Փետրվարի 1-ին ուժի մեջ են մտնելու հանրային տրանսպորտի նոր սակագները․ մի քանի օրից երևանցիների մեծ մասը ստիպված է լինելու երթևեկության համար կրկնակի գումար վճարել։
Համատարած դժգոհությունների ֆոնին քաղաքապետարանը փոքրիկ զիջումների է գնացել։ Թանկացումները չեն չեղարկվի, պարզապես կվերանայվեն որոշ փաթեթների ժամկետները և կէժանանա 10 ուղևորության համար նախատեսված փաթեթը՝ 2200 դրամի փոխարեն 2000 դրամ։ Մեկ ուղևորության արժեքն այս փաթեթով 200 դրամ է կազմում՝ գործող սակագնից 2 անգամ թանկ։ Ընդ որում, փաթեթը գործում է ընդամենը 30 օր, այսինքն՝ եթե մեկ ամսվա ընթացքում 10 ուղևորությունները չսպառվեն, մնացորդը կփոշիանա։
Առաջարկվող փոքրիկ փոփոխությունները կքննարկվեն ավագանու փետրվարի 11-ի նիստում, մինչ այդ կգործեն արդեն հաստատված կարգավորումները։ Ավագանու ընդդիմադիր ֆրակցիաները և մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ ստորագրահավաք են անում և առաջարկում երևանցիներին բոյկոտել թանկացումները։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս քաղաքացիների հետ հանդիպում էր կազմակերպել։ Նրա ղեկավարած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը թանկացումների դեմ ստորագրահավաք է անում, տասնյակ հազարավոր ստորագրություններ են հավաքել։ Նախկին քաղաքապետն առաջարկում է բոյկոտի արշավ սկսել՝ մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, խուսափել վարորդների հետ վեճերից, բայց և հրաժարվել ավել գումար մուծելուց։ Նրան միացել է նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», մինչ այդ, զբաղված է թանկացումների գովազդով։ Սակագնի բարձրացումը ներկայացվում է որպես տրանսպորտի արդիականացման մաս։ Իշխանությունները խոստանում են ընդլայնել ավտոպարկը, առաջարկում են խուսափել հանրային տրանսպորտի սուբսիդավորումից։ Էլեկտրոնային վճարման համակարգը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի միջոց։
Հունվարի 1-ից մանրադրամով ուղեվճար տալ այլևս չի կարելի։ Մարդիկ ստիպված են վճարել QR-կոդերով․ գնում ես կտրոն, ստանում ես միանգամյա օգտագործման կոդ։ Ուղեվարձը հնարավոր է վճարել Telcell ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի, բանկային քարտի միջոցով։
Համակարգը միշտ չէ, որ նորմալ գործում է. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք երբեմն ուղղակի չեն աշխատում։
Քաղաքապետարանը Telcell-ին փաստացի հասանելիություն է տվել հարյուր հազարավոր քաղաքացիների անձնական տվյալներին, սակայն չի պահանջում տեխնիկական խնդիրները լուծել։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տոմսային վալիդատորների խափանումներն ըմբռնում է։ Ըստ նրա՝ ընկերության վալիդատորները սահմանափակ «հիշողություն» ունեն, և դրա համար տոմսերը պիտի արագ սպառել։
Ընդամենը 9 օրից ուժի մեջ են մտնելու նաև նոր սակագները։ Քաղաքապետարանը հատուկ կայք է ստեղծել՝ transport.yerevan.am։ «[Կայքում] կարող եք ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով, հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը, առցանց ձևակերպել արտոնությունները», – գրել է քաղաքապետ Ավինյանը։
Երևանցիներին 7 փաթեթ է առաջարկվում․
— 90 րոպեի փաթեթ՝ 300 դրամ (մեկուկես ժամվա ընթացքում առավելագույնը 3 ուղևորության հնարավորությամբ)։ Փաստացի, սա միանվագ ուղևորության միակ տարբերակն է նաև։ Եթե ընդամենը մեկ անգամ եք օգտվելու տրանսպորտից, 300 դրամից պակաս վճարել չեք կարող։
— 1 օրվա փաթեթ՝ 900 դրամ (24 ժամվա ընթացքում առավելագույնը 8 ուղևորություն)
— 7 օրվա փաթեթ՝ 5000 դրամ (մեկ ամսվա ընթացքում առավելագույնը 30 ուղևորություն)
—30 օրվա փաթեթ՝ 9000 դրամ (անսահմանափակ ուղևորություններ)
— 90 օրվա փաթեթ՝ 24 000 դրամ (անսահմանափակ ուղևորություններ)
— 365 օրվա փաթեթ՝ 90 000 դրամ (անսահմանափակ ուղևորություններ)
Հանրային տրանսպորտի թանկացումը քաղաքային իշխանությունները բացատրում են բարեփոխումների անհրաժեշտությամբ, սակայն չեն տալիս կոնկրետ խոստումներ՝ արդյոք հանրային տրանսպորտը կունենա առանձին երթևեկության ուղի, արդյոք կլինի ավտոբուսների ժամանման մասին չվացուցակ, արդյոք կավելացվեն երթուղիներ և կարվեն այլ կոնկրետ քայլեր ծառայության որակը բարձրացնելու համար։
Քննադատները նկատում են, որ Երևանի համայնքային բյուջեն աճում է շեշտակի և տրանսպորտը բարեփոխելու համար պարտադիր չէր նման թանկացումներ անել։ Երևանում, հատկապես Կենտրոն թաղամասում, գույքահարկը բարձրացվել է։ Ըստ 2021 թվականի օրենքի այն հաշվարկվում է ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով և ըստ գոտիների։ 2025 թվականից գույքահարկի նոր սակագինը կկիրառվի 75 տոկոսով։ Սակագինը քիչ-քիչ է բարձրանում՝ շոկային չլինելու համար։
Վերջերս ավելացվել է նաև աղբահանության վճարը։ Այն կգանձվի ոչ թե բնակիչների թվով, այլ ըստ բնակարանի մակերեսի։