ԶՊՄԿ-ի տնօրինությունը այսօր աշխատանքից հեռացրել է գործադուլին մասնակցող ութ բանվորների, այդ թվում՝ շարժման համակարգող խորհրդի անդամներ Շավարշ Մարգարյանին և Վահե Մխիթարյանին։ «Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց»,- հայտարարությունով սպառնացել է կոմբինատի տնօրինությունը։
Գործադուլավորներից Հենզել Սողոմոնյանը Epress.am-ին հայտնել է, որ այս քայլը չի իրենց չի վախեցրել և գործադուլը «նույն ակտիվությամբ» շարունակվելու է նաև վաղը։
Նրա խոսքով՝ առավոտյան «պետերը», շրջանցելով բանվորներին, փորձել են վերագործարկել կոմբինատը, սակայն չեն կարողացել։ «Իրենք ձևը չգիտեն, բանվորը պիտի պուսկ տա», – ասել է Սողոմոնյանը։
Ցերեկը կոմբինատի տարածքում ոստիկանական զորքեր են հայտնվել։ Նրանք հորդորել են բանվորներին վերադառնալ աշխատանքի, բայց ուժ չեն կիրառել։
Գործադուլի համակարգող խորհրդի անդամ Շավարշ Մարգարյանը ֆեյսբուքով հորդորել է ոստիկանության ներկայությունից չկաշկանդվել․ «Գումարտակի հրամանատարը հայտարարել է, որ Կառավարությունը կանգնած է քաղաքացիների կողքին, ոչ ոք չի պատժվելու գործադուլի համար։ Կարանք համարենք սա լավ լուր»։
ԶՊՄԿ-ն այսօր նաև հայտարարել է գործադուլից ստացած վնասների մասին և պահանջել «օրենքով նախատեսված պատասխանատվություն»։
«Ընկերությանը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։ Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն», – «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ հայտնել են ԶՊՄԿ-ից։
Հենզել Սողոմոնյանի խոսքով, ԶՊՄԿ-ն այժմ օգտագործում է նաև իրեն պատկանող մեդիա ռեսուրսները գործադուլավորողների մասին ստեր տարածելու համար։
Syunik TV-ի ռեպորտաժով ԶՊՄԿ-ն, օրինակ, հայտարարել է, թե Սողոմոնյանը ստել է, որ ապահովագրական ընկերությունը և կոմբինատի հիմնադրամը հրաժարվել են փոխհատուցել աշխատակցի երեխայի առողջապահական ծախսերը։ Սողոմոնյանի խոսքով՝ միայն լրատվամիջոցներով հայտարարություններից հետո է նրա հաշվին անհայտ հաշվեհամարից գումար փոխանցվել։ «ԱՊՊԱ-ից զանգել են, որ կգան կհանդիպեն ինձ հետ, որ չեքերը ցույց տամ։ Մինչև հիմա չեն եկել»,- ասել է նա։
Տե՛ս
Երևանից Քաջարանի բանվորների խնդիրները չեն երևում. նախարարը խոսեց
Մեզ մարդու տեղ չեն դնում. ԶՊՄԿ շեֆերը չեկան բանակցությունների
Հանրայնացրե՛ք վերնախավի աշխատավարձները. Քաջարանում գործադուլը շարունակվում է
Ինչու են Քաջարանում գործադուլ անում