Home / Հայաստան / Իրավապաշտպանի գրասենյակի վրա հարձակումներն իշխանության պատվերն են. հայտարարություն

Իրավապաշտպանի գրասենյակի վրա հարձակումներն իշխանության պատվերն են. հայտարարություն

Հունվարի 10-ին հարձակման է ենթարկվել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի աշխատասենյակը: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:

Նշենք, որ վերջին 2 ամսվա մեջ սա 2-րդ հարձակումն է իրավապաշտպանի գրասենյակի վրա: Այս պահի դրությամբ իրավապաշտպանի կողմից դեռևս չի հայտնաբերվել աշխատասենյակից կորած որևէ իր : Նախորդ անգամ` դեկտեմբերի 6-ին, 2010թ. անհայտ անձինք ներխուժել էին գրասենյակ, կոտրել փաստաթղթերը պահելու համար նախատեսված պահարանների դռների կողպեքները, տարել համակարգչի մոնիտորը և արբանյակային հեռուստաալիքների կոդազերծող սարքը: Գրասենյակում գտնվող  գումարը հարձակման մասնակիցները չեն վերցրել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Տարածած հայտարարության մեջ Հելսինկյան Ասոցիացիան համոզմունք է հայտնում, որ նախկինում կատարված նմանատիպ դեպքը չի բացահայտվում ոստիկանության անգործության պատճառով և որ այս վերջին նմանատիպ դեպքն էլ չի բացահայտվելու:

«Հելսինկյան Ասոցիացիան հայտարարում է, որ վերոհիշյալ հարձակումները իշխանության պատվերն է, որն ուղղված է միմիայն Արտակ Զեյնալյանի իրավապաշտպան գործունեության դեմ: Այս տեսակ քայլերը նպատակ են հետապնդում խոչընդոտել իրավապաշտպանի գործունեությանը», – նշված է հայտարարության մեջ:

Արտակ Զեյնալյանը հանդիսանում է «Իրավաբաններն ընդդեմ բռնությունների» հասարակական կազմակերպության համակարգող, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայության անգործությունը դատական կարգով վիճարկող իրավահաջորդների, ինչպես նաև 2010թ. ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Զեյնալյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացրել է մի շարք գործեր, այդ թվում նաև` «Մելտեքս» ՍՊԸ  և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ:

Լուսանկարը` azatutyun.am