատև պատերազմի արդյունքում առաջացավ Թալիբանը։ Կարգին երկիր Իրաքում… Դե լավ, ինչ կարգին․ քրդերին էին սպանում, Քուվեյթ էին ներխուժում… Բայց դա, համենայն դեպս, երկիր էր, որում մարդիկ ապրում էին, գործի էին գնում, միմյանց ծնունդներ էին շնորհավորում և այլն։ Այնտեղ Իսլամական պետություն առաջացավ։ Որովհետև եկան, ամեն ինչ ռմբակոծեցին… Դրանք ռեակցիոն ուժեր են։ Դա բացառապես ռեակցիա է։ Ուկրաինայում ոչ մի «Ազով» [ՆԳՆ Ազգային գվարդիայի ուլտրաաջական ռազմական միավորում, մասնակցում է պատերազմին] չկար մինչև 2014 թվականը։ Ուղղակի չկար, գոյություն չուներ։ Հիմնադրման տարեթիվը` 2014 թվական։ Դա առաջանում է որպես ռեկացիա։ Այո, պատերազմի «շնորհիվ» սարսափելի ուժեր են գոյանում, և «մշակույթի չեղարկումը» խաղուպար կարող է թվալ։
Բուլգակովի չեղարկման ի՞նչն է բնական։ Ռուսերեն լեզուն։ Մարդիկ վեր են թռնում ռուսերենից։ Ես դրան անձամբ եմ հանդիպել։ Նախկինում նման բան չէի տեսել անձամբ, երբեք-երբեք։ Պատերազմի սկբից տեսնում եմ պարբերաբար։ Ձևականի մասին չեմ ասում, «օյ, ես չեմ հասկանում» և այլն։ Ոչ։ Մարդու դեմքին արցունքներ են հայտնվում հենց ռուսերեն խոսք լսելուց։
* Bushwacker-ը պատմաբան է, Twitch-ում ծավալուն, բացատրողական ուղիղ եթերներ է անում համաշխարհային պատմության թեմաներով։ Սթրիմների մոնտաժված տարբերակով տեսանյութերը հրապարակվում են Youtube-ում, աուդիո ձայնագրությունները` Spotify-ում։ Ուղիղ եթերի ընթացքում հարց ու պատասխան է լինում։ Մինչև 2022-ի ռուս–ուկրաինական պատերազմը Bushwacker-ի մասին ոչինչ հայտնի չէր։ Պատերազմից հետո պատմեց, որ Խարկովից է։