Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ԿԲ աշխատակիցների հետ քննարկել է գնաճի խնդիրները

Սերժ Սարգսյանը ԿԲ աշխատակիցների հետ քննարկել է գնաճի խնդիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և դրամավարկային կոմիտեի անդամների հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հանդիպման մասնակիցները քննարկել են գնաճի ներկա զարգացումների առանձնահատկությունները, գնաճը պայմանավորող հիմնական գործոնները, այդ թվում` միջազգային ապրանքային շուկաներում պարենային և հումքային ապրանքների գների միտումները և ազդեցությունը ներքին ապրանքային շուկաների վրա:

Կարևորվել են գնաճի զսպման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում` դրամավարկային քաղաքականության դերն ու հնարավոր ազդեցությունները: Դիտարկվել են նաև աշխարհում դրամավարկային քաղաքականության ժամանակակից մարտահրավերները, քաղաքականությունների հնարավոր ճշգրտման ուղղությունները և այս զարգացումների հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: