Հետխորհրդային, այդ թվում` հայաստանյան մշակութային, քաղաքական, տնտեսական կառավարման մոդելն ու դրա հետ կապված մտածելակերպը շարունակում են կրել իրենց էությամբ բռնապետական բնույթ: Սա Հայ Ազգային Կոնգրեսի Մշակույթի հանձնաժողովի մշակութային քաղաքականության հիմադրույթներից մեկն է:
Երեկ «Փոքր խորհրդի» հանդիպման ժամանակ վերոնշյալ հիմնադրույթները ներկայացրել է թատերագետ Արա Նեդոլյանը:
Որպես հիմնական խնդիր հանձնաժողովը նշում է հասարակության ապակենտրոնացումը:
«Առհասարակ բռնապետական համակարգն այն է, որ հավակնություն ունի կյանքի բոլոր իմաստները` փաստացի, մշակույթը իր քաղաքական, տնտեսական, արժեքային հարթություններով, արտադրել ինքն իր մեջ, այնուհետ դրանք թելադրել վերևից ներքև: Նման համակարգի առաջին թշնամիներն են ազատությունն ու բազմազանությունը բոլոր ոլորտներում` թե տնտեսական, թե քաղաքական, թե մշակութային», – նշում են մշակութային հանձնաժողովի ներկայացուցիչները:
Նրանք իրենց առջև նպատակ են դրել պատկերացնել, նախատեսել և իրականացնել այդպիսի մի հասարակություն, որտեղ մշակույթ արտադրողը, քաղաքականություն իրականացնողը և տնտեսական կյանքում լիարժեք մասնակցողը ամեն մի քաղաքացին է, ինչպես նաև քաղաքացիների ազատ միավորումները: Այդ հասարակությունը հիմնադրությների հեղինակներն անվանում են քաղաքացիական հասարակություն, իսկ դրան հասնելու հիմնական ճանապարհը ու մեթոդը՝ ապակենտրոնացումն է:
«Կենտրոնացված մեկ ինքնության /պետական, ազգային/ տեղը գալիս են բազմաթիվ ինքնիշխան ինքնություններ, որոնք և իրականացնում են հասարակական կյանքի բոլոր հիմնարար գործառույթները: Քաղաքականությունը առհասարակ, և մշակութային քաղաքականությունը մասնավորապես, կազմված են երկու գործառույթներից՝ ինքնությունների սահմանումից և դրանց մեջ հաղորդակցության հաստատումից: Երբ որ դա արված է՝ մշակութային և ընդհանուր քաղաքականության երրորդ հիմնադիր գործառույթն է դառնում Թարգմանությունը, այսինքն՝ այդ ինքնությունների միջև հաղորդակցության հնարավորության ապահովումը: Այդ դեպքում միայն մշակույթը իբրև հաղորդակցման ձև պահանջված է դառնում հասարակության կողմից, էական բան է դառնում: Պետությունը ինքը չի ստեղծում մշակույթ, չի զբաղվում քաղաքականությամբ, չի մասնակցում տնտեսական կյանքին, այլ՝ ողջունում է նորաստեղծ ինքնությունները, ապահովում նրանց անվտանգությունն ու անձեռնամխելիությունը, ինչպես նաև վավերացնում օրենքների տեսքով նրանց մեջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Պետության հիմնական գործառույթներից է՝ ազատ հանրային վայրերի ստեղծումն ու ապահովումը, նաև՝ մասնավոր սեփականության մասնակի հասանելիության ապահովումը հասարակության համար», – իրենց դիրքորոշումը բացատրում են Հանձնաժողովի անդամները: