2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Ամերիկայում գործող հայկական մաֆիոզ խմբավորման պարագլուխ, «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (մականունը` Պզո) մեղավոր է ճանաչվել դրամաշորթության մեջ: Վերջինս տվյալ մեղադրանքով բանտում կանցկացնի 37 ամիս:
Դատարանի վճռի համաձայն, սահմանված պատժաժամկետի ավարտից հետո Արմեն Ղազարյանը կարտաքսվի երկրից: Նա մեղավոր է ճանաչվել իր հանցավոր հեղինակությունն օգտագործելու և 100 հազար դոլար պարտքի դիմաց կրկնակի գումար վերցնելու մեջ, գրում է The New York Post-ը:
Երեկ Մանհեթենի դաշնային դատարանում կայացած դատական նիստի ընթացքում 47-ամյա Ղազարյանը խոստովանել է, որ «դրամաշորթությամբ զբաղվող կազմակերպության մաս է կազմում»:
Նա նաև խոստովանել է, որ հեռախոսազրույցի ընթացքում անձամբ ոմն Վարուժան Ամրոյանից 2006-2010 թվականների ընթացքում 100 հազար դոլար է պահանջել և հետագայում ստացել: Ամրոյանն այդքան գումար է պարտք եղել Ղազարյանին, և, դատարանի փաստաթղթերի համաձայն, Ղազարյանը Ամրոյանից սույն գումարը պահանջել է արտասահմանում բնակվող մեկ այլ «օրենքով գողի» օգնությամբ, որի անունը չի նշվում: Տեղեկանալով, որ Ամրոյանն առանց իրեն պարտքը վճարելու զբոսանավ է գնել` Ղազարյանը կարգադրել է Ամրոյանից վերցնել այն: Զբոսանավի գինը գերազանցել է պարտքի գումարը:
Դաշնային Բյուրոյի աշխատակիցներին հաջողվել է ձայնագրել Ղազարյանի հեռախոսային սպառնալիքներն անցյալ տարի Medicare-ի գործը հետաքննելու ընթացքում:
Հիշեցնենք, որ 2010 թվականի տարվա հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում իրավապահ մարմինները բերման էին ենթարկել Արմեն Ղազարյանի գլխավորությամբ գործունեություն ծավալող հանցավոր խմբավորմանը, որոնք գոյություն չունեցող հիվանդանոցների ցանցի միջոցով միլիոնավոր դոլարներ էին կորզել Medicare ապահովագրական հիմնադրամից: Նրան մի քանի մեղադրանք էր առաջադրվել` դրամաշորթություն, ապահովագրական ոլորտում մեքենայություններ, բանկային հաշիվների հետ կապված մեքենայություններ, փողերի լվացում, անձը հաստատող փաստաթղթերի գողություն, կրեդիտային քարտերի հետ կապված մեքենայություններ, իմիգրացիոն ոլորտում իրականացված մեքենայություններ:
Դրամաշորթությունն առաջին մեղադրանքն է, որը հաստատվել է դատարանի կողմից: Մյուս մեղադրանքների հաստատման դեպքում Ղազարյանը կարող է դատապարտվել 20 տարվա կամ նույնիսկ ցմահ ազատազրկման: