Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը քիչ առաջ հրաժարվեց գործադուլավորների հետ բանակցությունների և կոմպրոմիսների գնալու խոստումից։ Երեկ երեկոյան ԶՊՄԿ-ն օրինական էր ճանաչել «գործադուլը», ինչը աշխատավարձի բարձրացում պահանջող բանվորները համարել էին իրենց առաջին հաղթանակը։ Գիշերը խարույկի մոտ նրանք քննարկել են իրենց բանակցային պահանջները։ Որոշվել է երեք պահանջ համարել առաջնային. աշխատավարձի, առողջապահության ապահովագրության հարցը և հավաստացումը, որ ոչ ոք չի հեռացվի աշխատանքից։ Մյուս հարցերը՝ աշխատանքային պայմանների լավացման, սննդի, կրթական դրամաշնորհների, որոշվել է թողնել բանակցությունների երկրորդ փուլի համար։
Առավոտյան 10-ին գործադուլավորներից մի քանի պատվիրակ գնացել են կոմբինատի ներկայացուցիչների հետ «բանակցությունների»։
Մի քանի ժամ անց նրանք դուրս են եկել և հայտնել, որ բանակցություններ իրականում տեղի չեն ունեցել. ԶՊՄԿ-ի կողմը չի բանակցել։
«Մտել ենք, ստացել ենք պատասխան՝ կոմբինատը աշխատացրեք, եկեք՝ բանակցենք։ Գնացեք աշխատեք, հետո եկեք բանակցությունների։ Ոչ մի կոմպրոմիս չկա։ Իրանք մեզ մարդու տեղ չեն դնում։ Իրանք պատասխանը ստանալու են», – հայտարարել է գործադուլի մասնակից Շավարշ Մարգարյանը։
Ավելին՝ գործադուլավորներին կարող են գալ ծանուցումներ՝ բացատրագիր գրելու պահանջով։ Հետագա քայլերը որոշելու համար գործադուլավորները նորից քննարկում են կազմակերպել, որտեղ կարող են արտահայտվել բոլորը և գալ ընդհանուր հայտարարի։ Ինքը՝ Մարգարյանը հայտարարել է, որ պետությունն այլևս չի կարող լռել և պետք է պահանջել, որ Նիկոլ Փաշինյանը գա Քաջարան։
«Պետությունը սա չի կարա անտեսի, վարչապետը պիտի գա։ Ես երեկ դեմ էի բանակցություններին՝ թող իրանք գան։ Տղեքը ասեցին՝ դա կտրուկ մոտեցում է։ Իտոգում իրենք էլ չէին եկել բանակցություններին։ Մենք չպիտի խնդրենք վարչապետին։ Ինքը պարտավոր է մեր մասին մտածել։ Մեզ ստեղ նեղացնում են։ Այսինքն՝ մեզ ասում են, ձեր խոսքը չի անցնում, գնացեք աշխատեք։ Թե չէ պատժելու ենք փողի դուբինկով։ Էլի եմ ասում՝ մեր իրավունքները խախտվում են։ Մենք էլ ապրում ենք անունով ժողովրդավար երկրում։ Հիմա տեսնենք՝ ռեալ ժողովրդավար է թե չէ, էդ մարդը գալո՞ւ է մեզ պաշտպանի, թե չէ», – ասել է նա։