Home / Армения / Պատրիկեևը Հայաստանին աշխարհի առաջնությունում ևս մեկ մեդալ բերեց

Պատրիկեևը Հայաստանին աշխարհի առաջնությունում ևս մեկ մեդալ բերեց

Այսօր Մոսկվայում ընթացող աշխարհի ըմբշամարտի առաջնության ընթացքում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևն արծաթե մեդալ նվաճեց` եզրափակիչում պարտվելով 120 կգ քաշային կարգում վերջին տարիների ուժեղագույն ըմբիշ կուբացի Միխան Լոպեսին:

Պատրիկեևը եզրափակիչում զիջեց մրցակցին 3:0, 1:0 հաշվով: Հաղթելով Հայաստանը ներկայացնող ըմբիշին` Լոպեսը 4-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ Պատրիկեևը նույնպես պարտվեց Լոպեսին, սակայն կիսաեզրափակիչում:

Պատրիկեևի մեդալը Հայաստանի համար երկրոդն էր աշխարհի ընթացիկ առաջնությունում. երեկ բրոնզե մեդալ էր նվաճել Ռոման Ամոյանը: