Home / Հայաստան / «Ես էլ +1». Բողոքի ակցիա` Կաթողիկե եկեղեցու մոտ (ՖՈՏՈ)

«Ես էլ +1». Բողոքի ակցիա` Կաթողիկե եկեղեցու մոտ (ՖՈՏՈ)

«Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը, որը մոտ երեք շաբաթ առաջ Facebook սոցիալական ցանցում ստեղծել է «Կաթողիկեի մոտ շինարարության դեմ բողոքի ակցիայի» էջ, այսօր Երևանի կենտրոնում գտնվող սուրբ Կաթողիկե եկեղեցու մոտ նախաձեռնել էր բողոքի ակցիա: Ավելի վաղ ակցիայի նախաձեռնողները հայտարարություն էին տարածել, որում ասված էր հետևյալը.

«Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ Կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թե նոր եկեղեցու, թե նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավականին ակտիվ ճարտարապետություն, որը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցուն»:

Նշենք, որ եկեղեցու տարածքում այսօր հավաքվել էին մոտ հարյուր երիտասարդներ` ձեռքներին ունենալով բազմաթիվ պաստառներ տարբեր կարգախոսներով, մասնավորապես` «Նստավայր չեմ ուզում, այգի եմ ուզում», «Մեկ կաթողիկոս, մեկ նստավայր», «Ո’չ Կաթողիկեի այլանդակմանը», «Մեզ պետք չի սրբազան երկնաքեր»: «Հիմա» նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մինչև այս շինարարությունը սկսելը, այստեղ լեզվի ինստիտուտն էր, որը բավականին գեղեցիկ շենք էր, որը քանդեցին: Հետո մենք գիտենք, որ տեղում կարող է այգի լինել և միայն եկեղեցու համար են քանդել, որպեսզի երևա, հետո տեսանք, որ գտնվեցին ինչ-որ բարերարներ, որոնք առաջադրեցին իրենց պայմանները` անհասկանալի և անիմաստ մի պրոյկետի իրականացնում, որին դեմ ենք: Մենք պաշտոնապես դիմել ենք մշակույթի նախարարությանը, որը այս նախագիծը պետք է հաստատի: Մենք գիտենք, որ որևէ նախագիծ չկա, ճարտարապետների միության նախագահն էլ էր վերջերս ասել, մենք հիմա սպասում ենք պատասխանին, թե որ նախագծով են էս շինարարությունն իրականացնում, մենք գիտենք, որ նախագիծը չկա, հետևաբար էս շինարարությունը ապօրինի է»:

Նշենք, որ ակցիային մասնակցում էին ոչ միայն նախաձեռնության հեղինակները, այլև ուսանողներ, տարեց մարդիկ, արտասահմանից միացած մարդիկ, Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները: Ակցիային միանալ ցանկացողները թղթի վրա գրում են «Ես էլ» կամ «Ես էլ +1» և թուղթը պարզած կանգնում մյուսների կողքին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իրենց հետագա քայլերը կլինեն ըստ արձագանքի:

«Մի քանի ակցիաներ ենք նախատեսում, հնարավոր է ստորագրահավաք լինի` դատարան դիմելու համար, որ այդ ապօրինի շինարարությունը դադարեցնեն», -նշել է նա: