Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն իր վրդովմունքն է հայտնել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս տեղի ունեցածի վերաբերյալ: Այս մասին Հացպանյանն այսօր փոխանցել է Epress.am-ին:
«Ես շատ վրդովված եմ Նիկոլի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, ինձ չափից դուրս մտահոգում են դրանք, և ես շատ զայրացած եմ, որ դրսում գտնվող մարդիկ այդ առումով միայն հայտարարություններ են անում: Միգուցե, կան բաներ որ ես չգիտեմ, միակ ինֆորմացիոն հնարավորությունն ինձ համար «Ազատություն» ռադիոկայանն է, որն օրը երեք անգամ եթեր է տալիս, և ես օրը երեք անգամ եմ աշխարհի հետ կապնվում»,- նշել է Սարգիս Հացպանյանը:
Քաղբանտարկյալը տեղյակ չէր, որ թե‘ Նիկոլ Փաշինյանի, թե’ մյուս քաղբանտարկյալների համար վերջին շրջանում մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպվում:
Հացպանյանն իր զարմանքն է արտահայտել այդ կապակցությամբ` նշելով. «Զարմանալի է` ինչու ռադիոն չի ասում այդ մասին»:
Խոսելով քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի մասին` Սարգիս Հացպանյանը նշել է, որ ինքը Սասուն Միքայելյանի հետ երեք ամիս անցկացրել է դատպարտյալների հիվանդանոցում և անհանգստանում է վերջինիս առողջական վիճակի համար:
Սարգիս Հացպանյանը նաև կոչ է արել պայքարող մարդկանց դիմել ամեն վճռական քայլի, «որպեսզի քաղբանտարկյալներն օր առաջ ազատվեն և գնան իրենց տները»:
Լուսանկարը` azatutyun.am-ի