Home / Армения / Արոնյանը փայլուն մեկնարկ է վերցրել բլիցի աշխարհի առաջնությունում

Արոնյանը փայլուն մեկնարկ է վերցրել բլիցի աշխարհի առաջնությունում

Այսօր Մոսկվայում մեկնարկեց բլիցի աշխարհի առաջնությունը, որին 20 շախմատիստների թվում մասնակցում է նաև Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը:

Առաջին խաղային օրվա ընթացքում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները 14 տուր անցկացրեցին: Օրվա վերջին երկու շախմատիստներ 10-ական միավոր վաստակեցին՝ Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը: Նրանցից կես միավոր է հետ մնում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: 8,5 միավորով 4-5 տեղերը կիսում են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը և Պետր Սվիդլերը:

Արոնյանն օրն անհաջող սկսեց՝ առաջին երկու տուրերում ոչ-ոքի խաղալով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ և պարտվելով Շահրիյար Մամեդյարովին: Սակայն հետագայում մեր շախմատիստը կարողացավ շտկել իր գործերը՝ մի քանի փայլուն հաղթանակ տոնելով: 8-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կառլսենի հետ, ապա հաղթեց ևս մեկ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին, որից հետո միայն հաղթանակներ գրանցեց մինչև 14-րդ տուրը: Օրվա վերջին՝ 14-րդ տուրում Արոնյանը հանդիպեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Հաղթանակի կամ ոչ-ոքիի դեպքում հայաստանցի գրոսմայստերը միանձնյա կգլխավորեր մրցաշարային աղյուսակը, սակայն անսպասելիորեն պարտվեց, և Կառլսենը, հաղթելով ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին, հավասարվեց Արոնյանին:

Սլովակիան ներկայացնող հայազգի Սերգեյ Մովսիսյանը 5 միավոր է վաստակել և գտնվում է 17-րդ տեղում:

Վաղը շախմատիստները ևս 14 տուր կանցկացնեն: