Home / Կանանց իրավունքներ / 2 կնասպանության դեպք 3 օրում

2 կնասպանության դեպք 3 օրում

Օգոստոսի 15-ին Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 65-ամյա կնոջ դի՝ վզի շրջանում կտրած վնասվածքով։ Սպանության մեջ կասկածվում է նրա 25-ամյա որդին։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է [խոհանոցային] դանակ՝ արնանման հետքերով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև պարանոցի կտրված վերք», – գրել է Քննչական կոմիտեն։

Շուրջ մեկ տասնյակ մարդկանց են հարցաքննել, առգրավել են շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի ձայնագրությունները։ Միջոցառումներ էին ձեռնարկվում՝ 25-ամյա կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Տղային հայտնաբերել են և ձերբակալել, նրա հետ այս պահին քննչական գործողություններ են ընթանում՝ Epress.am-ին ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել սպանության՝ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով։

Հայաստանում կնասպանության դեպքերը չեն նվազում։ Տարեկան տասնյակ կանայք են սպանվում ամուսինների, զուգընկերների, ընտանիքի անդամների կողմից։

Նույն օգոստոսի 15-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ 36-ամյա կնոջ մահվան գործով մեղադրանք է ներկայացրել նրա ամուսնուն։ 36-ամյա Աստղիկ Խ․-ն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել օգոստոսի 13-ին՝ Վարդենիսի գյուղերից մեկում։ Ամուսինը մեղադրվում է նրան տանջելու՝ «ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու», «ինսասպանության հասցնելու» համար։

«Իրավապահները պարզել են, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինն արգելել է կնոջը շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել։ Այս ամենը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։ Ամուսինը տարբեր առիթներով պարբերաբար վիրավորանքներ է հասցրել կնոջը: Կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, իրենց տանը կրակել է իր գլխին «Մակարով» տեսակի ատրճանակից», – գրել է Քննչական կոմիտեն։

Տղամարդուն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել ՔՕ 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև ՔՕ 335-րդ հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով։

Epress.am-ի հետ զրույցում Քննչականի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել է, որ տղամարդուն կալանավորելու միջնորդությունը դատարանը մասամբ է բավարարել։ Որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, տնից բացակայելն արգելվել է։

Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության առնվազն 1 819 դեպք: Նախորդ տարի ընտանեկան բռնությունից առնվազն 14 կին է մահացել, 2022-ին՝ առնվազն 16 կին։ Իրավապաշտպանները ընդգծում են՝ այս թվերն ամբողջ պատկերը չեն արտացոլում, քանի որ ոչ բոլոր մահերն են հանրայնացվում կամ իդենտիֆիկացվում որպես ընտանեկան բռնության հետևանք։

Քննչական կոմիտեի՝ օգոստոսի 14-ին հրապարակված հաղորդագրության համաձայն, 2024-ի առաջին կեսում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ։ Մահերի վիճակագրությունը Քննչական կոմիտեն դեռևս չի հրապարակում։