Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում, փետրվարի 18-ից նա հացադուլի մեջ է՝ հյուծված վիճակում, դատական վերջին նիստին մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել, ու չնայած այս ամենին՝ ադրբեջանական դատարանը մերժել է պաշտպանների 5 միջնորդությունները և հրաժարվել դատական նիստերը հետաձգելուց։ Այս մասին ահազանգել է Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը, որին ադրբեջանական իշխանությունները արգելում են անգամ տեսակցել իր պաշտպանյալին։
Փետրվարի 25-ի դատավարությանը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, բիզնեսմեն, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը վատացել է, բայց նիստը, ըստ փաստաբանի, չեն հետաձգել։ Փոխարենը պետական բժիշկ են կանչել, իսկ հետո՝ հրաժարվել հանրայնացնել ախտորոշումը։ Ադրբեջանական մամուլում հրապարակված վերջին լուսանկարներից երևում է՝ Վարդանյանը հյուծված վիճակում է, դեմքին վնասվածք կա։ Հայաստանցի իրավապաշտպանները վստահ են՝ Բաքվում նա դաժան վերաբերմունքի է ենթարկվում։
լուսանկարը՝ փետրվարի 25-ի դատական նիստից/ apa.az
Այսօր Վարդանյանի հացադուլի 10-րդ օրն է, 7 օրում, ըստ փաստաբան Գենսերի, նա 6 կգ նիհարել է, զարկերակային բարձր ճնշում ունի։ Փաստաբանը կոչ է արել աշխարհի առաջնորդներին և Հայաստանի վարչապետին՝ դատապարտել Բաքվի ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի, իսկ Ադրբեջանի բանտեր հասանելիություն ունեցող միջազգային կազմակերպություններին՝ այցելել Վարդանյանին, թույլ տալ, որ նրան տեսակցի միջազգային թիմի բժիշկը, իսկ դատավարությունը հետաձգվի, քանի դեռ նա հացադուլի մեջ է:
«Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ», – գրել է փաստաբանը:
Հայտարարություն է տարածել նաև Վարդանյանի որդին՝ Դավիթը. «Հորս ցմահ ազատազրկում է սպառնում մի երկրում, որտեղ սեփական քաղաքացիների իրավունքներն են խախտվում, մի երկրում, որ 40 տարի մեկ ընտանիք է ղեկավարում: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում անկախ դատական համակարգ չկա, և այս դատավարությունները քաղաքական են»։
լուսանկարը՝ փետրվարի 25-ի դատական նիստից/ apa.az
Ռուբեն Վարդանյանն արդեն մոտ 500 օր է՝ Բաքվի բանտում է։ Նրան ձերբակալել են 2023-ի սեպտեմբերին Հակարիի կամրջի վրա։ Մեկօրյա պետարզմից հետո նա տասնյակ հազարավոր հայերի հետ միասին փորձում էր լքել Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղը։
Վարդանյանը արդեն երկրորդ անգամ է հացադուլի դիմում` ընտանիքի միջոցով բարձրաձայնելով իր նկատմամբ անօրինականությունների, նվաստացումների ու խոշտանգումների մասին: Հացադուլով նա բողոքում է դատարանում ընթացող ֆարսի դեմ․ «Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է»։ Նրա գործը քննում է ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը: Միջազգային փաստաբանական թիմին չեն թույլատրում զբաղվել նրա պաշտպանությամբ, նույնիսկ Վարդանյանին բավարար ժամանակ չի տրվել՝ ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին (մեղադրական եզրակացություն ու այսպես կոչված ապացույցներ) ծանոթանալու համար։
Վարդանյանից բացի՝ ադրբեջանական բանտերում են պահվում նաև Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԼՂ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ նախկին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ևս 8 հայազգի պատանդներ, որոնց թվում կան թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական անձինք։
15 հոգի, մեծ մասը՝ նախկին պաշտոնյաներ կամ զինվորականներ, դատվում են միացված գործով։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։
Նրանց մեղադրում են պատերազմական հանցագործությունների մեջ, ընդհուպ մինչև՝ հազարավոր ադրբեջանցիների սպանության մեջ։ Մեղսագրվող արարքների ցանկում կան նաև ահաբեկչական հոդվածներ։ Ապացույցներ չեն հրապարակվել։ Շատերին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։