Home / Դատարան / Անարդար է, եթե Վանաձորի նախկին քաղաքապետը նստի. Գորիսինը պաշտոնի է

Անարդար է, եթե Վանաձորի նախկին քաղաքապետը նստի. Գորիսինը պաշտոնի է

Հակակոռուպցիոն դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնավարման տարիներին Վանաձորի համայնքային հողերի ապօրինի օտարման համար։ Դատարանը նրան ազատազրկել է 4 տարի 4 ամիս ժամկետով, որից 2 տարի 7 ամիսն Ասլանյանն արդեն իսկ անազատության մեջ է եղել: Նախկին քաղաքապետը հայտարարել է, որ որոշման հետ համաձայն չէ և բողոքարկելու է։

2021 թվականին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Դատախազությունը՝ ՊՎԾ-ի հաղորդման հիման վրա, համայնքային տարածքներն օտարելու մասով քրեական գործ էր հարուցել։ Գործով մեղադրյալներ էին իրավաբանության բաժնի պետը, համայնքի ճարտարապետը և Վանաձորի նախկին քաղաքապետը։

Գործը քննվում էր երեք տարի։ Ասլանյանը կալանքի տակ էր ընդհուպ մինչև 2024 թվականի հուլիս, երբ դատարանը նրան ազատ արձակեց 10 մլն գրավի դիմաց։

Բացի ազատազրկումը, նախկին քաղաքապետին երեք տարի արգելվում է հանրային պաշտոն զբաղեցնել։

«Ուղղակի ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանի կարծիքով Դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ 2025-2026 թվականներին Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։

«Եթե Ասլանյանը բողոքարկի դատարանի որոշումը, ամենայն հավանականությամբ, կալանքը կփոխարինվի պայմանական ազատազրկմամբ։ Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի նա չլինի այլևս թեկնածու», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Քոթանջյանը։

Նույնաբովանդակ վճիռ, ըստ Քոթանջյանի, կա նաև Առուշ Առուշանյանի նկատմամբ, որն այժմ Գորիս համայնքի ղեկավարն է։ Դատարանը վերջինիս նկատմամբ արգելք էր սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու մասով, սակայն համայնքի ավագանու որոշմամբ նա շարունակում է պաշտոնավարել։

«Եթե այստեղ լինի ճնշում, եթե Ասլանյանին նստացնեն, ստացվում է, որ համատարած անարդարության մեջ մեկ հոգու դեմ է կիրառվում այդ արդարադատությունը, որը ավելի անարդար մոտեցում է, քան այն, որ իրեն էլ ազատ թողնեն ու ասեն՝ պաշտոնավարի», – ասել է Քոթանջյանը։