Home / Դատարան / Շանտաժից հետո դատարանի աշխատողները դադարեցրել են գործադուլը

Շանտաժից հետո դատարանի աշխատողները դադարեցրել են գործադուլը

Վարչական դատարանի մոտ 100 աշխատողների գործադուլը 1.5 օր տևեց։ Ղեկավարության շանտաժի պատճառով գործադուլավորները կեսօրից հետո վերադարձել են աշխատանքի։

Աշխատավարձերի բարձրացման հարցը մնացել է չլուծված։ Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները պատմել են՝ դատարանի գործավարները, քարտուղարները և դատավորների օգնականները ամսական 80-103 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Մարդիկ բողոքի ծայրահեղ միջոցի են դիմել ոչ միայն այն պատճառով, որ աշխատավարձի բարձրացման խոստումը հերթական անգամ չի կատարվել, այլև որովհետև կրկնապատկվել է աշխատանքի ծավալը։ Սա պայմանավորված է քաղաքապետարանների դանդաղ, բյուրոկրատական աշխատանքով և պարեկային ծառայության ներմուծմամբ. ՃՈ վճիռները շատացել են։ Յուրաքանչյուր դատավոր քննում է օրական 8-10 վարչական գործ, ողջ թղթաբանությունը մնում է ցածր վարձատրվող անձնակազմի ուսերին։ 

Դատական ղեկավարությունը աշխատողների գործադուլը չի ողջունել. Բարձագույն դատական խորհուրդը ավելի բարձր աշխատավարձ փնտրողներին առաջարկել է այլ աշխատանք գտնել՝ հայտարարությամբ։ ԲԴԽ-ից «ներքին խողովակներով» այսօր վերջնագիր են ներկայացրել գործադուլավորներին. չաշխատողներին սպառնացել են պատասխանատվության ենթարկել «օրենքի շրջանակներում»՝ առանց մանրամասնել, թե ինչպես։

Գործադուլավորները, լինելով իրավաբաններ, գիտակցում են, որ խախտել են գործադուլ անելու կարգը։ Ինքնաբուխ գործադուլները, ըստ օրենքի, կարող են տևել առավելագույնը երկու ժամ։ Ավելի երկար գործադուլ անելու համար պետք է նախօրոք հայտարարել և ցանկալի է ձևավորել արհիմություն։

Դատարանների անձնակազմերը գերծանրաբեռնված են բոլոր ատյաններում։ Մարդիկ սկսել են վեճերը ավելի հաճախ լուծել դատարաններում, քան միմյանց հետ քննարկելով։ Հատկապես ծանրաբեռնված են Վարչական դատարանի աշխատակիցները։ «Եթե քրեական գործ է, դու ստիպված ես շփվել միայն ամբաստանյալի և տուժողի հետ։ Իսկ մենք՝ վարչակա դատարանի աշխատողներս, ստիպված ենք գործի բերումով շփվել վարչական ապարատի հետ՝ քաղաքապետարաններ, ոստիկանություն, բյուրոկրատական համակարգ» , – ասում է Epress.am-ի զրուցակիցը։ 

Գերծանրաբեռնվածությունը Վարչական դատարանում շատ է նաև քանի որ «էլեկրոնային արդարադատության» համակարգը դեռ չի ներդրվել այս ոլորտում։

Գործադուլի մասնակիցները նկարահանվել չէին ուզում, խուսափում էին նաև անուն նշելուց։