ԱԱԾ-ն Բաքվին համատեղ քննություն է առաջարկել. կա վիրավոր, հովիվը հետ է եկել
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի հատվածում այսօր հրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև։
«Հայաստանի քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության», - հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
Ադրբեջանական կողմը, ըստ հաղորդագրության, վերադարձրել է և՛ հովիվին, և՛ մոլորված հոտը։ Հայաստանի ԱԱԾ-ն շեշտել է՝ հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն, և անկախ Ադրբեջանի հետ համատեղ քննությունից՝ Հայաստանի Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական հետաքննությունը․
«Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են հովիվը և հոտը հատել սահմանը», - ասված է ԱԱԾ հաղորդության մեջ։
Սահմանամերձ Ներքին Խնձորեսկի բնակիչներից մեկն, ում տունը գյուղի վերջում է, «
» ռադիոկայանին պատմել է, որ մոտավորապես ժամը 5-ի սահմաններում կրակոցներ են հնչել․ «Մեզանից մի քիչ ձախ էին կրակոցները։ Ներքին Խնձորեսկից ձախ մենք սահման ունենք՝ Կոռնիձոր-Տեղ այդ արանքը։ Ասում են՝ ոչխարից են տարել, կեսը»։ Ավելի ուշ նա հայտնել է, որ ոչխարներին հետ են բերել:Մոլորված հովիվը, տղամարդու խոսքով, Տեղ գյուղից է։ «Նա շատ շներ ունի, շները հարձակվել են էդ պահին թուրքերի վրա, կրակոցներ են եղել։ Եթե ուզում են սարքեն մեր գլխին, կարող ա չէ՞ նաև ասեն՝ վիրավոր ունեն, ի՞նչ ես իմանում, մենք հաստատ իմանո՞ւմ ենք, որ ունեն, ասում են էլի: Ամեն ինչին մենք պիտի պատրաստ լինենք», - ասել է ներքինխձորեսկցին։