ՀՀ իշխանությունները պատրաստ են քննադատություններ, առաջարկություններ լսել: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ զարգացումներ է ակնկալում գարնանը:
«Միայն թե այդ քննադատությունը և առաջարկություններն ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն, կյանքում օգտագործելի լինեն, այլ ոչ թե այդ քննադատություններն ու առաջարկություններն արվեն, որպեսզի դրանցով շահարկեն, կարողանան էլեկտորատ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ գործընթացների վրա ազդել: Թեև դա էլ է նորմալ երևույթ: Ընդդիմության դերը կայանում է հենց նրանում, որպեսզի տեսնի խնդիրները, քննադատի և հաջորդ ընտրություններում ունենալով կողմնակիցների մեծ բանակ` դառնա իշխանություն և այսպես շարունակ», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում:
«Համարում եմ, որ գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձևաչափեր են ձևավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն: Հանրահավաքներն անցնում են կոռեկտության սահմաններում, և ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն: Ասածս որպես ռևերանս չընդունեք, բայց, փա՛ռք Աստծո, շատ պարագաներում և՛ այս կողմում, և՛ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, գիտեն, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա Հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների և քաղաքական նկրտումների միջև: Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերխնդիր: Իհարկե, այդպիսի նպատակներ պետք է լինեն, հակառակ պարագայում տարօրինակ կլիներ քաղաքական գործունեությունը, բայց նորից եմ կրկնում, մենք բոլորս պետք է հստակ տեսնենք այդ սահմանը, բոլորս` յուրաքանչյուրս, պետք է մեր հերթին անենք ամեն ինչ, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն», – հայտարարել է երկրի ղեկավարը:
Նա նշել է, որ փոփոխությունները միշտ պրոբլեմատիկ են լինում, միշտ ցավոտ են լինում, և, իհարկե, ցանկացած քաղաքական ուժ փորձում է այդ խնդիրները ծառայեցնել իր նպատակներին:
«Մյուս կողմից էլ պետք է ասեմ, որ մենք շարունակելու ենք փոփոխությունները. նոր զարգացումներ են լինելու ոստիկանությունում, դատաիրավական, մաքսային, հարկային համակարգերում, և այդ փոփոխություններն ի վերջո բերելու են նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների` ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել, թե ում է քվե տալիս: Վստահ եմ, որ մեր երկրում զարգացումները լինելու են շարունակական, տևական և այդ զարգացման արդյունքում ունենալու ենք ժողովրդավար երկիր: Սա՛ է մեր նպատակը, և մենք մեր նպատակին հասնելու ճանապարհին լինելու ենք հաստատակամ», – ասել է ՀՀ նախագահը: