Ինչ են արել զինվորների հետ հրդեհից առաջ. հարազատները փողոցներ էին փակել
Վարդենիսում, Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ի այրված 15 զինվորների ծնողերն առավոտյան փակել էին կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ պողոտան և Ամիրյան փողոցը։ Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Մոտ երեք ժամ տևած ակցիայի ընթացքում կառավարությունից ոչ ոք ծնողների մոտ չիջավ։ Ավելի ուշ տեղեկացրեցին, որ երկու ժամից նրանց կընդունի վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը, կքննարկեն հանդիպման հնարավորությունը։ Զինծառայողների հարազատները երեք օր առաջ էլ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ նույն պահանջով։ Այն ժամանակ նրանց հետ բանակցելու էր եկել Գեղարքունիքի մարզպետը, համոզել էր ապաշրջափակել ճանապարհը։ քննությունը ծածկադմփոց կանեն Ծնողները դժգոհ են քննության ընթացքից, ասում են՝ պաշտոնական վարկածին չեն հավատում, գործը ծածկադմփոց է արվում, թե ինչպես է բռնկվել հրդեհը, ինչպես են մոխրացել 15 զինծառայողները՝ կարող են նույնիսկ չիմանալ։ տե՛ս Երեխաներին բանակ չուղարկեք․ այրված զինվորների ծնողները հետաքննություն են արել Զոհվածներից 13-ի իրավահաջորդներին ներկայացնում է փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ Ավելի վաղ նա ազդարարել էր՝ սեփական հետաքննությունն են սկսում։ Դեպքի վայրի զննությունն ու պաշտոնական հայտարարությունների համադրությունը, ըստ նրա, բազմաթիվ հարցեր է ջրի երես հանել․ «Հրդեհը, կարծես, երկրորդ արարն է, իսկ հրդեհից առաջ ի՞նչ է տեղի ունեցել։ Այս հարցի պատասխանը մենք չունենք։ Շան գլուխը այստեղ է թաքնված»։ Իրավապահները հավաստիացնում են՝ այն, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործմամբ վառարանը թեժացնելուց, հաստատել է նույնիկս գործով առանցքային մեղադրայլ, կապիտան Եղիշե Հակոբյանը։ Պաշտոնական վարկածը, ըստ Քննչականի, վերահաստատվել է նաև հդեհը վերապրած զինվորների ցուցմունքներով։ Ծնողները սրան չեն հավատում։ Ասում են՝ կացարանում ոչ կանոնադրական հարաբերություններ են եղել, զոհված տղաները պատմել են սպաներից մեկի հետ կոնֆլիկտի, ծեծկռտուքի մասին։ Նրանք չեն բացառում, որ հրդեհը «կազմակերպվել է»՝ ինչ-որ այլ բան թաքցնելու համար։ տե՛ս Վարդենիսի հրդեհի մասին վկայությունները հակասական են «Փոխանակ այս երեք ամիսների ընթացքում վարչապետը և ՊՆ ղեկավարը իրենք հանդես գային նախաձեռնությամբ, հանդիպեին ծնողների հետ, ներողություն խնդրեին, որ չեն կարողացել խաղաղ պայմաններում ապահովել զինվորների կյանքի իրավունքը, նրանք համառորեն խուսափում են նման հանդիպումից», - հայտարարում է Նորիկյանը։ Ըստ փաստաբանի՝ ծնողների կասկածամտությունը հիմնվում է, մի կողմից, իշխանությունների այս համառության, մյուս կողմից՝ նրա վրա, որ գործադիր իշխանությունը դեպքից ժամեր անց, երբ դեռ դիերը չէին ներկայացվել փորձաքննության, «արտակարգ դատարան» էր բեմադրել, վարչապետը վարկածներ էր հրապարակում և մեղավորներ կարգում։ Հետագա ողջ քննությունն ընթացել է առաջին իսկ պահին հրապարակված վարկածի շրջանակներում։ Անցած երեք ամիսների ընթացքում առարկայական հակասություններ էլ են ի հայտ եկել։ Զոհերի հարազատները վստահ են, որ դրանք պատահական չեն։ ծնողները հարցեր են տալիս Ինչո՞ւ են 20-ից ավել զինվորների պահել երկսենյականի փոքրիկ տնակում՝ առանց տարրական կենցաղային պայմանների։ Ինչո՞ւ է վառարանը մուտքի մոտ տեղադրված եղել, ինչո՞ւ էին բոլոր պատուհանները փակված ճաղավանդակներով։ Ինչո՞ւ էր ԱԻՆ գնդապետն ի սկզբանե հայտարարում, որ զոհերի մարմինները մահճակալների վրա են հայտնաբերվել։ Ինչո՞ւ է նրա այս հայտարարությունը հետագայում հերքվել՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Հակասական հաղորդումներից ո՞ր մեկին է պետք վստահել։ տե՛ս Ովքե՞ր են հանել այրված մարմինները. ծնողները հանդիպելու են զինդատախազի հետ Ինչո՞ւ ԱԻՆ-ը դեպքի վայրի լուսանկարներ չի արել, ո՞րն է պատճառը, որ այրված զինվորների մարմինները և կացարանը չեն նկարահանվել։ Ովքե՞ր են զինվորների մարմինները դուրս հանել ննջարանից մինչև քննչական գործողությունների սկսվելը։ Ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրը։ Եթե հրդեհը բենզինից է բռնկվել, ինչո՞ւ է դատաբժշկական փորձաքննությունը փաստում, թե զինվորները մահացել են շմոլ գազի թունավորումից։ Պաշտոնական վարկածից բացի՝ այլ վարկած քննվո՞ւմ է Այս հարցերի պատասխաններից ոչ մեկը ծնողներին չի համոզել։ Դեպքից հետո զոհերի հարազատները այցելել են այրված կացարան, «մաղել են ամբողջ հողը, 7 հեռախոս են գտել, ժամացույցներ են գտել»։ Հարցնում են՝ ինչպե՞ս է ստացվել, որ քննիչներն այս առարկաները չեն առգրավել, չեն կցել գործի նյութերին։ Ամենաշատը նրանց անհանգստացնում է այն, որ կացարանի հատակը ավելի քիչ էր վառված, քան մահճակալների հատվածները։ Ո՞նց է ստացվել, որ ամենաշատը հենց զինվորների երկաթյա մահճակալներն են այրվել։ Ինչո՞ւ են զինվորների մարմինները գլխից վառվել։ «Մեր վարչապետին հալալ լինի, մեր գերագույն թագավորին, որին մենք բերեցինք, կարգեցինք և որը լայաղ չի անում իրա ժողովրդի հետ մի հատ խոսակցություն վարի։ 15 զինվորի գլուխ ուտելը հեշտ բա՞ն է։ Դնեն, վառեն միանգամից ու հայտարարեն, թե քնած են եղել։ Որտե՞ղ են տեսել, որ զինվորը սապոգներով պարկի քնի։ Սուտ է։ 5 րոպե չանցած, գնդապետը մտել է․․․ Ով է թույլ տվել գնդապետին մտնել այնտեղ։ Համ գնդապետն է մտել, համ չգիտեմ՝ էլ ով։ Միանգամից տարել են երեխեքին մորգ՝ անունները վրները կպցրած։ Եթե այդ երեխեքը վառված էին, ոնց հասկացան՝ ով ով է։ Մի օր հայտարարում են՝ մի բաժակ բենզին լցրեց, երկրորդ օրը հայտարարում են՝ 3 լիտր բենզին ա եղել, հետո ասում են՝ շմոլ գազից մահացան։ Իրենք ո՞ւմ են խոտի տեղ դրել», - կառավարության դեմը կանգնած հարցնում էր զոհված Գագիկ Բարսեղյանի հորաքույրը։ կամ սպանել են, կամ ապացուցեք, որ չէ Հայկ Կիրակոսյանի մայրը վստահ է՝ երեխեքին հատուկ սպանել են, հրդեհն էլ կազմակերպել են, որ հետքերը թաքցնեն։ Ասում է՝ քանի դեռ քննիչները հակառակը չապացուցեն, ինքը այդպես է մտածելու։ «Որ մեր երեխեքը փախնեին, հիմա այստեղ չէինք լինի։ Մենք առողջ երեխեք ենք տվել ձեզ, ո՞ւր են հիմա։ Էտ մենք ենք, որ էսօր մնացել ենք մեր երեխի նկարի առաջ, գնում ենք գերեզմաններ, չգիտենք ինչ անենք, որ մեր երեխուն հետ բերենք։ 18 տարի պահել ենք, առողջ երեխեք ենք տվել։ Մկան ձա՞գ էին, որ չկարենային այնտեղից դուրս գալ; Դիտավորյալ, ինադու սպանել են մեր երեխեքին ու վերջ։ Ինչի՞ համար ենք մենք առհասարակ երեխա բերում ու տալիս էս պետությանը», - ասում է կինը։ Նա չի հավատում ո՛չ նրան, որ տղաները քնած են եղել, ոչ էլ նրան, որ չեն կարողացել տնից դուրս գալ․ «Այնտեղ ամենաշատը վառվել են մեր երեխեքի անկողինները ու մահճակալները։ Չէր կարա նենց հրդեհ լիներ, որ երեխուն 98 աստիճան այրի, որ երեխեն լրիվ մոխիր դառնա, անճանաչելի լինի։ Էտ երեխեքը գնացին նեյտրալ զոնա, ականներ տեղադրեցին, թուրքը իրանց խնայեց, մեր հայերը սպանեցին։ Ո՞ւր ա էտ կապիտանը։ Թող գա՝ կանգնի մեր առաջ։ Ինչի համար էր ինքը էնտեղ գնացել։ Էտ երեխեքի մոտ երբեք կապիտան չի եղել, իրենք էնտեղ միշտ մենակ են եղել։ Ինչի՞ համար էր էտ օրը գնացել»։ Վարչապետը իրենց հետ հանդիպումից, ըստ նրա, հատուկ է խուսափում․ «Ձեռքս թող կոտրվեր, չէթայի իրան երկու անգամ ընտրեի։ Նա ինսան չի», - ասում է կինը․ «Մենք կորցրել ենք մեր երեխեքին, էլ հետ չենք բերի։ Բայց մենք սա անում ենք, որ գոնե մյուսները փրկվեն։ Մենք դեռ ուրիշ երեխեք ունենք, դեռ բանակում ուրիշ զինվորներ ունենք։ Թող վաղը մյուս օրը ուրիշներն էլ ստեղ չհայտնվեն» պաշտոնական վարկածը անփոփոխ է Այս քրեական գործով այժմ հինգ մեղադրյալ կա, երեքը կալանքի տակ են, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել զինվորական կացարանի վառարանը, ինչից էլ ծագել էր հրդեհը։ Մյուս մեղադրյալները բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին զորամասի հրդեհային անվտանգության համար։ Ծնողները մինչ այս մի քանի անգամ ասուլիս են արել, ցույցի են հավաքվել պաշտպանության նախարարության մոտ։ Վերջերս նաև զինվորական դատախազին էին հանդիպել։ Զինծառայողների դիտավորյալ սպանության կամ հրդեհի միջոցով ինչ-որ հետքեր պարտակելու վերաբերյալ հայտարարությունները շաբաթներ առաջ Քննչական կոմիտեն ապատեղեկատվություն էր որակել։ Ծնողների պնդումները գտահատվել էին որպես փաստերի հետ «որևէ աղերս չունեցող»։ «Ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը», – փետրվարի վերջին հայտարարել էր ՔԿ-ն՝ շեշտելով՝ նույնիսկ կապիտան Հակոբյանն է հաստատել դա։
Կանանց առաջարկում են 1 միլիոնի դիմաց ծառայել բանակում
Ծառայությունը կտևի 6 ամիս․․․
Լողացող հայրենիքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության. ԱԺ-ից
Երևակայական պետության սահմանները կարող էին ձգվել Աղվանքից մինչև Կիլիկիա, բայց Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ․․․
Սլավոնականի ռեկտորը կորցրել է Մոսկվայի և Երևանի աջակցությունը
«Ռուսասիրությունն» ու «հակաադրբեջանականությունը» չօգնեցին
90 եմենցի զոհվել է փողի հերթում, ևս 14 միլիոնը կարող է սովամահ լինել
Տեղացի մեծահարուստները խոստացել էին, որ Ռամադանi առթիվ կարիքավորներին 9 դոլար ողորմություն կտան․․․
ՔԿԾ-ն չի հաղորդում Նուբարաշենի բանտում դանակահարության մասին
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը դանակահարել է բանտի հերթապահին ու 2 ծառայողի՝ գրում է shamshyan.com-ը․․․
Սուդանի բանակայինները պատերազմում են իշխանության համար․ մանրամասները
Մի կողմից կանոնավոր բանակն է, մյուս կողմից՝ գեներալ Դաղալոյի զորքը, որը հայտնի է Ջարֆուրի ջարդերով և 2019-ի...
Ախթալայի կոմբինատը հրաժարվում է հաշմանդամ դարձած հանքափորից
Հայաստանն արձագանքել է Իլհամ Ալիևի ասածներին
Ալիևը ընդունում է Հայաստանի նկատմամբ ծրագրավորված ագրեսիայի փաստը և բացահայտում Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների․․․
Ղեկավարության աչքի առաջ ծեծել են Տեղի ավագանու հարցեր տվող անդամին
Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն էր՝ «ի՞նչ օրենքով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղի բնակիչներով և մարդկանց սահման տանել»
Ախթալայի կոմբինատը հրաժարվում է հաշմանդամ դարձած հանքափորից
Վահացություն էլ է եղել, մատներ են կտրվել, պատահել է, որ մարդկանց կոտրվացքներով տուն են ուղարկել՝ հորդորելով, որ ոստիկաններին ասեն․․․
Ալիևը վերջնագիր է ներկայացրել Ղարաբաղի հայերին և հիշել Փաշինյանի «Արցախը․․․»
Ղարաբաղի հայերը «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»՝ կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Պետական հեռուստատեսությանն այսօր տված հարցազրույցում Իլհամ Ալիևը սպառնացել է՝ խաղաղության պայմանագրին Հայաստանն ուզած-չուզած համաձայնելու է․ «Վերջին երկու տարիներին հայկական կողմի դիրքորոշումնեերում տարբեր վայրիվերումներ են եղել։ Այժմ մեզ թվում է, որ Հայաստանը սկզբունքորեն համաձայն է մեր մոտեցմանը։ Որովհետև այլ տարբերակ չկա»։ Հաշտության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտության մասին խոսելիս Ադրբեջանի նախագահը հատուկ շեշտել է, որ Բաքուն հզորացնում է բանակը և «պատրաստ է ցանկացած իրավիճակի»։ 44-օրյա պատերազմը նա ներկայացրել է որպես «մենք ջախջախեցինք թշնամու գլուխը», հետագա էսկալացիաների կոնտեքստում էլ հայտարարել, թե Ադրբեջանի դրոշն այժմ «ծածանվում է նաև Զանգեզուրի սարերին» և այդ մասին ոչ ոք «թող չմոռանա»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից Ալիևը պահանջել է խմբագրել «Արցախը Հայաստան է և վերջ» իր մինչպատերազմական հայտարարությունը և հստակ հայտարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ «Եթե «Ա»-ն ասել է, «Բ»-ն էլ պետք է ասի»: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ նրա, Երևանն արդեն իսկ ճանաչել է․ Պրահայում և Սոչիում 2022 թվականին տեղի ունեցած հանդիպումներին հայտարարություններ են ստորագրվել, որոնցով կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով խորհրդային հանրապետությունների սահմանները ճանաչվել են նորանկախ հանրապետությունների սահմաններ։ Այս կոնտեքստում Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է», որը Բաքուն չի պատրաստվում քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ երկրի հետ։ Մինչ Երևանը, Ստեփանակերտը և արևմտյան որոշ երկրներ հայտարարում են խնդրի կարգավորման (Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ավտնագության շուրջ բանակցությունների համար) միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին, Ալիևը սպառնում է՝ Ղարաբաղի հայերը «կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կամ բնակության այլ վայր փնտրեն»։ «Այստեղ ազատություն է, առաջարկվում են բոլոր դեմոկրատական հիմքերը։ Հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա», - հավաստիացրել է տարածաշրջանի ամենաավտորիտար երկրի ղեկավարը։ Համանման հայտարարություն Ալիևն արել էր նաև այս տարվա հունվարին, Երևանը այն գնահատել էր որպես էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության ուղիղ և հրապարակային ապացույց։ Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածը բլոկադայի ենթարկելուց հետո (Ղարաբաղի շրջափակումն արդեն ամիսներ է տևում) Բաքուն ուլտիմատիվ կերպով խոսում էր «ինտեգրացիոն քաղաքականության» մասին։ Ալիևն այսօր դրան նույնիսկ չի անդրադարձել, փոխարենը հայտարարել է, թե «անջատողականները պետք է իմանան, որ երկու ընտրություն ունեն՝ կա՛մ ապրել Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանալ»․ «Մենք ....ծնկի ենք բերել սեպարատիստների գլխավոր ներկայացուցիչներին՝ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ եկել էին Ղարաբաղ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր տարածքներից, ու հիմա նրանցից ոչ ոք չի կարող նույնիսկ քիթը խոթել Խանքենդի կամ այլ տեղ»։ Ղարաբաղի իշխանություններին նա «ծաղրածուներ» և «տզրոիկներ» է անվանել և հայտարարել, իբր Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, ուղղակի «անջատողականները» թույլ չեն տալիս։