Home / Հայաստան / Իրանահայերը Հայաստանում փորձում են փոխել իրենց մասին պատկերացումները

Իրանահայերը Հայաստանում փորձում են փոխել իրենց մասին պատկերացումները

Հայկական սփյուռքը միշտ էլ ձգտել է հայրենիքի հետ ամուր կապեր հաստատել, այնինչ Հայաստան ժամանած իրանահայերը պնդում են, որ տեղի հասարակությանն ինտեգրվելու ճանապարհին մի շարք դժվարությունների են բախվում, գրում է EurasiaNet.org-ը:

Իրանից Երևան ժամանած հայերը հաճախ են նշում, որ իրենք խտրականության զոհ են դառնում: Նրանց խոսքով` իրենք որպես «պարսիկներ» (իրանցիներին հաճախ նաև այդպես են անվանում) ավելի թանկ են վճարում բժշկական սպասարկման, սննդի կամ այլ ապրանքների համար, քան տեղի բնակիչները:

43-ամյա տնային տնտեսուհի Արմինե Դարսբիդյանը, ով 2000 թվականին Հայաստան է եկել Թեհրանից և Հայաստանի անձնագիր ունի, ցավով է նշում, թե դպրոցում ինչպես էին անվանում իր որդուն: Նրա խոսքով` իր զավակին «հարուստ պարսիկ» Էին կոչում` նպատակ ունենալով ավելի շատ գումար կորզել իրենցից դպրոցի բյուջեի համար:

«Ինչո՞ւ պարսիկ: Իմ ընտանիքը մոտ մեկ դար ապրել է Իրանում, բայց միշտ փորձել ենք խուսափել իրանցիներից: Երբևէ նրանցից որևէ մեկին մեր տուն չենք հրավիրել»,-ասել է կինը:

Դարսբիդյանը պատմել է նաև, որ Երևանի հիվանդանոցներից մեկում բուժսպասարկման համար նա կրկնակի գին է վճարել, որտեղ անձնակազմը հայտարարել է, որ իրենք իրավունք ունեն տարբեր գներ և բարձր վճարներ նշանակել օտարերկրացիների համար: Դեպքը տեղի է ունեցել 2008-ին: Հիվանդանոցի ներկայացացուցիչը EurasiaNet.org-ին ասել է, որ Դարսբիդյանից սխալմամբ են բարձր վճար վերցրել հետազոտության համար:

Մեկ այլ իրանցի հայ էլ հաստատել է, որ նման դեպքեր հաճախ են պատահում:
«Այո, այնքան էլ ջերմ վերաբերմունք չի ցուցաբերվում, բայց դա նրանից է, որ մենք մեր ավանդույթներով շատ տարբեր ենք»,- ասել է Իրանում Հայերի միության անդամ Մուրադ Խեչոյանը: Նրա խոսքով` իրենք տարբեր միջավայրերում են ապրում և այս կերպ է շարունակվելու, մինչ տեղի բնակիչները հարմարվեն իրենց:

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, որը հիմնվել է 2008 թվականին` ամրապնդելու հայաստանցիների և սփյուռքահայերի միջև կապերը, այն տեսակետն ունի, թե իրանահայերի կամ սփյուռքի այլ ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականությունը խնդիր չէ:

«Սփյուռքահայություն մեջ կա դժգոհություն, բայց դա սովորական երևույթ չէ», -ասել է Սփյուռքի նախարարության Մերձավոր Արևելքի Հայերի միության բաժնի ղեկավար Արթուր Դումանյանը: Նրա խոսքով` հայերը միշտ էլ սովորություն են ունեցել իրենց շուրջը մարդկանց հավաքել` ըստ իրենց բնակության վայրի, նույնն էլ տեղի է ունենում սփյուռքի հայության շրջանում:

Նախարարությունը տվյալներ չունի, թե որքան իրանահայ է բնակություն հաստատել Հայաստանում 1991 թվականից:  Ոստիկանության տվյալներով սփյուռքահայության թիվը հազարների է հասնում, բայց կոնկերտ թիվ նույնպես չի հաղորդվում:

Հոդվածը տպագրվել է անգլերեն լեզվով EurasiaNet.org կայքում: