Քանի որ արդեն բոլորն են գրում էս սև քարտեզի մասին, ու գյուղաբնակ քաղաքագետ լինելով ինձ մոտ մի հարց առաջացավ՝ ա չեմ մի խուժե, ես էլ գրեմ: Առաջինը, եթե մի քիչ ավելի հարմար գույներ ընտրեին, պարզ կլիներ, որ պատկերը, իրականում, էդքան էլ մռայլ չի:
Երկրորդը, գյուղերի դատարկման հետ կապված բողոքը անհասկանալի է այն առումով, որ դա բնական ընթացք է, եթե չկա ինչ-որ պետական պարտադրում կամ արհեստական սուբսիդավորում՝ դրա համար էլ հավելյալ ինչ-որ միջոցներ են պետք տնտեսության այլ ճյուղերի գերզարգացած ու գերարդյունավետ լինելուց, որ գյուղում մեկը այծ պահի, տուրիստները գան նկարեն ու պրծ (ինչպես, ասենք, Նորվեգիայում է ու ինչը մոտ ապագայում մեզ մոտ անհնար է՝ գյուղերը արդեն դատարկված են լինելու, մինչև որ Հայաստանի տնտեսությունը կհասնի այդ Օլիմպոսին):
Հայաստանը լեռնային երկիր է սակավ հողային ֆոնդով: Ասենք, եթե դուք համեմատեք ինչքան հողատարածք ունի մի գյուղական տնտեսությունը Հայաստանում (ու հատկապես էս քարտեզի վրա ամենասև հատվածներում) ու, օրինակ, Ռուսաստանի հարավում, տարբերությունը ահռելի է: Բացի դրանից, Հայաստանի սակավաբնակ լեռնային մարզերի պարագայում հողակտորները ցաքուցրիվ են ու դժվարահասանելի, ու տարբեր տեսակի ծախսերը դրանց մշակման հետ կապված զգալիորեն աճում են: Նաև փոքր տնտեսությունների պարագայում ռիսկային գործոնները ու կախվածությունը բնական աղետներից ավելի մեծ է, բերքի կորստի պայմաններում տնտեսությունը սնանկ է դառնում, վերականգնվելու համար ավելի մեծ ներդրում է պետք, քան հնարավոր եկամուտն է և այլն: Ու դա էն դեպքում, եթե իրացնելու հետ խնդիր չկա՝ իսկ ինքը կա: Արդյունքում, պարզ է, որ գյուղում ավելի շատ ես աշխատում, հնարավոր եկամուտը քիչ, ենթակառուցվածքները զարգացած չեն և այլն: Հենց ինչ-որ ստանդարտ տնտեսական նիշաներ լրանում են՝ առևտուր, միջինից մի քիչ խոշոր մի քանի տնտեսություն և այլն- մնացած մարդիկ, եթե այլ աշխատանք չկա, թողնում գնում են արտագնա աշխատաքների:
Խորհրդային տարիներին նույնպես արհեստականորեն խոչընդոտներ էին ստեղծվում (մինչև 1974 թ. գյուղացիներին անձնագիր չէին տալիս) գյուղերում բնակչությունը պահելու համար ու հայկական սակավահող գյուղերը գերբնակեցված էին արդեն այդ շրջանում: Հենց այդ արգելքները թուլացան 1980-ականներից, արդեն հայկական գյուղերը, հատկապես լեռնային շրջաններում, սկսեցին դատարկվել: Դա կարող եք տեսնել, համեմատելով գյուղական բնակավայրերի վիճակագրությունը 1959, 1970, 1979, 1989 թթ. մարդահամարնեորվ:
Անկախության սկզբի տարիներին արդյունաբերական կոլապսի հետ կապված որոաշկի վերադարձ եղավ դեպի գյուղ ու բնական տնտեսություն (natural economy), բայց արագ դա ավարտվեց ահռելի արտագաղթի ծավալներով:
Ամեն դեպքում, Հայաստանում զուտ գյուղատնտեսությամբ չի կարող նորմալ ապրել միլիոնի չափ գյուղացի:
Օրինակ ԱՄՆ-ում ֆերմերները կազմում են բնակչության 1 տոկոսից էլ քիչ թիվ, բայց ապահովում են ամբողջ երկիրը գյուղատնտեսական մթերքով ու նաև արտահանում այն՝ ԱՄՆ-ն աշխարհում գյուղատնտեսական ապրանքների ամենախոշոր արտահանողն է, ու դա բնակչության մոտ 0,6 տոկոսի շնորհիվ: Հաջորդ երկիրը աշխարհում գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ Հոլանդիան է, որտեղ գյուղական բնակչությունը բնակչության 10 տոկոսից քիչ է, ու ընդհանուր քանակով գրեթե հավասար է Հայաստանի գյուղական բնակչությանը: Այսինքն Հոլանդիայում նույն քանակի գյուղացիները տասնյակ միլիարդ դոլարի գուղատնտեսական ապրանքի արտահանում են ապահովում, Հայաստանը մի քանի հարյուր միլիոնի էլ չի հասնում:
Հայաստանում հիմնական խնդիրը ոչ թե որ գյուղերը պահպանվնեն, այլ գյուղատնտեսությունը արդյունավետ ու եկամտաբեր ոլորտ լինի: Իսկ դրա համար խոշոր, մեխանիզացված, ինտենիսվ տնտեսություններ են պետք ու զարգացած ենթակառուցվածքներ: Մենք կարևոր գյուղատնտեսական շրջաններ ունենք, որտեղ մինչ հիմա ոռոգման խնդիրը չի լուծված, գյուղացին անօգնական է տարածված բույսերի հիվանդությունների դեմ պայքարում, սորտերի սելեկցիայի խնդիր կա և այլն ու շատ ցածր արդյունավետություն մեծ աշխատանքի ու այլ ծախսերի պարագայում:
Ու Հայաստանում մի շատ ավելի կարևոր խնդիր կա՝ դա Երևանից դուրս գրեթե բոլոր մարզային քաղաքաների դեգրադացիան է, ավելի մեծ, քան նույնիսկ գյուղերի պարագայում ու այն ահռելի տարբերությունը, որ կա մարզային քաղաքների ու Երևանի միջև ու գնալով ուժեղանում է:
Հետսոցիալիստական գրեթե բոլոր երկրների համար բնորոշ է այն, որ մայրաքաղաքում բնակչության ավելի մեծ մասն է բնակվում, քան, ասենք, նույն «կապիտալիստական» երկրներում: Նման մոդելը՝ երբ մայրաքաղաքում գերկենտրոնացած են վարչական, կրթական, տնտեսական, մշակությաին և այլ հաստատությունները և ֆունկցիաները բնորոշ է հենց նախկին սոցիալիստական հանրություններին ու նաև կայսրություններին: Երկուսում էլ մեծ դեր ուներ պլանավորված կառավարումը: Եթե դուք նայեք ուրբանիզացիայի շրջանում ոչ կայսերական անցյալ ունեցած գրեթե ցանկացած եվրոպական երկրի դուք կտեսնեք, որ նույնիսկ Հայաստանից մի 4-6 անգամ ավել բնակչություն ունեցող եկրներում (Բելգիա, Հոլանդիա, Շվեյցարիա) բոլոր քաղաքները Երևանից փոքր են, բայց միջին չափի (200-500 հզ) քաղաքների քանակը շատ է, նրանք տարբեր մշակութային, տնտեսական, տուրիստական նշանակություն ունեն, ռեգիոնալ ու ճարտարապետական յուրահատկություն և այլն:
Ու իհարկե, կարելի է պատկերացնել մոդել, որ Հայաստանի գրեթե ամբողջ բնակչությունը ապրում է Երևանում, իսկ մնացած երկիրը դաչա է:
Այնպես է, որ երևի ավելի արդյունավետ կլինի բոլոր հարցերի լուծումը՝ իսկական աթենքյան պոլիսի նման մի բան՝ նույն քաղաքային մշակույթով, կենցաղով, խնդիրներով և այլն: Բոլոր քաղաքացիները իսկապես համաքաղաքացիներ են նույն ընկալումներով, մշակույթով, խնդիրներով, դարդ ու ցավով, ծնունդ ու կնունքն էլ նույն ռեստորաններում նշելով:
Բայց մշակված քաղաքականության դեպքում կարող է լինել նաև մի այլ պատկեր, երբ ամեն մի աշխարհագրական հատվածը ունի միջին չափի մի քաղաք՝ Շիրակ, Լոռի-Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք: Դա կարելի է ստանալ, եթե նաև մայրաքաղաքի գերծանրաբեռնված ինչ-որ ֆունկցիաները ու հաստատությունները տեղափոխվեն մարզեր (կրթական, մշակութային, ինչ-որ տեխնոլոգիական հաբեր և այլն):
Ու նաև զուտ աշխարհագրական առումով էդ մեր հակաուտոպիայի հայաստանցի երևանցիները ուղղակի մեղք են, որ ամբողջ կյանքը ծնվեն ու ապրեն կիսաանապատային, շոգ, փոշոտ, Կոնդ ու Սարի Թաղ ունեցող Երևանում, երբ կան շատ ավելի բարենպաստ, սիրուն, առողջարար, հետաքրքիր վայրեր, որտեղ, հայտնվելով Երևանից հետո մեկ-մեկ էլ զարմանում ես, որ կարա ամռանը էդքան փոշոտ ու շոգ չլինի, կամ կարա տենց կանաչ լինի, դեմդ ահռելի լիճ լինի, միջնադարյան վանք լինի, սիրուն անտառ, գետ, սար, կիրճ-կանյոն լինի և այլն:
Ու դրա մեջ է մտնում նաև տեղական մշակույթների հնարավորությունները՝ վերապրել իրենց ուրբանիզացիան՝ այսինքն վերաիմաստավորել իրենց տեղական ավանդական անցյալը նոր ուրբանիստական միջավայրում, նույն բարբառների, աշխարհագրության, կլիմայի հիման վրա ինչ-որ նոր ու տարբերվող քաղաքային միջավայր ստեղծել, որ Հայաստանը չդառնա մոնոկետնրոն, մոնոմշակույթ երկիր:
19-րդ դարում նման մի քանի մշակութային կենտրոններ հայկական կամ հայաբնակ քաղաքներում եղել են՝ Թիֆլիս, Ալեքպոլ, Շուշի, Բաքու, Պոլիս, Նոր-Նախիջևան՝ ու սա միայն հարստացրել է հայկական մշակույթը ու ինչպես Պեպոն կամ Գիքորն էին հնարավոր միայն Թիֆլիսում, Նալբանդյանի ֆենոմենը Նոր-Նախիջևանում, նույնպես էլ Մեծարենց-Վարուժանի ֆենոմենը Պոլսում, արդյունաբերական քաղաքի կենցաղը Բաքվում և այլն: Հիմա մենք մի քանի երաժշտական խմբեր ունենք Գյումրուց ու Վանաձորից ու իրենք իրենց ոճով, արտաքիոնով, հնչեղությամբ տարբերվում են ու առանձնահատուկ են: Ստեփանակերտը ուներ իր յուրահատուկ ձևավորվող քաղաքային մշակույթը, նաև լեզվական առումով խիստ հետաքրքիր, ու դա կարևոր է: Ու նաև կարևոր են այդ միջավայրերի շփումները ու ազդեցությունները:
Իմ պատկերացրած Հայաստանը էս բազմազանությունների ու տարբեր տեղական պոտենցիալների դրսևորելու մեջ է տեղավորվում ու նաև դրսից տարբերվող ու տարբեր լեզվով խոսող-մտածող, տեսք ունեցող հայության մշտական ներգրավմամբ, ձուլմամբ, իրար վրա ազդելով: Երկրի ամեն մի կտորը պետք է մաքսիմալ ներդրում ստանա ու ներգրավված լինի էդ բարդ պատկերի մեջ: Հայաստանի ցանկացած մաս պետք է հասանելի լինի ամենաշատը երեք ժամում՝ դրան համապատասխան ինֆրաստրուկտուրայով, ժամանակակից լուծումներով և այլն: Երբեք տեխնոլոգիաները այդքան հնարավորություններ չեն տվել արագ տեղաշարժվելու, ամենադժվար պայմանները ձևափոխելու ու ապրելուն հարմար դարձնելու ու մինչ հիմա չկա նման համափարփակ ծրագիր, քանի թունել ա պետք Հայաստանում, որ ամեն մի հատված գնալը երկու-երեք ժամ տևի, կամ քանի երկաթուղային ճյուղեր, գուցե փոքր ավիացիայի օդանավակայաններ և այլն:
Մարդու կողմից ստեղծված մշակույթը նրանով էլ տարբերվում է, որ բնույթունը ինքը չի ենթադրում, որ, ասենք, Անիի նման ցուրտ, ժայռոտ ու ամայի տեղում տենց շքեղ միջնադարյան քաղաք էր լինելու, որի ճարտարապեոտւթյունը հարյուրավոր կմ աջ-ձախ հյուսիս ու հարավ, նույնիսկ ավելի բարենպաստ պայմանների պարագայում, չկար:
Նույնը հիմա լիքը հնարավորություններ կան էս փոքր, անհարմար երկրի ամեն մի կտորը կարգի բերել ու, եթե նման խնդիր չկա ու լավագույն մարտավարությունը հարմարվելն է, արդյունքը միջին հարմարվողական Լատինական Ամերիկայի նման մի բան է լինելու՝ մի տեղ շատ հարուստ, մի տեղ շատ աղքատ և այլն:
Եթե, իհարկե, չգան լավ գաղութարարներ, մի 100 տարով երկրի կառավարումը իրենց վրա չվերցնեն, հռոմեական ճանապարհներ, վիադուկներ ու բաղնիքներ չսարքեն ու դրանից հետո քանդածը ավլեն, դրսից դուռը փակեն ու չքվեն իրանց չորրորդ ռայխ:
Սամվել Մելիքսեթյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ