Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները վաղ առավոտյան (առանց նախազգուշացնելու) սկսել են քանդել Ֆիրդուսի 42 հասցեում գտնվող «նկարիչների տունը»․ ավիրել են բերքատու այգին, լողավազանը, աստիճանները, վնասել են տանիքի մի մասը։ Երկհարկանի տունը վարձակալում են 7 արվեստագետներ․ երևանցիների համար այն արհեստանոց է, մարզաբնակների համար՝ ժամանակավոր կացարան։ Պարբերաբար ցուցահանդեսներ էլ են լինում։
Քանդման աշխատանքները դադարեցվել են ոստիկանների գալուց հետո։ Այգին արդեն չկար, «Էլիտ Հոլդինգի» մեքենաները նոր-նոր սկսել էին տանիքն ավիրել։ Վարձակալների խոսքով, տան շուրջ դատական վեճ կա ու քանի դեռ վճիռ չի կայացվել, այն չեն կարող քանդել։
Ֆիրդուսում սեփական տներ համարյա չեն մնացել՝ համատարած շինարարություն է։ Երևանի պատմական թաղերից մեկը ծածկվում է նոր բիզնես-կենտրոններով և բազմահարկ շենքերով։ 2018-ի մարտին թաղամասը հանրային գերակա շահ է ճանաչվել, 2020-ին քանդել են հին շենքերը։ Բնակիչների մեծ մասին ստիպել են գործարքի գնալ կառուցապատողների հետ, մի մասին հանել են ուժով։ Տարածքում առավելագույնը 8-9 տուն է մնացել։ Դատական հայցերն ընթացքի մեջ են։ Կան դեպքեր, երբ մարդիկ հրաժարվել են փոխհատուցումից և դիմել են դատարան։ Կան դեպքեր, երբ տունը օտարվել է, բայց ոչ բոլոր սեփականատերերն են համաձայնություն տվել և փոխհատուցվել։
«Նկարիչների տունը» վերապրել է դատական գործընթացների շնորհիվ։ Արվեստագետներն ասում են՝ այս ընթացքում պարբերաբար ճնշումների են ենթարկվել։ Այգին ավիրելու այսօրվա նախաձեռնությունը այդ ճնշումների մաս են համարում։ Նրանց հետ համակարծիք են նաև հարևան երկու տների բնակիչները։ Ոչ ոք չի հասկանում՝ ինչ սկզբունքով է քաղաքի հին թաղամասի ոչնչացումը «հանրային շահ» ճանաչվել։ Ասում են՝ մարդկանց ստիպել են շուկայականից ցածր գներով օտարել կենտրոնում գտնվող իրենց տները, նրանց, ովքեր չեն համաձայնել, տեռորի են ենթարկում առ այսօր։