Home / Հայաստան / ՄԱԿ-ը խնդրել է բիզնես-ծրագիր ներկայացնել. առևտրականները դա անհնար են համարում

ՄԱԿ-ը խնդրել է բիզնես-ծրագիր ներկայացնել. առևտրականները դա անհնար են համարում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մարդկանց ներկայացուցիչներին ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:

Հանդիպմանը ներկա առևտրական Նարինե Վարդանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք Գերչևային մանրամասնորեն ներկայացրել են խնդիրը:

«Նա մեզ լսեց, սակայն ասաց, որ իրենք չեն այն օղակը, որ կկարողանա հարցին լուծում տալ: Ամեն դեպքում, նա խոստացավ, որ ՀՀ կառավարության հետ հանդիպման ժամանակ այդ հարցի մասին իրենք անպայման կբարձրաձայնեն: Նա նաև ասել է, որ եթե 6000 հոգով բիզնես պլան ներակայացնենք, կկարողանան մեզ օգնել»,- ասել է Նարինե Վարդանյանը:

Վերջինս, սակայն, համոզված է, որ նման ծրագիր իրենք չեն կարող իրականացնել, քանի որ առևտրականները տարբեր տարիքի են և զբաղվում են տարբեր տեսակի առևտրով:

Քաղաքապետարանի խոստումները, թե տարածք կգտնեն առևտրականների համար, Նարինե Վրադանյանը համարում է սուտ խոստումներ, որոնք միտված են իրենց բողոքը կասեցնելուն:

«Մինչև քաղքապետարանը տարածք կգտնի, մենք ինչքան կարող ենք երեխային ասել սոված մնա, ինչքան կարող ենք հոսաքնի վարձը չմուծել»,- վրդովված նշել է Նարինե Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ առևտրականների բողոքի հաջորդ ակցիան կկայանա փետրվարի 17-ին, ժամը 10.00-ին` կառավարության շենքի մոտ:

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ցույցը սկսել են ՀՀ կառավարության շենքի մոտ, ապա երթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: