Սեպտեմբերի 18-19-ը Երևանի բուսաբանական այգում առաջին անգամ անցկացվելու է «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն և ցուցահանդես վաճառք: Այդ մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նշեց, որ փառատոնին մասնակցելու համար դեռևս գրանցվել են 25 ընկերություններ, բայց վստահ է, որ մասնակիցները դեռ կշատանան:
Փառատոնը վերաբերում է Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտին, որտեղ, ըստ մասնագետների, առկա են բազմաթիվ խնդիրներ: Արսեն Ղազարյանը փաստեց, որ այսօր հայ արդյունաբերողները նախընտրում են հանդես գալ ոչ հայկական բրենդերով: Դրա հետևանքով արդյուանբերողները, Ղազարյանի խոսքով. խուսափում են հարկերից:
«Մենք հագնում ենք իտալական կոշիկ և հագուստ հայկական ծագումով, ժամանակն է, որ մեզ թափ տանք և սկսենք համարձակ մրցել»,- նշեց Արսեն Ղազարյանը:
Ասուլիսին մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը և արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: