Home / Հայաստան / ՀԱԿ-ը ցանկացած պահի կարող է որոշել հանրահաք անցկացնել Ազատության հրապարակում

ՀԱԿ-ը ցանկացած պահի կարող է որոշել հանրահաք անցկացնել Ազատության հրապարակում

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկվել է փետրվարի 18-ի հանրահավաքի հետ կապված նախապատրաստական աշխատանքները, սոցիալական բողոքների և բողոքողների խմբերի հետ աշխատանքների միջոցները: Նիստում ՀԱԿ-ի քաղխորհուրդը նաև ընդունել է հանրակրթության ծրագիրը:

Հանրակրթության ծրագրի բուռն քննարկումից հետո աշխատանքային խմբին տրվել է մեկ շաբաթ ժամանակ` խմբագրական աշխատանքն անցկացնելու համար, որից հետո արդեն այդ ծրագիրը կհրապարակվի մամուլում: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Խոսելով մարզային հանդիպումների մասին` ՀԱԿ համակարգողն ասել է, որ այդ հանդիպումները շատ ինտենսիվ և շատ ակտիվ են անցնում, իսկ առկա տրամադրությունները նա բավական հուսադրող է համարել: Ըստ Զուրաբյանի` ոչ միայն ՀԱԿ ակտիվիստները, այլև ժողովրդի ավելի լայն զանգվածները ցանկանում են միանալ ՀԱԿ-ի կազմակերպած բողոքի ակցիաներին և հանրահավաքներին:

«Դա թույլ է տալիս կանխագուշակել, որ մեզ սպասում են բավականին հետաքրքիր իրադարձություններ»,- ասել է Զուրաբյանը:

Խոսելով հանրահավաքի նախապատրաստական այլ աշխատանքների մասին` Զուրաբյանն ասել է, որ, առաջին հերթին, պետք է լուծվի իրազեկման խնդիրը, քանի որ իրենք զրկված են հեռուստատեսությամբ տեղեկատվություն տարածելու հնարավորությունից: «Այսինքն գործում ենք ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում, ուստի մեր միջոցը թերթերի միջոցով, թռուցիկների միջոցով ժողովրդին տեղյակ պահելն է: Սա է հիմնական խնդիրը»,- ընգծել է Զուրաբյանը:

Վերջինս հաստատել է, որ հանրահավաքը տեղի է ունենալու Մատենադարանում: «Իսկ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու որոշումը կարող է  ընդունվել ցանկացած պահի: Կարող է լինել փետրվարի 18-ին, կարող է լինել  մարտի մեկին, կարող է  լինել ցանկացած օր, երբ մենք նպատակահարմար կհամարենք դա անել»,- հավելել է Զուրաբյանը: