Home / Հայաստան / Հրապարակվել է Ասանջի սիրային նամակագրությունը

Հրապարակվել է Ասանջի սիրային նամակագրությունը

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը հայտնվել է այն պաշտոնյաների կարգավիճակում, որոնց գաղտնի փաստաթղթերը, այդ թվում` նամակագրությունը, նա դարձրել է հանրային քննարկման առարկա: Հրապարակվել են Ասանջի անձնական նամակագրությունից որոշ հատվածներ: Նամակի բովանդակությունը հրապարակվել է Gawker կայքը:

Դատելով էլեկտրոնային նամակների բովանդակությունից, որոնք Ասանջը 2004 թվականին ուղարկել էր Մելբուրնի համալսարանի ուսանողուհիներից մեկին, ավստրալացին ուղղակիորեն հետապնդում էր աղջկան: Այս ամենը տեղի է ունեցել WikiLeaks կայքի հիմնադրումից երկու տարի առաջ:

33-ամյա Ասանջը հանդիպել է Էլիզաբեթին 2004 թվականի ապրիլին: «Նա ինձ շատ ձանձրալի և լռակյաց թվաց: Նա բացարձակ սեքսուալ չէր: Բայց ամեն դեպքում նրա մեջ  ինչ-որ գրավիչ բան կար»,- խոստովանել է 19-ամյա աղջիկը:

Հաջորդ օրը Ասանջը զանգահարել է նրան, թեև աղջիկն իր համարը չէր թողել: Իսկ Էլիզաբեթի այն հարցը, թե որտեղից է նա գտել իր հեռախոսի համարը` Ասանջը անպատասպան է թողել, ինչը զայրացրել է աղջկան: Այս ամենին հետևել է ավստրալացու նամակը, որտեղ վերջինս մեղադրում է աղջկան արհամարհական վերաբերմունքի մեջ: Մի քանի օր անց նա կրկին զանգահարել է Էլիզաբեթին:

Արդյունքում` աղջիկը խնդրել է իրեն այլևս չանհանգստացնել իրեն: Այդ ժամանակ Ասանջը առաջարկել է նրան շփվել իր կայքում: Եվս մի քանի նամակ գրելով և պատասխան չստանալով` վերջիվերջո Ասանջը զենքերը վայր է դրել:

Էլիզաբեթը չի ասում, թե սպառնալիք է զգացել նրա կողմից. «Ես չեմ կարծում, որ նա վատ մարդ է: Նա շատ զվարճալի տղա է»:

Ասանջի հարաբերությունները կանանց հետ այդ դեպքից հետո նույնպես հարթ չեն ընթացել: Շվեդիայում, ինչպես հայտնի է, նրան մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Հայտնի է, որ Ավստրալիայում նա 20-ամյա տղա ունի, սակայն Ասանջը երբեք ամուսնացած չի եղել, իսկ իր տղայի մոր մասին տեղեկություններ չկան: