հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ադրբեջանում ցույցի պաստառները տպողին դատում են թմրանյութերի համար

Ադրբեջանում ցույցի պաստառները տպողին դատում են թմրանյութերի համար

2023-ի Ադրբեջանի Սոյուդլու գյուղում բնապահպանական ցույցերի մասնակիցների համար պաստառներ պատրաստող տպարանի աշխատակից Ջոշգուն Մուսաևին մեղադրում են թմրանյութ վաճառելու մեջ։ Նա պնդում է, որ գործը կարված է և քաղաքական մոտիվներ ունի։

Օգոստոսի 7-ին՝ կալանավորումից մեկ տարի անց, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 34-ամյա Մուսաևին երեք տարվա ազատազրկման է դատապարտել։

Նրան ձերբակալել են 2023-ի հունիսի 21-ին՝ բողոքի ցույցերը սկսելու հաջորդ օրը, որտեղից էլ տարել են Պետական ​​անվտանգության ծառայության Գյանջայի բաժին և առաջարկել ընտրություն կատարել՝ դատվել 6 գրամ կամ 10 կիլոգրամ թմրանյութ պահելու համար:

Դատարանում Մուսաևը հայտարարել է՝ իրեն Գյանջայից տեղափոխել են Բաքու և ստիպել նկարահանվել ոստիկանության կողմից բեմադրված տեսահոլովակում, որտեղ ինքը իբր թե մասնակցում է թմրանյութերի առքուվաճառքին։

«Հաջորդ առավոտ նստեցի [այգում], ինչպես հրահանգել էին։ Նկարեցին։ Ավելի ուշ իմացա, որ ըստ սցենարի՝ ինձ բռնել են Բաքվի այգում», – ասել է Մուսաևը դատարանում։

Նա կարծում է, որ իշխանություններն իրեն պատժում են ավելի քանի մեկ տարի ոստիկանության կողմից շրջափակման մեջ պահվող Սոյուդլու գյուղում բնապահպանական ցույցերի պաստառները տպելու համար։

2023-ի հունիսին Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնապահպանական ցույցերը տեղի ոսկու հանքի թունավոր թափոնների և դրանց համար նոր պոչամբարի կառուցման դեմ էին։ Մարդիկ բողոքում էին, որ արտանետումների պատճառով իրենք լուրջ առողջական խնդիրներ ունեն։ Բացի այդ, նոր պոչամբարի համար նրանցից խլել էին արոտահողերը։ Ցուցարարները խոսում էին ոչ միայն բնապահպանությունից, այլև ոսկու հանքի սեփականատերերից, մասնավորապես հիշատակվում էր Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Ոստիկանությունը բռնի ուժով ցրել էր բողոքի ակցիան, արցունքաբեր գազ փչել ցուցարար գյուղացիների աչքերին, մահակներով ծեծել նրանց։ Ջոգշուն Մուսաևը միակը չէր։ Կային բազմաթիվ այլ ձերբակալվածներ, այդ թվում՝ հակապատերազմական ակտիվիստ, անարխիստ Գիյաս Իբրահիմովը, որին դատում էին գյուղում ոստիկանական տեռորի մասին գրառումներ անելու համար։