Home / Հայաստան / Ադրբեջանի նախագահն արգելել է Վենետիկի բիենալեին իսլամիստական գործեր ցուցադրել

Ադրբեջանի նախագահն արգելել է Վենետիկի բիենալեին իսլամիստական գործեր ցուցադրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեին ցուցադրել քանդակագործ Այդան Սալախովայի երկու քանդակները, որոնք ներկայացված են եղել ազգային տաղավարում, հայտնում է Lenta.ru-ն: Քանդակներն Ալիևին իսլամիստական են թվացել: Քանդակներից մեկը կոչվում է «Հարսնացուն»` կին, որի  սև փարանջայի տակից միայն ձեռքի դաստակներն են երևում, իսկ մյուսը` «Սև քարը»:

Արգելքի պատճառը մոտավորապես այսպես է ձևակերպվել. «Աշխարհիկ պետությունն իրեն չի կարող թույլ տալ ներկայացված լինել Արևելքի ենթարկվող  կնոջ կերպարով»:

Միաժամանակ «Սնոբ»-ում տեղադրված հոդվածին հետևող մեկնաբանություններում նկարիչ Յուրի Ավակումովը մեջբերում է հենց Այդան Սալախովայի հաղորդագրությունը, որը հերքում է գրաքննության փաստը: Համաձայն այդ հաղորդագրության, քանդակները դուրս են հանվել ցուցադրությունից «փոխադրման ժամանակ առաջացած վնասների պատճառով»: «Քանդակները հնարավոր կլինի տեսնել մի փոքր ավելի ուշ, երբ դրանք վերամշակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այդան Սալախովան ապրում և աշխատում է Մոսկվայում: 1992 թվականին Ռուսաստանում բացել է «Այդան» անունը կրող ժամանակակից արվեստի առաջին  ցուցահանդեսը: