2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր», - ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն չի հաստատել զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը և պնդել է, որ այսօր առավոտյան և ցերեկը Նախիջևանի Սադարակ շրջանի Հեյդարաբադ գյուղը գնդակոծվել է Հայաստանի տարածքից։

«Միաժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Քելբաջարի սահմանին, ադրբեջանական կողմից կորուստներ չկան», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։