Ոչ ոք՝ կոռումպացված ընկերներից բացի, արցունքներ չի թափելու բռնակալի հեռացման համար։ Բայց կասկածներ լինել չեն կարող, որ այն, ինչ կատարվում է հիմա Սիրայում, մեծ պարտություն է, փոքր 1967 արաբական աշխարհի համար։
Մինչ ես գրում եմ, իսրայելական ցամաքային զորքերը մտնում են հյուծված երկիր։ Թեև վերջնական կարգավորում դեռ չկա, որոշ բաներ արդեն պարզ են։ Ասադը փախստական է Մոսկվայում։ Նրա բաասիստական ապարատը գործարքի է գնացել Արևելյան ՆԱՏՕ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ (որի վայրագություններն Իդլիբում անհաշվելի են) և հանձնել երկիրը սկուտեղի վրա։ Ապստամբները համաձայնել են, որ Ասադի վարչապետ Մուհամմեդ Գազի ալ-Ջալալին դեռ պետք է շարունակի կառավարել պետությունը։ Արդյոք դա չի լինելու առանց Ասադի ասադիզմի մի նոր ձև, նույնիսկ եթե երկիրը – գեոպոլիտիկ իմաստով – պլանավորում է մեջք թեքել Ռուսաստանից և նրանից, ինչ մնացել է «Դիմադրության առանցքից»։
Ինչպես Իրաքն ու Լիբիան, որոնց նավթը ԱՄՆ-ի կողպեքի տակ է, Սիրիան այժմ վերածվելու է ամերիկա-թուրքական համատեղ գաղութի։ Միացյալ Նահանգների իմպերիալիստական քաղաքականությունը գլոբալ մասշտաբներով է այդպիսին՝ տրոհել այն երկրները, որոնք հնարավոր չէ կլանել ամբողջությամբ, տնտեսական և քաղաքական գերիշխանություն հաստատելու համար վերացնել ինքնիշխանությունը պահպանելու բոլոր փորձերը։ Գուցե դա «պատահական» է ստացվել նախկին Հարավսլավիայում, բայց այդ ժամանակներից ի վեր դարձել է օրինաչափություն։ Եվրամիության սատելիտները համանման մեթոդներ կիրառում են ավելի փոքր երկրները (Վրաստան, Ռումինիա) իրենց վերահսկողության տակ պահելու համար։ Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները սրա հետ շատ քիչ կապ ունեն։ Դա գլոբալ բախտախաղ է։
2003-ին, երբ ԱՄՆ-ի ճնշման ներքո Բաղդադն ընկավ, Իսրայելի հրճված դեսպանը Վաշինգտոնում շնորհավորում էր կրտսեր Ջորջ Բուշին և խորհուրդ տալիս նրան կանգ չառնել, այլ շարժվել առաջ՝ դեպի Դամասկոս և Թեհրան։ ԱՄՆ-ի հաղթանակը չնախատեսված, բայց կանխատեսելի կողմնակի ազդեցություն ունեցավ․ Իրաքը դարձավ շիա պետություն, ինչը էապես ամրապնդեց Իրանի դիրքերը տարածաշրջանում։ Ձախողումն այնտեղ, իսկ հետո նաև Լիբիայում, նշանակում էր, որ պատշաճ կայսերական ուշադրությանը արժանանալու համար Դամասկոսին տասնամյակից ավել սպասել էր պետք։ Միևնույն ժամանակ, Իրանի և Ռուսաստանի աջակցությունը Ասադին չափազանց բարձր խաղադրույքներ էր սահմանում սովորական իշխանափոխության համար։
Այժմ Ասադի հեռացումը ստեղծել է այլ տիպի վակուում, որը հավանաբար «նախկին ալ-քաիդայական» Հայաթ Թահրիր ալ-Շամի միջոցով (Իրաքի ամերիկյան բանտում ազատազրկումից հետո դրա առաջնորդ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանիի վերաբրենդավորումը որպես ազատության մարտիկ առավել քան սպասելի էր) կլցնեն ՆԱՏՕ-ական Թուրքիան և ԱՄՆ-ն, նաև՝ Իսրայելը։ Իսրայելի ներդրումը հսկայական է․ նա էր շարքից հանել Հեզբոլլահը և ավիրել Բեյրութը հերթական հոծախումբ ռմբակոծություններով։ Այս հաղթանակից հետո դժվար է պատկերացնել, որ Իրանին մենակ թողնեն։ Չնայած, թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ Իսրայելի վերջնական նպատակը ռեժիմի փոփոխությունն է այնտեղ [Իրանում], երկրի [Սիրիայի] ստորացումն ու զինաթափումը համար մեկ առաջնահերթություն էր։ Տարածաշրջանի վերաձևավորման այս մեծ ծրագիրն օգնում է հասկանալ, թե ինչու են Վաշինգտոնն ու նրա եվրոպացի վստահորդները անմնացորդ աջակցում Պաղեստինում շարունակվող իսրայելական ցեղասպանությանը։ Ավելի քան մեկ տարվա սպանդից հետո կանտյան սկզբունքը՝ պետության գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ դառնան համընդհանուր հարգված օրենք, հիվանդ կատակ է հիշեցնում:
Ո՞վ կփոխարինի Ասադին։ Նրա փախուստից առաջ ենթադրություններ կային, որ եթե բռնապետը 180 աստիճանով շրջադարձ կատարի՝ խզի կապերը Իրանի և Ռուսաստանի հետ, վերականգնի բարիդրացիական հարաբերությունները Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, ինչպես ինքն ու հայրն արել են նախկինում, ամերիկացիները կարող են պահել նրան։ Հիմա արդեն ուշ է, բայց Ասադին լքած պետական ապարատը հայտարարում է ում հետ ասես համագործակցելու պատրաստակամության մասին։ Արդյո՞ք նույնը կանի նաև Էրդողանը։ Էշերի սուլթանը հավանաբար կուզի, որ իշխանության գան իր մարդիկ՝ երեխա զինվորները, որոնց մեծացրել են Իդլիբում և որոնք կենթարկվեն Անկարային։ Եթե նրան հաջողվի թուրքական խամաճիկ ռեժիմ պարտադրել, դա կլինի Լիբիայում տեղի ունեցածի հերթական վերսիան։ Բայց նա հազիվ թե դրան հասնի սեփական ուժերով։ Էրդողանն ուժեղ է դեմագոգիայում, բայց թույլ է գործողություններում։ ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են վետո դնել Ալ-Քայիդայի «մաքրված» կառավարության վրա սեփական պատճառներով, թեև օգտագործել են ջիհադիստներին Ասադի դեմ պայքարում։ Անկախ դրանից, քիչ հավանական է, որ նոր ռեժիմը վերացնի Մուխաբարաթը (գաղտնի ոստիկանություն), քրեականացնի խոշտանգումները և հաշվետու կառավարություն առաջարկի։
Վեցօրյա պատերազմից առաջ արաբական ազգայնականության և միասնության կենտրոնական բաղադրիչներից էր Բաաս կուսակցությունը, որը կառավարում էր Սիրիան և հզոր բազա ուներ Իրաքում։ Մյուս՝ ավելի ազդեցիկ բաղադրիչը Նասերի կառավարությունն էր Եգիպտոսում։ Սիրիական բաասիզմը Ասադին նախորդած ժամանակաշրջանում համեմատաբար լուսավորյալ էր և արմատական։ 1967-ին, երբ Դամասկոսում հանդիպեցի վարչապետ Յուսուֆ Զուայինին, նա բացատրեց, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը պահպանողական ազգայնականությունը շրջանցելն է՝ Սիրիան պետք է դառնա «Մերձավոր Արևելքի Կուբան»։ Բայց Իսրայելի հարձակումը այդ տարի հանգեցրեց եգիպտական և սիրիական բանակների արագ ոչնչացմանը ու Նասերի արաբական ազգայնականության մահվանը։ Զուայինը գահընկեց արվեց, Հաֆեզ ալ-Ասադն իշխանության եկավ Միացյալ Նահանգների լուռ աջակցությամբ՝ այնպես, ինչպես Իրաքում Սադդամ Հուսեյնը, որին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) տրամադրել էր Իրաքի կոմունիստական կուսակցության առաջնորդների ցուցակը։ Երկու երկրներում էլ արմատականները դուրս մղվեցին Բաասից, դրա հիմնադիր Միշել Աֆլակը զզվանքով հրաժարական տվեց, երբ տեսավ՝ ուր է շարժվում կուսակցությունը։
Նոր բաասիստական դիկտատուրաները վայելում էին բնակչության որոշ շերտերի աջակցությունը, քանի դեռ տարրական անվտանգություն էին ապահովում։ Իրաքը՝ Սադդամի, Սիրիան՝ հայր և որդի Ասադների օրոք դաժան, բայց սոցիալական բռնապետություններ էին։ Ավագ Ասադը ծագում էր գյուղացիական միջին շերտից, իր դասակարգին գոհացնելու համար նա մի քանի առաջադիմական բարեփոխումներ անցկացրեց՝ նվազեցնելով հարկային բեռն և վերացնելով վաշխառությունը։ 1970 թվականին սիրիական գյուղերի գերակշռող մեծամասնությունը միայն բնական լուսավորություն ունեին․ գյուղացիները արթնանում և քնում էին արևի հետ։ Մի քանի տասնամյակ անց Եփրատի ամբարտակի կառուցումը հնարավորություն տվեց էլեկտրաֆիկացնել գյուղերի մոտ 95 տոկոսը, ընդ որում էլեկտրաէներգիան զգալի չափով սուբսիդավորվում էր պետության կողմից։
Ոչ թե միայն ռեպրեսիաները, այլ հենց այս քաղաքականությունն էր երաշխավորում ռեժիմի կայունությունը։ Բնակչության մեծ մասն աչք էր փակում քաղաքներում մարդկանց խոշտանգումների և բանտարկությունների վրա։ Ասադն ու նրա շրջապատը հաստատապես հավատում էին, որ մարդն ընդամենը տնտեսական էակ է, և եթե բազային կարիքները բավարարվեն՝ կապստամբի միայն չնչին փոքրամասնությունը («առավելագույնը մեկ կամ երկու հարյուրի համար էր ի սկզբանե նախատեսվել Մեզեի բանտը», – նկատեց Ասադը)։ Կրտսեր Ասադի դեմ 2011-ի դիպվածային ապստամբությունը հետևանք էր նրա նեոլիբերալ շրջադարձի, գյուղացիության բացառման։ Երբ այն վերաճեց դաժան քաղաքացիական պատերազմի, կարգավորման կարող էր բերել փոխզիջումը և իշխանության բաշխման գործարքը, բայց ապարատչիկները, որոնք հիմա բանակցություններ են վարում Էրդողանի հետ, դեմ էին այդպիսի դասավորումներին։
Դամասկոս կատարած իմ այցերից մեկի ժամանակ պաղեստինցի ինտելեկտուալ Ֆեյսալ Դարաջը խոստովանեց՝ Մուխաբարաթի գործակալը, որը արտասահմանում կոնֆերանսների մասնակցելու համար երկիրը լքելու թույլտվություն էր տալիս իրեն, միշտ նախապայման էր դնում․ «Բոդրիյարի ու Վիրիլյոյի նոր գրքերը կբերեք»։ Հաճելի է գործ ունենալ կրթված դահիճների հետ, ինչպես կարող էր ասել արաբ մեծ արձակագիր Աբդելռահման Մունիֆը՝ ծագումով սաուդցի Բաաս կուսակցության առաջատար ինտելեկտուալը։ Մունիֆի՝ 1975 թվականի վեպը՝ «Շարք ալ-Մութավասիտ» (Միջերկրածովի արևելքը), ընկճող պատմություն է քաղաքական խոշտանգումների և բանտարկությունների մասին։ Եգիտպացի գրականագետ Սաբրի Հաֆեզն այն նկարագրել է որպես գիրք, որը «բացառիկ ուժ ու փառասիրություն ունի և ձգտում է նկարա-գրել կատարյալ քաղաքական բանտը՝ իր բոլոր տարատեսակներով»։ 90-ականներին, երբ խոսում էի Մունիֆի հետ, նա դեմքի տխուր արտահայտությամբ ասում էր՝ դրանք թեմաներ էին, որոնք գերիշխում էին արաբական գրականությունում և պոեզիայում․ սա ողբերգական մեկնաբանություն էր արաբ ազգի վիճակի մասին։ Այսօր էլ փոփոխությունների նշույլ չկա։ Նույնիսկ եթե ապստամբներն ազատել են Ասադի բանտարկյալներից որոշներին, շուտով կարող են փոխարինել նրանց սեփականներով։
ԱՄՆ-ն ու ԵՄ մեծ մասն անցած տարին անցկացրեցին Գազայում ընթացող ցեղասպանությունը պահելով և պաշտպանելով։ ԱՄՆ-ի տարածաշրջանային կլիենտ-պետությունները մնում են անձեռնմխելի, մինչդեռ երեք ոչ-կլիենտները՝ Իրաքը, Լիբիան և Սիրիան, գլխատված են։ Վերջինիս անկումը խափանում է մատակարարման գիծը, որով իրար էին կապվում հակասիոնիստական մի շարք ֆրակցիաներ։ Գեոստրատեգիկ իմաստով դա Վաշինգտոնի և Իսրայելի տրիումֆն էր։ Հարկավոր է սա ընդունել, բայց հուսահատվել պետք չէ։ Թե ինչպես կվերակազմավորվի արդյունավետ դիմադրությունը, կախված է Իսրայելի և պաշարված Իրանի միջև առաջիկա առճակատումից։ Իրանը ընդհատակյա ուղիղ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Թրամփի շրջապատի որոշ անդամների հետ՝ միաժամանակ արագացնելով իր միջուկային ծրագրերի զարգացումը: Իրավիճակը հղի է վտանգներով։
Տարիկ Ալի
դեկտեմբերի 9, 2024
անգլերեն բնագիրը՝ New Left Review