Home / Հայաստան / Ապրիլի 2-ին Երևանում «Հեղաֆորում» կկազմակերպեն

Ապրիլի 2-ին Երևանում «Հեղաֆորում» կկազմակերպեն

Ապրիլի 2-ին, ժամը 11:00-ին Երևանում Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում «Հեղաֆորում» քաղաքացիական խմբի նախաձեռնողները հանդիպում-քննարկում են կազմակերպելու:

«Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մտահոգված ենք մեր պետության ներկայով և ապագայով: Մեր երկրում շարունակաբար ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը, արժանապատիվ և ազատ կյանքը: Ընտրելով անտարբեր և լուռ, պասիվ ու հնազանդ կեցվածք` մենք միայն նպաստում ենք առկա հիմնախնդիրների խորացմանը: Մեր մտահոգությունը կիսողներին հրավիրում ենք քաղաքացիական Հեղաֆորումի՝ ուժերը մոբիլիզացնելու և ռեալ փոփոխությունների հասնելու համար»,- ասված է խմբի` Facebook սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ:

Նախաձեռնողները նշում են, որ քաղաքացիական հեղաֆորումի աշխատանքային մեթոդը բաց տարածքի սկզբունքն է: Զեկուցողներ ու կանխորոշված թեմաներ չկան: Լինելու են մոդերատորներ, որոնք օգնելու են առավելագույնս արդյունավետ վարել գործընթացը: Բոլոր մասնակիցները հավասար հնարավորություն են ունենալու ներկայացնելու իրենց գաղափարները, վերլուծություններն ու առաջարկները: