Արթուր Օսիպյանը քաղաքական բանտարկյալ է
Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել։
Ղարաբաղցի ընդդիմադիրը ձերբակալվել է Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանին հարցեր տալու համար։ Օսիպյանին մեղադրում են վարչապետի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու (ֆեյսբուքում գրել է, որ Փաշինյանի բմբուլներն օդ է հանելու), նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության համար, այնինչ այս մեղադրանքները, ըստ հրապարակված տեսանյութերի, վերագրելի են ավելու շուտ հենց վարչապետին։
Արթուր Օսիպյանը վերջին տարիներին Ստեփանակերտից հանրային տեղեկատվության եզակի աղբյուրներից էր․ 2018 թվականի հեղափոխությունից հետո նա կոչ էր անում հեռացնել նաև Ղարաբաղի քրեաօլիգարխիկ իշխանություններին, Հայաստանի նոր ղեկավարներին հետագայում քննադատում էր Ղարաբաղի հին կոռուպցիոներներին սատարելու համար։ Բլոկադայի ժամանակ փորձում էր հանրային ինքնակազմակերպում ապահովել միմյանց հետ մրցող կլանների և արտաքին ուժերի ստվերային բանակցություններին այլընտրանք գտնելու համար։
Մայիսի 18-ին Օսիպյանը մոտեցել էր թիկնապահներով շրջապատված Փաշինյանին, որը նախընտրական արշավ էր անում Երևանի Արաբկիր վարչական շրջանում․
<․․․>
Օսիպյան․ — Շատ եք ասում՝ փողը, փողը, փող ենք տվել ղարաբաղցիներին։
Փաշինյան․ — Բա ինչ ենք արել՝ տվել ենք։
Օսիպյան․ — Ո՞ւմ եք տվել։
Փաշինյան․ — Բոլորին։
Օսիպյան․ — Չեք հետևել։ Էտ փողերը գնացել են, նստել են թալանի ջեբը։ Կլանի դեմ պայքարել ենք մենք էնտեղ, դուք էտ կլանը սնել եք միլիարդներով։ Ասում եք՝ փողը ուղարկել եք ժողովրդին։ Ժողովրդին չեք ուղարկել։ Եկել եք Ղարաբաղ, համագործակցել եք կոռուպցիայի հետ, Արայիկ [Հարությունյանին] իշխանության բերելով․․․
Փաշինյան․ — Ինչո՞վ եմ ես իշխանության բերել։
Օսիպյան․ — Արայիկին չեք աջակցե՞լ։
Փաշինյան․ — Աջակցել եմ։ Բայց Ղարաբաղի ժողովուրդը պետք է ընտրեր։
Օսիպյան․ — Մի վայրկյա՛ն։ Բա Արայիկի փող բաժանելը․․․
Փաշինյան․ — Բա ո՞ւմ աջակցեի։
Օսիպյան․ — Ուղղղակի որ չխառնվեիք․․․
Փաշինյան․ — Ի՞նչ եմ արել որ խառնվել եմ։
Օսիպյան․ — Եկել եք Ղարաբաղ 2018 թվին, այդ ժամանակ մարդիկ այնտեղ արդեն ճանապարհներ էին փակել, եկել եք ասել՝ «Բակո Սահակյանը պետք է մնա»։ Էտ մեկը տենց եք գլուշիտ արել։ Ընտրությունների ժամանակ, երբ որ մենք պայքարում էինք էտ թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն էիք հայտնում։ Ու աչք էիք փակում Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա․․․
Փաշինյան․ — Ես ոչ մի բանի վրա աչք չեմ փակել։ Ես չէի գալու Ղարաբաղում իշխանափոխություն անեի։
Օսիպյան․ — Այսինքն՝ 150 միլիարդը ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևե՞լ, թե որտեղ ա գնում։
Փաշինյան․ — Էտ 150 միլիարդից թոշակառուները թոշակ են ստացել՝ ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետությունում։ Նպաստառուները նպաստ են ստացել։ Դու ի՞նչ ես եկել ստեղ ադրբեջանական նարատիվներ տանում։
Օսիպյան․ — Ադրբեջանական նարատիվները դուք եք է տանում։
Փաշինյան․ — Իրա ասելով չի՛։
Օսիպյան․ — Մի քիչ ցածր խոսացեք։ Ձեր դեմը ստեղ ոչ Սերժ կա, ոչ էլ Քոչարյան, որ տենց կեղտում խորացել եք, մատ եք թափ տալիս։
[Փաշինյանի աջակիցները սկսում են լռեցնել Օսիպյանին՝ գոռալով «Նիկոլ վարչապետ»]
Փաշինյան․ — Դուք չեք կառուցել, չեք կառուցել, թալանել եք․․․
Օսիպյան․ — Սուտ եք ասում։
Փաշինյան․ — Ռադդ քաշի, համբալի մեկը․․․ Էս Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ ըլնեն ստեղից, գնան ընդհանրապես․․․ Գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը։ Թալանչի անասուններ․․․ Դու խի՞ ես կենդանի։ Դու խի՞ չես զոհվել։ Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, տականք։ Ինչի՞ ես կենդանի։ Պատերազմը սկսվել ա՝ 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն ա եղել։ Եկել եք, հինգ հազար զոհ եք ասում․․․ Դուք ինչի՞ եք կենդանի։ Ինչի՞ էտ զոհերի մեջ չեք, արա։ Ծպուններդ դուրս չգա, ես լուրջ եմ ասում, ամեն ինչ չափ ու սահման ունի, նեռվերներիս հետ մի խաղացեք, վեր ընկեք տեղներդ։
<․․․>
Օսիպյանին ձերբակալել են հենց այս միջադեպից հետո։

«Արթուր Օսիպյանի արարքում հանցակազմ ՉԿԱ» ակցիայով է արձագանքել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակից, հակաավտորիտար ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին։
«Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի է խճճվում սեփական ֆանտազիաների մեջ: Առնվազն նկատելի է, որ նրա համար ավելի ու ավելի դժվար է դասակարգել որոշ քաղաքացիների, ովքեր համաձայն չեն իր հետ, որպես «իրական Հայաստանի և խաղաղության թշնամիներ»: Թշնամիներ գտնելու պարզ քարոզչական սխեման՝ «նախկին», «ղարաբաղյան կլան» և ՊԱԿ գործակալներ <...> սկսում է խափանվել։ Պատահեց այնպես, որ այս անգամ ճակատագիրը Փաշինյանին դեմ առ դեմ բերեց մի անձի հետ, որը չէր կարող տեղավորվել այս սխեմայի մեջ:
Արդյունքում, Արթուր Օսիպյանը հրապարակավ մեղադրեց Փաշինյանին, որ Հայաստանի վարչապետ ընտրվելուց ի վեր նա ընտրել է Արցախում «ղարաբաղյան կլանի» հետ համագործակցությունը, որը ուղեկցվել է լայնածավալ ֆինանսական խարդախությամբ և հակապետական գործունեությամբ։ Փաշինյանին մեղադրեցին անձամբ ընտրություն կատարելու մեջ՝ Արցախի ժողովրդի և նրա կոռումպացված էլիտայի միջև, կանխելով վերջինիս իշխանությունից հեռացումը 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։ Սա մասամբ արվել է Արայիկ Հարությունյանի գլխավորած Արցախի կոռումպացված էլիտային տրամադրված զանգվածային ֆինանսական աջակցության միջոցով։
Բնական է, որ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը և սրտանց ճիչ արձակեց. «Ինչո՞ւ չմահացար պատերազմում»։ Պետք է բոլորի համար պարզ լինի, որ Արթուր Օսիպյանի այսօրվա ձերբակալությունը սովորական երևույթ չէ։ Սա փորձ է հաշիվ մաքրելու այն մարդու հետ, ով համարձակվել է բացահայտել Հայաստանի վարչապետի քաղաքականության գաղտնիքը, որը հիմք հանդիսացավ Արցախի հետագա ոչնչացման համար», — ֆեյսբուքում գրել է հրապարակախոս Մանվել Սարգսյանը։
Օսիպյանը մի քանի ամիս անց է կացրել նաև Շուշիի բանտում․ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարության կոռուպցիայի դեմ պայքարելու համար նրան նախ հեռացրել էին Արցախի պետական համալսարանից, որտեղ դասախոս էր աշխատում, ապա՝ կալանավորել։
Ավելի ուշ, Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո, Օսիպյանը ազգային-սոցիալիստական կուսակցություն էր հիմնել և հայտարարել Արցախը քրեաօլիգարխիայից ազատելու ծրագրի մասին։ Արտաքին քաղաքականությունում դեմ էր ցանկացած «զիջումներին», ներքին քաղաքականությունում՝ կողմ ստրատեգիկ օբյեկտների, հանքերի, ձեռնարկությունների պետականացմանը։ Հայաստանի նոր իշխանություններն նախընտրել էին այն ժամանակ սատարել Ղարաբաղի հին կլանին՝ ի դեմս Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի։ Օսիպյանը միակ քաղաքական գործիչն էր, որ քննադատում էր այդ որոշումը և շարունակում պայքարը հենց Ղարաբաղի ներսում։ Նրա կուսակցությունը 2019-ից սկսած պահանջում էր հանրային հաշվետություն ներկայացնել, թե ինչի վրա են ծախսվում Ղարաբաղ ուղարկվող սուբսիդիաները, ում բիզնեսներն են ֆինանսավորվում պետական հիմնադրամների միջոցներով և այլն։
Տե՛ս
Դրանք հերոսներ չեն․ Ղարաբաղի ընդդիմադիրը դուրս է եկել ուժայինների դեմ /2019թ․
Հեղափոխությունն արցախցիների համար չէ՞․ ընդդիմադիրը դիմում է Փաշինյանին / 2020 թ․
«Դուք խայտառակ եք, Բակո Սահակյան» / 2020 թ․
«Իշխանությանը գետնով տալ»․ Ղարաբաղում ընդդիմադիրը հիշեց 2018-ի համախմբումը / 2020 թ․
Օլիգարխ նախագահը կորոնավիրուսից վտանգավոր է․ ցույց Ստեփանակերտում / 2020 թ․
2020-ի Արցախը նախկին Հայաստանից բեթար է / 2020 թ․
«Մի երդվի՛ր, չենք հավատում»․ օլիգարխը գլխավորեց Ղարաբաղը / 2020 թ․
2020 թվականի պատերազմից հետո Օսիպյանը նախաձեռնություն էր սկսել՝ Հադրութից և Շուշիից արտաքսված ղարաբաղցիներին փորձելով տեղավորել գեներալների և կոռումպացված պաշտոնյաների առանձնատներում։ Ղարաբաղի պաշարումից հետո մի քանի անգամ փորձել է ժողովրդական մոբիլիզացիա ապահովել։ Շրջափակման վերջին փուլում առաջարկում էր անցնել համաժողովրդական դիմադրության ակցիաների՝ օրինակ, Հայաստանի և Ղարաբաղի կողմից անզեն նստացույց անել Հակարիի կամրջում, որը վերահսվում էր արդեն ոչ թե ռուսական զորախմբի, այլ ադրբեջանական սահմանապահների կողմից։ Ռուս խաղաղապահներին նա մեղադրում էր բլոկադայի վրա փող աշխատելու, Հայաստանի իշխանություններին՝ հայաստանցիներին արցախցիների դեմ տրամադրելու, Հայաստանի ընդդիմությանը՝ արցախցիներին քաղաքական խաղաքարտի վերածելու մեջ։
Տե՛ս
Ոչ հաստիքային ղարաբաղցիները կանչում են փողոց․ զրույցներ / 2023 թ․
Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու / 2023 թ․
Մեզ սպանում են, բացեք ճամփեն. ղարաբաղցիները՝ ռուսներին / 2023 թ․
Ռուս զինվորականները ուժով բացել են բազայի մուտքը․ թարմացվող / 2023 թ․
Օսիպյանին Ղարաբաղի իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի կողմնակից։ «Վերջին հանգամանքը թվում է չափազանց ծիծաղելի։ Եվ հիմա Հայաստանում պարզ է, որ Արթուր Օսիպյանը հարձակման է ենթարկվում ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ նրանց «կատաղի թշնամիների»՝ Արցախի քաղաքական վերնախավի կողմից», — գրել է Սարգսյանը։